Ըմբշամարտը դպրոցում. Գցում մեջքի վրայից բռնելով ձեռքերը (վերևից, ցածից) և պարանոցը

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Հարձակվողը ընդունում է աջակողմյան կանգ և ձախ ձեռքով բռնում պաշտպանվողի աջ ձեռքը վերևից, իսկ աջ ձեռքով՝ պարանոցը ձախ կողմից (նկ. 26 ա): Հարձակվողի աջ ոտքը պետք է գտնվի կրնկի վրա, իսկ ձախը՝ ներբանին։ Ձեռքերով կտրուկ ձգելով պաշտպանվողին դեպի իրեն, հարձակվողը աջ ոտքով հրվելով գորգին, մարմնի ծանրությունը տեղափոխում է ետ դրված ձախ ոտքի վրա, ծնկային հոդում այն քիչ ծալելով, միաժամանակ գլուխը և իրանը թեքում է դեպի ձախ, մեջքով պտտվելով մոտավորապես 180 — 190°, իսկ աջ ձեռքով բռնում պարանոցը այնպես, որ այն գտնվի թևատակում (նկ. 26 բ, գ)։ Դեպի հակառակորդը կատարված պտույտը ավարտելուց հետո ծալում է ծնկերը, արագ ուղղելով, պաշտպանվողին պոկում է գորգից և պտտող շարժումով գցում գորգին, միաժամանակ չթողնելով բռնվածքը (նկ. 26 դ)։

nkar-26

Ավարտելով հնարքը, հարձակվողը պետք է նստի աջ ազդրի վրա, ձախ ոտքը թողնելով ետ՝ հենվելու նպատակով, իսկ ձեռքերով հակառակորդին ձգում դեպի իրեն և սեղմում թիակներին։

Պաշտպանություն — կքանստելով թեքվել ետ և հարձակվողին բռնել ետևից։

Հնարավոր սխալները և դրանց ուղղումը

  1. Ուսուցիչը պետք է ուշադրությամբ հետևի աշակերտի իրանի շարժման ուղղությանը, քանի որ իրանի և գլխի ոչ ճիշտ շարժումը գորգին ընկնելիս կարող է վնասվածք առաջ բերել։
  2. Կոպիտ սխալ է գլխով առաջ ընկնելը։ Գցումը ոչ ճիշտ կատարելիս կարող է հենվել ինչպես արմունկների, այնպես էլ բազուկների վրա։ Հնարքի կատարման ժամանակ վնասվածքներից խուսափելու համար աշակերտներին անհրաժեշտ է անմիջապես ընդհատել ճիգերի ներդրումը։ Այս հնարքը խորհուրդ չի տրվում կատարել այն աշակերտների հետ, որոնք դեռևս լավ չեն յուրացրել ինքնաապահովման տարրերը։

Комментарии закрыты