Ազգային կոխ` Երեւանի հենց կենտրոնում

Այսօր Հյուսիսային պողոտան կարճ ժամանակով վերածվել էր հինավուրց Հայաստանի:
Բանն այն է, որ ցուցադրվում էր ազգային կոխ: Դհոլ-զուռնայի ուղեկցությամբ երիտասարդ ըմբիշները մտնում էին ասպարեզ, պարում, կոխ բռնում եւ միմյանց տապալում գետնին կամ գոնե պահում գլխավերեւում` հաղթողի կոչմանն արժանանալու համար:Չնայած ամեն ինչ իրականին շատ մոտ էր, բայց իրականում ելույթները ցուցադրական էին, եւ ոչ ոք դեմքով «չփորձարկեց» գետնի ամրությունը:

Կոխի մարզիչ Բագրատ Երիցյանն ասում է, որ թեեւ հայկական կոխը շատ հին պատմություն ունի (ավելի հին, քան որոշ արեւելյան մարտարվեստներ), սակայն ժամանակի ընթացքում այն բավականին շատ փոփոխություններ է կրել: Հատկապես խորհրդային տարիներին ազգային այս մարզաձեւը գրեթե մոռացության եզրին է եղել:

«Նույնիսկ հիշատակումներ կան, որ հայուհիներն էլ են գոտեմարտել` տարազի տակ թաքցնելով իրենց արտաքինը, եւ դարձել են կոխի հաղթողներ»,- պատմում է պարոն Երիցյանը եւ ցավով նշում, որ այս գեղեցիկ մարզաձեւը չի ներկայացվում այնպես, ինչպես հարկն է: Նրան մասնավորապես դուր չի գալիս այն, որ մարզիկները գոտեմարտում են կիմանոյով, եւ եթե հայկական երաժշտություն չլինի, գլխի չես էլ ընկնի, որ դա կոխ է, այլ ոչ թե ճապոնական որեւէ մարտաձեւ:

Կոխի ամենակարեւոր նախապայմաններից են հայկական տարազն ու դհոլ-զուռնան, որոնք նույնպես մարզիկներին ուժ են հաղորդում:

17-ամյա Հովհաննեսը ՀՊՃՀ-ի ուսանող է եւ արդեն 2 տարի է` զբաղվում է կոխով, սակայն այն իր համար բացահայտել է միայն 2 տարի սամբո եւ ձյուդո մարզվելուց հետո: «Մրցումների շատ եմ մասնակցել, հաղթել եմ, պարտվել եմ: Շատ եմ սիրում: Տարբերությունն այն է, որ սամբոյի կամ ձյուդոյի մեջ միայն կռվել ես սովորում, իսկ կոխում` ե՛ւ կռվել, ե՛ւ պարել»,- ասում է Հովհաննեսը եւ ավելացնում, որ կոխում իր ամենասիրած հնարքն այն է, որ մրցակցի գոտկատեղից բռնում է եւ իր կոնքի վրայով գետին տապալում:

Իսկ հայկական երաժշտությունն ու պարերն ապահովում էր «Կարին» ազգագրական պարի համույթը` Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Կոխ բռնողներն ու ոտնահարվածներով գետինը շարժող պարողները փոխարինում էին միմյանց:

«Ինչքան էլ ուրախանանք այսօրվա «պլպլան» հաջողություններով, այնուամենայնիվ դրանք իրենց արժեքը կկորցնեն, եթե մենք չենք պատրաստում մեր վաղվա քաղաքացուն, ով ապրելու է այս երկրում: Կարծում եմ` կարեւոր է նրանց մեր մարզաձեւերով եւ մշակույթով դաստիարակելը: Իհարկե, լավ է, որ դրսինը վերցնենք, պատվաստենք մերի վրա, բայց ոչ թե եղածը բնից արմատախիլ անենք»,- ասում է Գագիկ Գինոսյանը եւ վստահեցնում, որ թույլ մարդիկ են նրանք, ովքեր կարծում են, որ այսօրվա երիտասարդները ձգտում են դեպի այլ մշակույթներ. պետք է պարզապես նրանց սովորեցնել:

Որպեսզի միջավայրն ամբողջությամբ հայկական լիներ, տիկին Անուշը բերել էր հայկական քաղցրավենիք` պատրաստված փոխինձից, շաքարից եւ կարագից: Հմուտ տիկինն ասում է, որ շաքարի փոխարեն կարելի է նաեւ մեղր կամ դոշաբ օգտագործել: Այնպես որ` կոխ բռնող ամրակազմ տղաների համար շատ տեղին էր այդ սննդարար քաղցրավենիքը:

Ծովինար Կարապետյան

Комментарии закрыты