Ըմբշամարտը դպրոցում. Աշակերտների վարքի կանոնները ըմբշամարտի պարապմունքներին

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Ըմբշամարտը այնպիսի մարզաձև է, որտեղ գոյություն ունի մենամարտ և աշակերտների միմյանց հետ շփվելու անմիջականություն, որը չկա դպրոցական ծրագրում տեղ գտած ոչ մի ուրիշ մարզաձևում, ուստի ըմբշամարտի դասի արդյունավետությունը մեծ մասամբ պայմանավորված է նաև աշակերտների վարքով, նրանց կարգապահությամբ։

Ըմբշամարտի դասին կարգապահություն ասելով պետք է հասկանալ ըմբիշի կողմից կատարվող գործողությունների ինքնահսկումը, այսինքն դա ընդունակություն է, որտեղ կան որոշակի պահանջներ հանդեպ կատարվող շարժումը և պարապմունքն ընդհանրապես։

Ըմբշամարտի դասերին բարձր հուզականության, նյարդային գրգռվածության առկայությունը գործնականում ավելի մեծ պահանջներ է դնում կարգապահության վարքի կանոնների պահպանման և երեխաների մոտ դրա դաստիարակման նկատմամբ։

Ըմբշամարտի դասերին կարգապահությունը մեծ մասամբ դաստիարակվում է ուսումնամարզական գոտեմարտերի ժամանակ, որոնք իրենց պարտադիր տեղն ունեն 7 — 10-րդ դասարանների ուսումնական ծրագրում։ Ինչ խոսք, այն դաստիարակվում է նաև որևէ տեխնիկական հնարք ուսուցանելիս։ Վարքի կանոնների դաստիարակման հարցերը շոշափելիս ուսուցիչը պարտավոր է գիտենալ ըմբշամարտի մրցումների կանոնները և դրանց համապատասխան էլ դասի ընթացքում լուծի կարգապահական հարցերը։ Օրինակ, եթե աշակերտը գոտեմարտելիս կամ հնարք կատարելիս այնպիսի բռնվածք է կատարում, որով կարող է վնասվածք պատճառել վարժընկերոջը, անհրաժեշտ է դադարեցնել գոտեմարտը, բացատրել այդ բռնվածքի բացասական հետևանքը, ուսուցանել ճիշտը։

Եթե ուսումնա-մարզական գոտեմարտերի ժամանակ ուսուցիչը աշակերտներից որևէ մեկի կողմից նկատում է որոշակի «կոպտություն» կամ անթույլատրելի հնարքի կատարում, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել գոտեմարտը և բացատրել, որ թույլ տված կոպտությունը կարող է վնասվածք առաջացնել երկուսին միաժամանակ ցուցադրելով ճիշտը, որը համապատասխանում է ըմբշամարտի դասական ոճի կանոններին։ Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչը պետք է գիտակցի, որ ըմբշամարտի դասին աշակերտներից չուրաքանչյուրի կողմից վարքի կանոնների խախտումը բացասաբար կանդրադառնա ամբողջ դասարանի վրա, բացի դրանից դա բնորոշում է նաև աշակերտների դեպի ուսուցիչը ունեցած հարգանքը։ Բացի վերը նշվածներից, ինչ խոսք, վարքի կանոնների ապահովումով է պայմանավորված դասի ընթացքում մանկավարժական ժամանակի չարդարացված կորուստը, նրա բարձր խտությունն ու արդյունավետությունը։

Комментарии закрыты