Ըմբշամարտը դպրոցում. Գոտեմարտի վարման տակտիկան

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Որոնք են այն հիմնական հարցերը, որոնցով ձևավորվում է գոտեմարտը վարելու տակտիկան։ Դրանք աշակերտների հետևյալ կարողություններն են՝

ա) Հակառակորդին (վարժընկերոջը) հետախուզելը բ) Խաբուսիկ գործողություններ կիրառելը, միաժամանակ քողարկելով հնարքին նախապատրաստվելը գ) ճիշտ ժամանակին հակառակորդի սխալի օգտագործելը դ) վաղօրոք հակառակորդի թույլ կողմերը և սեփական հնարավորությունների հաշվի առնելը ե) գորգի սահմաններից ճիշտ օգտվելը (եզրերում, կենտրոնում), դ) հակառակորդի հանդեպ ունեցած առավելության պահպանումը մինչև գոտեմարտի ավարտը:

Ինչ խոսք, վերը նշված բոլոր հարցերը դժվար է դպրոցական ծրագրով նախատեսված ըմբշամարտի դասերին աշակերտներին ուսուցանելը, սակայն տակտիկական գիտելիքների հաղորդումը անհրաժեշտություն է։ Դրանք աշակերտները արդյունավետորեն են ըմբռնում զրույցների և բացատրման միջոցով, եթե այն կատարվում է ժամանակին։

Ըմբշամարտում ոչ բարդ տակտիկական գործողություն է համարվում հակառակորդի կողմից թույլ տված սխալների օգտագործումը։ Դրա համար էլ հնարքները ուսուցանելիս անհրաժեշտ է ոչ միայն սխալները նշել, այլև բացատրել, թե ինչպես պետք է օգտագործվի հակառակորդի թույլ տված սխալները։

Ըմբշամարտի դասին անհրաժեշտ է նաև հատուկ ուսուցանել «խաբուսիկ» շարժումները։ Ճիշտ է, նրանց տարատեսակները շատ են, սակայն մի քանիսը կարելի է ուսուցանել հենց դպրոցական դասերին, որոնք աստիճանաբար արմատավորվում են։ Դրանք են՝

ա) տարբեր կողմեր կատարող կտրուկ շարժումները, բ) որ կողմի վրա (աջ կամ ձախ) նախատեսված է կատարել հնարքը, նրա հակառակ կողմը շարժում կատարելը, գ) խաբուսիկ շարժումները ձեռքերով կամ իրանով։

Նշված խաբուսիկ շարժումները չպետք է կրեն ձևական բնույթ, չլինեն աննպատակ։ Այսինքն, յուրաքանչյուր նման շարժմանը պետք է հետևի նպատակադրված որևէ տեխնիկական գործողություն (այլապես կպահանջվեն ավելորդ լարումների ներդրում և էներգիայի ծախս)։

Ուսուցիչը պետք է աշակերտին հաճախակի հիշեցնի, որ եթե հակառակորդը գոտեմարտի ընթացքում կիրառել է որևէ հնարք, մինչև գոտեմարտի ավարտը, այլևս պաշտպանվող աշակերտը չպետք է թույլ տա նույն սխալը։ Պետք է սովորեցնի գիտակցաբար անալիզի ենթարկելու այն պահը (ոտքերի, իրանի դիրքը, բռնվածքը, հնարքի ուղղությունը), երբ իր վրա հնարք կատարվեց։

Գոտեմարտում օպտիմալ արագության և տեմպի պահպանումը տակտիկական մեծ արվեստ է։

Комментарии закрыты