Ըմբշամարտը դպրոցում. Ըմբիշին առավել անհրաժեշտ շարժողական հատկությունները և նրանց մշակումը

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Ըմբշամարտի հնարքների արդյունավետ կատարումն ապահովելու համար կարևոր նշանակություն ունի ժամանակին և ճիշտ միջոցներով շարժողական հատկությունների մշակումը։ Ի դեպ, անհրաժեշտ շարժողական հատկությունների մշակումը ծրագրում հանդիսանում է պարտադիր ուսումնական նյութ, որը թելադրում է մանկավարժին այս հարցում հանդես բերելու լուրջ մոտեցում։

7— 10-րդ դասարանի ըմբշամարտի ուսումնական նյութի ուսուցումը ապահովող անհրաժեշտ շարժողական հատկություններ են հանդիսանում մկանային ուժը, հոդերի շարժունակությունը (ճկունություն) և շարժումների արագաշարժությունը:

Մկանային ուժը ու նրա մշակումը

Սպորտային ըմբշամարտում, որտեղ բնորոշ է հաղթահարելու վարժընկերոջ դիմադրությունը, մկանային ուժն ունի առավել կարևորություն: Ինչպես գոտեմարտի ընթացքում, այնպես էլ հնարքները կատարելիս ըմբիշի կողմից ներդրած մկանային ուժը կարող է լինել ինչպես դինամիկ (ուժ-արագային), այնպես էլ ուժի ներդրում, որտեղ չկա շարժում (ստատիկ):

Այսպես, եթե տեխնիկական հնարքները, պաշտպանությունները, հակահնարքները որպես կանոն կատարվում են շնորհիվ դինամիկ ուժի ներդրման, ապա կամուրջ դրությունը ընդունելը կամ ասենք հակառակորդին կամուրջ դրության պահելը կամ չորեքթաթ ընդունելը, աշակերտից պահանջում է առավելապես ստատիկ ուժ։ Պետք է ասել, որ ըմբշամարտի բոլոր այն գործողությունները, որոնք կատարվում են ընթացքում, առավել մեծ դեր ունի ոչ թե բացարձակ ուժի մեծությունը (մկանախմբերի գումարային ուժը), այլև այսպես կոչված հարաբերական ուժը ի բացարձակ ուժի հարաբերությունն է աշակերտի սեփական քաշի հետ։

Գոտեմարտի ժամանակ յուրահատուկ նշանակություն ունի այսպես կոչված պայթուցիկ կամ «կտրուկ» ուժի դրսևորումը, այսինքն մաքսիմալ ուժի դրսևորման կարողությունը ժամանակի ամենակարճ միավորի ընթացքում։

Վերը նշված պայմաններն են, որ ֆիզիկական կուլտուրայի ուսուցչից պահանջվում է ճիշտ ընտրելու այն միջոցները, որոնցով անհրաժեշտ է մշակել մկանային ուժ։

Մկանային ուժ մշակող վարժությունները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի, ա) սեփական ուժային բ) արագա-ուժային

Հաշվի առնելով աշակերտների ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, դպրոցական ըմբշամարտի դասերին առավելապես պետք է գերակշռեն արագա-ուժային վարժությունները։

Комментарии закрыты