Ըմբշամարտը դպրոցում. Ըմբշամարտիկի հիգիենան

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

1) Անձնական մաքրության պահպանումը: Նախ ասենք, որ ըմբշամարտի դասերին ներկայանալիս պարտադիր է մաշկի մաքրությունը, քանի որ հաճախ դեմքով հպվում են հակառակորդի մարմնին։

 

Ըմբշամարտական դասից հետո անհրաժեշտ պայման է լոգանք ընդունելը, իսկ եթե չկա հարմարություն, անհրաժեշտ է անպայման օճառով լվացվել։ Դասերին անհրաժեշտ է ներկայանալ կարճ մազերով, հաճախ հետևել եղունգներին (երկար եղունգները կարող են մաշկի վնասվածքների պատճառ դառնալ): Ըմբշամարտիկի հագուստն ու կոշիկը պետք է հաճախ լվանալ, դրանք իրենց չափսերով պետք է լրիվ համապատասխանեն պարապողին։ Ըմբշամարտիկի կոշիկները պետք է զերծ լինեն տարբեր տեսակի մետաղյա մասերից, որոնք իրենց հերթին առիթ կդառնան վնասվածքների:

 

2) Պարապմունքների վայրին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Երբ պատրաստվում է ըմբշամարտի գորգը առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել, թե որքանով է այն հարմար արագ մաքրելու համար։ Գորգը պետք է հնարավորին չափ հեռու գտնվի դահլիճի մուտքից։ Դահլիճում անհրաժեշտ է պահպանել նորմալ միկրոկլիմա (ջերմաստիճանը, խոնավությունը, թթվածնի պարունակությունը)։

 

Ըմբշամարտական պարապմունքների ժամանակ դահլիճում օդի ջերմաստիճանը պետք է լինի 16-18 աստիճան, իսկ միջին լուսավորվածությունը 75 լյուքսից ոչ պակաս։

 

Ցանկալի է, որ յուրաքանչյուր դասից հետո գորգը մաքրվի, եթե գորգի ծածկոցը սինթետիկ է, այն անհրաժեշտ է լվանալ ախտահանող հատուկ լուծույթով։

Комментарии закрыты