Ըմբշամարտը դպրոցում. Ներածություն

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Ֆիզիկական կուլտուրան և սպորտը կարևորագույն միջոցներից են, որոնք դաստիարակում են առողջ, ուժեղ, ճարպիկ և դիմացկուն մարդիկ։

Ժամանակակից գիտական հետազոտությունները և գործնական աշխատանքի փորձերը ցույց են տալիս, որ ըմբշամարտը մի մարզաձև է, որը լրիվ մատչելի է բարձր տարիքի երեխաներին։ Այն համապատասխանում է նրանց բնական ձգտումներին — լինել ուժեղ, դիմացկուն, ճարպիկ և այլն։ Միաժամանակ ըմբշամարտը իր դրական մեծ ազդեցությունն է թողնում երեխաների ֆիզիկական և հոգեկան զարգացման վրա։ Այսօր գրեթե դժվար է հանդիպել տղամարդու, որը մանուկ հասակում չի հրապուրվել ըմբշամարտական գոտեմարտով, անգամ դպրոցում յուրաքանչյուր դասարանցի փորձել է իր ուժերը՝ գոտեմարտելով ընկերոջ հետ։

Գործնականում մենք հաճախ ականատես ենք լինում այսպես կոչված «ըմբշամարտական խաղերի», որոնք վկայում են այդ մարզաձևերի հանդեպ ունեցած երեխաների հետաքրքրության մասին։

Գործնական աշխատանքի առաջավոր փորձը և լավագույն մանկավարժների երկարամյա դիտումները ցույց են տվել, որ բոլոր երեխաները դեռահաս տարիքից ունեն գոտեմարտելու բնական ցանկություն: Երեխաները կարող են երկար ժամանակ գոտեմարտել, սակայն զգալ հոգնածություն, նույնիսկ կարողանալով կիրառել որոշ հնարքներ։ Հետաքրքիր է այն փաստը, որ տարբեր երկրների և հանրապետությունների երեխաների ըմբշամարտական խաղերը մեծ մասամբ նմանվում են ըմբշամարտի ազգային ձևերին։ Դեռևս իրենց ժամանակին աշխարհի մեծագույն մտածողները (Պլատոն, Արիստոտել, Ժ. Ժ. Ռուսո, Պ. Ֆ. Լեսգաֆտ և ուրիշներ) մեծ տեղ են հատկացրել ըմբշամարտությանը և պատահական չէ, որ աշխարհի շատ երկրների դպրոցական ծրագրերում դեռևս վաղուց իր տեղն ունի ըմբշամարտը: Այսպես, Բուլղարիայի Սոցիալիստական Հանրապետությունում ըմբշամարտը դպրոցի պարտադիր ծրագրում ներդրվել է դեռևս 1969 թ.։ Ավելին, այստեղ տարբեր քաղաքներում 373 դպրոցներին կից ստեղծվել են ըմբշամարտության խմբեր։ Բավական մեծ հաջողությամբ և արդյունավետությամբ ըմբշամարտը ուսուցանվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում 1968/69 ուսումնական տարվանից: Ըմբշամարտը իր տեղն ունի նաև Ճապոնիայի, Թուրքիայի և այլ երկրների դպրոցներում։ Ի դեպ, Թուրքիայի դպրոցներում այն ուսումնասիրում են դեռևս տարրական դասարաններում, իսկ դպրոցն ավարտած պատանիներից շատերը արդեն մասնակցում են խոշոր մրցումների։

Ինչով է պայմանավորված ըմբշամարտի այդպիսի անհրաժեշտությունը դպրոցում. նախ ասենք, որ բազմամյա դիտումները ցույց են տվել, որ սպորտային ըմբշամարտը զգալի չափով հարստացրել է դպրոցական ֆիզիկական կուլտուրայի դասի բովանդակությունը, որ ըմբշամարտով զբաղվելը օգնում է աշակերտների ճիշտ և բազմակողմանի զարգացմանը, մշակում է շարժողական հատկություններ՝ մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, ճկունություն, շարժումների համակցում և այլն։ Բացի վերը նշվածից, երեխաների մոտ զարգանում են շատ արժեքավոր հատկանիշներ՝ կամք, ինքնատիրապետում, նպատակասլացություն, ձգտում հաղթանակի, տոկունություն և այլն։

Ֆիզիոլոգիական տեսանկյունից ըմբշամարտը մեծ ազդեցություն ունի աշակերտների օրգանիզմի վրա, դրա փայլուն ապացույցը ըմբշամարտի դասի արդյունավետ ծանրաբեռնվածությունն է։

1975 թվականից մեր երկրի հանրակրթական դպրոցների «ֆիզիկական կուլտուրա» առարկայի կատարելագործված ծրագրում, սկսած 7-րդ դասարանից, ներդրված են ուսումնական պարտադիր նյութ հանդիսացող դասական ոճի ըմբշամարտի դասեր, ինչ խոսք, ստեղծվել են որոշակի դժվարություններ, հատկապես այն մանկավարժների համար, որոնք չունեն հապտուկ պատրաստություն: Սույն ձեռնարկը հասցեագրված է հանրակրթական դպրոցների «ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցիչներին, որը որոշ չափով կհեշտացնի ծրագրային նյութի ըմբշամարտի բաժնի ուսուցումը։ Հեղինակը սիրով կընդունի ընթերցողների առաջարկները և դիտողությունները:

Комментарии закрыты