Ըմբշամարտը դպրոցում. Գոտեմարտելու հնարքները չորեքթաթ դրությունում

Ունակությունների և հմտությունների ձեռք բերումը: Գոտեմարտելու հնարքները չորեքթաթ դրությունում:

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

1. Շրջում «բանալիով» կզակը բռնելով

Վարժընկերոջ աջ ձեռքը բռնել «բանալիով» և նրան հրելով տեղափոխել փորի վրա։ Կրծքով ամուր հպվելով հակառակորդին, թողնելով բռնած ձեռքի արմունկը, պաշտպանվողի թևատակից վրայով անցնել դեպի ձախ կողմը։

Անցում կատարելիս անհրաժեշտ է պաշտպանվողի բռնած ձեռքը ձգել դեպի իրեն-ձախ, միաժամանակ գործելով աջ ձեռքի նախաբազուկով, ճնշում գործադրել բռնած ձեռքի ուսի վրա՝ դեպի աջ-ներքև։

Նկար 27

Նկար 27

 

Անցնելով դեպի ձախ կողմը, ձախ ձեռքով հենվել գորգին հնարավորին չափ պաշտպանվողի գլխին մոտ, բռնած ձեռքը ձգել իրեն՝ ձախ-ներքև, միաժամանակ անհրաժեշտ է հակառակորդից հեռանալ դեպի ձախ (նկ. 27 ա,բ):

Երբ պաշտպանվող ըմբիշը ձախ ուսով հպվում է գորգին, անհրաժեշտ է կոնքը բարձրացնել, աջ ուսն իջեցնել ներքև, ճնշում գործադրել բռնած ձեռքի վրա, տանել կողմ այնպես, որպեսզի իրանի հետ ստեղծվի ուղիղ անկյուն, իսկ ոտքերով շրջան կատարել դեպի ձախ։ Ձախ ձեռքով բռնելով պաշտպանվողի կզակը, նրան շրջել մեջքի վրա (նկ. 27 գ)

Հնարքի պաշտպանությունը

Նախ անհրաժեշտ է չորեքթաթ դրությունից չտեղափոխվել փորի վրա (սա հեշտացնում է հարձակվողի հնարավորությունները)։ Իսկ եթե պաշտպանվողը գտնվում է փորի վրա, անհրաժեշտ է ազատ ձեռքով (ձախ) հենվել գորգին, պառկել կողքի, ոտքը թողնելով ետ՝ հարձակվողի ոտքերի մեջտեղում։

Հակահնարքներ

1. Գցում մեջքի վրայից, բռնելով ձեռքերը ուսի վրայով: Երբ հարձակվող ըմբիշը փորձում է կատարել «բանալի» բռնվածք կամ արդեն բռնել է, պաշտպանվողը պետք է աշխատի մնալ ծնկած դրությամբ (ոչ փորի վրա), որից հետո իր աջ ոտքի ծնկով հնարավորին չափ արագ տեղափոխվելով ձախին մոտ, միաժամանակ կոնքը պտտում այնպես, որ հարձակվողը նստած լինի իր մեջքին: Պաշտպանվողը հարձակվողի կողմից բռնած ձեռքով կատարում է կտրուկ գցում մեջքի վրայից դեպի առաջ-կողմ։

2. Վերելք նստելով: Երբ հարձակվող ըմբիշը սկսում է իր գործողությունը, որպեսզի կատարի բռնվածք, անհրաժեշտ է կատարել արագ շարժում դեպի առաջ, իրանի ծանրությունը նույնպես տեղափոխելով առաջ։ Միաժամանակ չդադարեցնելով դեպի առաջ շարժումը, կոնքով կտրուկ շարժում կատարել, արագ շրջվել դեպի հակառակորդը, միաժամանակ աջ ձեռքը մտցնել թևատակ, շրջվել և նրան բռնել չորեքթաթ դրությունում։

Հնարք — 2 Շրջում գլորումով, պարանոցը և իրանը բռնելով ներքևից: Երբ պաշտպանվողը ընդունել է բարձր չորեքթաթ դրություն, անհրաժեշտ է գտնվել նրա ոչ թե ետին մասում, այլ կողքային, աջ ծնկի վրա, իսկ ձախ ոտքը դնել ներբանին։ Աջ ձեռքի նախաբազուկը սեղմելով պաշտպանվողի պարանոցին, ձախով բռնել նրա իրանը ներքևից՝ հնարավորին չափ ոտքերին մոտ։ Ձախ ձեռքով ճնշում գործադրելով նրա պարանոցին դեպի ներքև, միաժամանակ աջ ձեռքով իրանը բարձրացնել վեր։ Ոտքերով հրվելով գորգից և աջ ուսով հրելով հակառակորդին, կրծքով սեղմելով նրա աջ կողքին և գլխի վրայից շրջել թիակների վրա։ Կրծքով անցում կատարելով պաշտպանվողի աջ ձեռքի վրա, սեղմել նրան գորգին, բռնած ձեռքերը և իրանը առջևից (նկ. 28)

Նկար 28

Նկար 28

Հնարքի պաշտպանությունը

ա) Աջ ոտքը տանել առաջ-կողմ, կրծքով շրջվել դեպի հարձակվող ըմբիշը միաժամանակ պարանոցից հեռացնել հարձակվողի նախաբազուկը։

բ) Ուղղված ձեռքերով հենվել գորգին, գլուխը վեր բարձրացնելով, իրանով հպվել գորգին, միաժամանակ աշխատելով հեռանալ հարձակվողից և ընդունել կանգնած դրություն։

Հակահնարքներ

ա) Շրջում վրայից բռնելով համանուն ուսը.

Աջ ձեռքով անհրաժեշտ է բռնել հարձակվողի համանուն բազուկը, միաժամանակ ձախ ծնկով և կրծքով շրջվել դեպի նա։ Շրջվելիս ձախ ձեռքով կտրուկ շարժում կատարել, բռնելով իրանը, հարձակվողին գցել իրենից ետ, կրծքով շրջվելով նրա կողմը, սեղմել մեջքի վրա, բռնելով ձեռքերը և իրանը կողքից:

Комментарии закрыты