Ըմբշամարտը դպրոցում. Ինքնաապահովման օրինակելի վարժություններ

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

1. Վարժություններ խմբավորման համար

ա) նայել գորգին, ծնկները ծալելով կպցնել կրծքին, ձեռքերը ուղղել առաջ, մեջքը ծալել աղեղով։ Պահպանելով այս գրությունը գլորվել մեջքի վրա։ Գլորվելու պահին ուղիղ ձեռքերով հարվածել գորգին։ Ձեռքերը իրանի հետ պետք է կազմեն 45 աստիճանի անկյուն (նկ.17) նույնը կարելի է կատարել նաև կիսակքանիստ և կանգնած դրությունից։

Նկար 17

Նկար 17

Նկար 18

Նկար 18

բ) պառկել աջ կողքին, աջ ծունկը ծալելով մոտեցնել կրծքին, ձախը դնել աջ սրունքի առջև, կատարել խմբավորում։ Աջ ձեռքը 45 աստիճանի անկյան տակ դնել գորգին, ձախը բարձրացնել վեր։ Շրջվել աջ և ձախ կողքին, ձեռքերով հարվածելով գորգին (նկ. 18)

գ) կքանստել, ծնկները միասին։ Ձեռքերով հենվել գորգին խմբավորվել։ Հրվելով ոտքերով, կատարել գլուխկոնծի առաջ՝ գլխի վրայից։

Գլուխկոնծի կատարել առաջ միայն ուսերի վրայից։

2. Կրծքի վրա ընկնելը

Նկար 19

Նկար 19

ա) պառկել կրծքի վրա, ձեռքերով սեղմել վեր, որից հետո, ձեռքերը թուլացնելով, ընկնել կրծքին և փորին։ Կանգնած դրությունից թեքվել առաջ և ընկնել կրծքին, միաժամանակ ձեռքերը հպելով գորգին կատարել զսպանակաձև շարժում (նկ. 19):

Գլուխկոնծի կատարելուց հետո կողքի և մեջքի վրա ընկնելը

Ըմբշամարտի մի շարք հնարքներ կատարելիս գլուխկոնծի կատարելով կամ խմբավորվելով ընկնելը հնարավոր չէ։ Այս դեպքում ինքնաապահովման համար սկզբում անհրաժեշտ է կատարել գլուխկոնծի, որից հետո ընկնել կողքի վրա կամ, իրանը արտակորելով, հենվել ներբանների վրա։

Նկար 20

Նկար 20

Փոխադրում չորեքթաթ՝ կտրուկ ձգելով ձեռքը: Աշակերտներից երկուսն էլ ընդունում են աջակողմյան կանգնվածք։ Հնարքը կատարողը իր ձախ ձեռքով բռնում է վարժակցի աջ դաստակը, իսկ աջով՝ համանուն բազուկը ներքևից և, վարժակցի ձեռքը կտրուկ ձգելով դեպի ներքև՝ աջ, աշխատել նրան թեքել դեպի իրեն, աջ կողքով, միաժամանակ նրան ստիպելով, որպեսզի ձախ ոտքով քայլ կատարի առաջ (նկ. 20 ա. բ)։ Վարժընկերոջ աջ ձեռքը կտրուկ ձգելուց հետո, հնարքը կատարողը թեքվում է աջ, աջ ներբանի վրա, աջ ձեռքով բռնում է պաշտպանվողի աջ բազուկը և թողնում դաստակը, ձախ ոտքով կատարում է քայլ դեպի վարժընկերոջ աջ ոտքի կողմը և ազատված ձախ ձեռքով բռնում վարժընկերոջ մեջքը գոտկատեղից (նկ. 20գ):

Փոխադրում «սուզվելով» բռնելով պարանոցը և իրանը

Նկար 21

Նկար 21

Հնարքի կատարումը։ Աշակերտները ընդունում են աջակողմյան կանգ, երկուսն էլ աջ ձեռքով բռնում միմյանց պարանոցը ձախ կողմից։ Հնարք կատարողը (հարձակվողը) հրող շարժումով ձախ ձեռքով հակառակորդի աջ բազուկը բարձրացնում է ներքևից։ Կիսակքանստելով, միաժամանակ գլուխը իջեցնելով ներքև, հարձակվողը սուզվում է պաշտպանվողի աջ ձեռքի տակ (նկ. 21ա) միաժամանակ աջ ձեռքով հարձակվողը կտրուկ շարժում է կատարում պաշտպանվողի պարանոցից դեպի իրեն՝ ներքև աջ (նկ. 21 բ)։ Սուզվելով թևի տակ, ձախ ձեռքով անհրաժեշտ է բռնել վարժընկերոջ իրանը գոտկատեղին հավասար, միաժամանակ ձախ ոտքով հպվելով գորգին, հարձակվողը պտտեցնող շարժումով պաշտպանվողի հետ ընկնում է գորգին (նկ. 21 գ, դ): Այս հնարքը ավելի արդյունավետ կատարելու համար սկսնակ աշակերտը պետք է ուշադրություն դարձնի աջ ձեռքի կտրուկ շարժմանը, որով ապահովվում է պաշտպանվողի մարմնի շարժումը ներքև՝ աջ։ Հնարքի ուսուցումը հեշտացնելու նպատակով անհրաժեշտ է այն պայմանականորեն մասնատել 3 մասի։

  1. Ձեռքի վեր բարձրացնելը և գլխով սուզվելը, միաժամանակ ոչ մեծ կքանստելը:
  2. Աջ ձեռքով պաշտպանվողի իրանի բռնելը և միաժամանակ քայլ կատարելը դեպի մեջքի հետևը։
  3. Գորգին ընկնելը, միաժամանակ աջ ոտքը թողնելով դեպի ետ՝ առաջ։

Հնարքի բնորոշ սխալները և դրանց վերացման ուղիները

  1. Սկզբում ձեռքի տակ սուզվելիս կքանիստը կատարվում է չափից շատ, սա դանդաղեցնում է հնարքի կատարումը, ուստի և դժվարանում է հետագա գործողության կատարումը։
  2. Պարանոցի ոչ բավարար կտրուկ շարժումը, որը անհրաժեշտություն է հակառակորդին հավասարակշռությունից հանելու և հետագա պտտելու համար, պաշտպանվողին մեծ հնարավորություն է տալիս պաշտպանվելու և կատարելու հակահնարք։

Այս սխալները վերացնելու համար անհրաժեշտ է բազմաթիվ անգամ կրկնել պտտող կտրուկ շարժումները պարանոցից, որի ժամանակ հնարք կատարողը պետք է զգա, որ իր կատարած գործողությունը ստեղծում է կենտրոնախույս ուժ։

Հնարքի պաշտպանություն

  1. Անհրաժեշտ է հարձակվողի տարանուն ձեռքը բռնել ուսի վրայով, միաժամանակ արմունկը մոտ պահել իրանին:
  2. Ձեռքերը տեղափոխելով հարձակվողի գլխի վրայով, հեռանալ նրանից, կրծքով դարձում կատարելով դեպի ինքը:

Комментарии закрыты