Ըմբշամարտը դպրոցում. Մկանային ուժը մշակող վարժությունները

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Վարժություններ առարկաներով:

Ըմբշամարտում մկանային ուժ մշակելու համար մեծ կիրառություն ունեն ծանրաձողերով, կցագնդերով, լցված գնդակներով վարժությունները։

Այստեղ անհրաժեշտ է ընտրել այնպիսի շարժումներ, որոնք ավելի արդյունավետ են ըմբշամարտի գործողությունները կատարելու համար։ Պետք է ընտրվեն այնպիսի ծանրություններ, որ աշակերտը կարողանա վարժությունը կրկնել 4— 6 անգամ և շարժումները կատարի հնարավորին չափ արագ։ Դրանց թվին են պատկանում՝

ա) ծանրաձողի բարձրացում մինչև ծնկները կամ մինչև կուրծքը (հանգիստ կամ կտրուկ),

բ) Ձեռքերի ծալում, տարածում արմնկային հոդում փոքր քաշի ծանրաձողով,

գ) Կքանիստ, թեքում առաջ, կողմ, շրջումներ ծանրաձողը ուսերին։ Ըմբշամարտի դասերին մեծ հաջողությամբ կարելի է կիրառել կցագնդերով վարժությունները։ Ցանկալի է, որ նրանք լինեն տարբեր քաշերի։

Ըմբշամարտով զբաղվող երեխաների համար արդյունավետ վարժություն է պարանամագլցումը, հատկապես այն երեխաների, որոնց մոտ թույլ են զարգացած ծալիչ և ձեռքերի դաստակի մկաններր։ Ուսային ծալիչ և տարածիչ մկանների ուժի մշակման համար դրական ազդեցություն ունեն նաև պտտաձողի վրա կատարվող վարժությունները։

Մկանային ուժը մշակող օրինակելի վարժություններ զույգերով

  • Քայլ, վազք, կքանիստ, թեքում առաջ, կողմ՝ վարժընկերոջը ուսերին դրած։
  • Աշակերտները մեջքով կանգնում են իրար դիմաց։ Ձեռքերը վեր բարձրացնելով ափերը միացնում իրար։ Նրանցից մեկը, թեքվելուէ առաջ, ընկերոջը գլորում է մեջքի վրայից։
  • Աշակերտներից մեկը պառկում է փորի վրա, իսկ մյուսը կանգնում նրա գլխավերևում՝ բռնելով նրա մեջքը, ոտքերը ծալելով բարձրացնում նրան կրծքի վրա, այնուհետև ուղղում ոտքերը։
  • Աշակերտներից մեկը հակառակ բռնվածքով բռնում է ընկերոջ մեջքը, որը կողքով կանգնած է դեպի իրեն։ Բարձրացնել վեր նորից ընդունել ելման դրություն (կրկնել 3— 4 անգամ)։

Մկանային ուժը մշակող ըմբիշին հատուկ վարժություններ

Ըմբշամարտում մկանային ուժը մշակում են նաև ստորև տրված զույգերով կատարվող հատուկ վարժությունների միջոցով։

  • Չորեքթաթ դրությունից, բռնելով վարժընկերոջ մեջքը կողքից կամ ներքևից, բարձրացնել մինչև կուրծքը։
  • Չորեքթաթ, հակադարձ բռնվածքով վարժընկերոջ մեջքը բարձրացնել վեր։ Վարժությունը կատարվում է ուժի ոչ լիարժեք լարումով։
  • Ըմբշամարտի դասի ժամանակ կարելի է կատարել նաև վարժություններ ըստ հանձնարարության։ Սրա էությունը կայանում է հետևյալում. Ուսուցիչը, ընտրելով որոշակի հնարք կամ տարր աշակերտներին առաջարկում է ընդունել համապատասխան ելման դրություն, որից հետո առաջարկվում է վարժություններ, կատարել ամբողջ ուժով։
  • Աշակերտները, ընդունելով մարտական կանգ ուսուցչի հրահանգից հետո, մկանային ճիգերի լարումով պետք է աշխատեն արագ բռնել միմյանց մեջքը։

Комментарии закрыты