Ըմբշամարտը դպրոցում. Ինքնուրույն նախավարժանքը ըմբշամարտի պարապմունքից առաջ

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Նախավարժանքը կազմում է դասի կամ պարապմունքի անբաժանելի մասը։ Այն հատուկ ընտրած ֆիզիկական վարժությունների համալիր է, որը կատարվում է պարապողների կողմից գիտակցաբար և նպատակ ունի օրգանիզմը նախապատրաստելու դասի հիմնական մասի գործունեությունը։ Նախավարժանքը բարձրացնում է աշակերտների օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունները և պայմաններ է ստեղծում առավելագույն աշխատունակության դրսևորման համար։

Ըմբշամարտի պարապմունքից առաջ աշակերտները պետք է կարողանան ինքնուրույն նախավարժանք կատարել։ Ւնքնուրույնությունը այստեղ կարևոր է, քանի որ յուրաքանչյուրը վաղօրոք գիտենալով վարժընկերոջը, նրա հնարավորությունները, մարդաչափական տվյալները (հասակը, քաշը) ըստ այնմ էլ կատարում է նախավարժանքը։

Ըմբշամարտի դասից առաջ նախավարժանքը պետք է կառուցել 2 մասով։ Առաջին մասում վարժությունները կատարվում են, նպատակ ունենալով բարձրացնել օրգանիզմի աշխատունակությունը, որտեղ նպատակահարմար է օգտագործել հետևյալ գործողությունները. հանգիստ տեմպով երկարատև, սակայն փոքր հզորությամբ տեղաշարժումները, քայլքը, վազքը։ Այս շարժումներն անհրաժեշտ է կատարել այնքան, մինչև պարապողի մոտ նկատվի քրտնարտադրություն։ Հետագա գործողություններն արդյունավետ կատարելու համար անհրաժեշտ է կատարել մեծ ամպլիտուդայով շարժումներ։ Այդպիսի վարժությունների թիվը կարող է հասնել 6—8-ի, իսկ կրկնություններինը՝ 10—12 անգամի։

Ըմբշամարտի պարապմունքից առաջ կատարվող անհատական նախավարժանքի 2-րդ մասի նպատակն է նախապատրաստվել կատարելու տվյալ օրվա դասի խնդրով նախատեսված հնարքի կամ գործողության կատարմանը։ Այդ նախապատրաստումը ինքը պարապողը իրականացնում է ըմբշամարտին յուրահատուկ վարժությունների միջոցով։ Որքան բարդ է տվյալ դասում ուսուցանվող հնարքը, այնքան վարժությունների քանակը պետք է շատ լինի։ Այսպես, ըմբիշը պարտավոր է բազմաթիվ անգամ կրկնելու տվյալ հնարքին նմանվող շարժումները, տաքացնելու այն մկանախմբերը, որոնք կրելու են հիմնական ծանրաբեռնվածությունը, այդ գործողությունները կատարելիս։ Կարևոր պայման է պարանոցային մկանների տաքացնելը, որը հիմնականում պետք է իրականացնել ըմբշամարտական կամուրջ վիճակում կատարվող վարժությունների միջոցով։

Նախավարժանքի համար վարժությունների համալիր կազմելիս պետք է լինել զգույշ։ Դրանք չպետք է մեծ ճիգերի ներդրում պահանջեն։ Միաժամանակ անհրաժեշտ է առանձին վարժությունների միջև պահպանել որոշ հանգստի ինտերվալներ։

Комментарии закрыты