Ըմբշամարտը դպրոցում. Արագաշարժությունը և նրա մշակումը

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Ըմբշամարտում արագաշարժությունը որևէ շարժում, հնարք, հակահնարք կատարելու կարողությունն է հնարավորին չափ կարճ ժամանակամիջոցում։ Քանի որ ըմբշամարտի շատ գործողություններ կատարվում են նույնիսկ միլիվայրկյանների ընթացքում, ուստի այս հատկության ոչ բավարար մակարդակը կիջեցնի հնարքների կատարման արդյունավետությունը։ Իզուր չէ, որ գոտեմարտի ժամանակ արդյունքի է հասնում այն ըմբիշը, որն իր հակառակորդից արագ է գործում նույնիսկ վայրկյանի հարյուրերորդական մասով արագ։ Ըմբիշի արագաշարժությունը մեծ մասամբ պայմանավորվում է նրա նյարդային պրոցեսների շարժունակությամբ, այսինքն հակառակորդի նույնիսկ չնչին փոփոխվող շարժումների հանդեպ ունեցած զգացողությամբ։ Պետք է կարողանալ ճիշտ և արագ գնահատել վարժընկերոջ առաջարկած իրավիճակը և ժամանակին կատարել տեխնիկական հնարքը։

Արագաշարժության մշակումը հաջող կընթանա այն ժամանակ, երբ ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչը հաջողությամբ է կիրառում հետևյալ մեթոդական հնարքները՝

  1. Վարժությունների կատարումը հեշտացրած պայմաններում: Գործողության և շարժումների բազմաթիվ կրկնությունները հեշտացրած պայմաններում և հնարավորին չափ մեծ արագությամբ։ Օրինակ, հնարքի կատարում կամ գոտեմարտ համեմատաբար փոքր սեփական մարմնի քաշ ունեցող վարժընկերոջ հետ, վազք թեք տարածության վրա, փոքր քաշ ունեցող լցված գնդակի նետում և այլն։
  2. Վարժությունների կատարումը անսպասելի հրահանգների ներքո: Այս դեպքում աշակերտին առաջարկում է կատարելու հնարավորին չափ մեծ արագությամբ գործողություն, որտեղ պետք է պատասխանի ուսուցչի կողմից տրված անսպասելի ազդանշանին կամ հրահանգին։ Ազդանշանը կարելի է հաղորդել խոսքով, ծափի միջոցով կամ սուլոցով։ Երբեմն, եթե հնարավորություն կա, անհրաժեշտ է կիրառել տարբեր պայմանական շարժումներ ձեռքերով, ոտքերով, իրանով, այսինքն ներգործել ոչ թե լսողական այլ տեսողականի վրա, որն ավելի յուրահատուկ է ըմբշամարտին։ Այսպես աշակերտը տեսնելով ուսուցչի աջ ձեռքը, արագ կատարում է գցում մեջքի վրայից։

Ըմբշամարտի դասերին արագաշարժությունը մշակող ընդհանուր վարժություններ կարող են հանդիսանալ.

  1. 8—10 մ մաքսիմալ արագության վազք ցածր մեկնարկից «մարշ» հրահանգի տակ (կրկնել 6— 8 անգամ)
  2. Առավելագույն արագության վազք 15—20 մ (կրկնել 6—8 անգամ)
  3. Առավելագույն արագության վազք 30—60 մ (կրկնել 2— 4 անգամ)
  4. Հեռացատկ տեղից։
  5. Եռացատկ տեղից։

Ըմբշամարտի դասին արագաշարժությունը մշակելու համար օգտակար է կարճատև խաղերի կազմակերպումը, հատկապես բասկետբոլ, ռեգբի ծնկած դրությամբ, ֆուտբոլ և այլն։

Արագաշարժությունը մշակող նմանողական վարժություններ

  1. Շրջում արտակորվելով, ձեռքերը բռնած, բանալի հնարքի նմանակում։
  2. Շրջում գլորումով մեկ ձեռքով բռնած բանալի, իսկ մյուսով՝ հակառակորդի իրանը։
  3. Շրջում բռնած երկու ձեռքով հակառակորդի իրանը հնարքի նմանակում։
  4. Գցում արտակորվելով հնարքի նմանակում։
  5. Գցում մեջքի վրայից հնարքի նմանակում։
  6. Փոխադրում, սուզվելով բռնած պարանոցը և իրանը հնարքի նմանակում։
  7. Գցում պտտվելով հնարքի նմանակում։

Վերը նշված բոլոր նմանողական վարժությունները կարելի է կատարել ինչպես առանց վարժակցի, վարժընկերոջ հետ, այնպես էլ ըմբշամարտի խրտվիլակներով։

Комментарии закрыты