Ըմբշամարտը դպրոցում. Ուսումնա-մարզական գոտեմարտեր

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Այսպիսի գոտեմարտերը հիմնականում լուծում են ըմբշամարտի տեխնիկական հնարքների յուրացման և հետագա կատարելագործման խնդիրները։

Դրանք կատարվում են ավելի հեշտացված պայմաններում։ Ուսումնամարզական գոտեմարտերն անց են կացվում տարբեր առաջադրանքներով, որոնք ուղղված են ըմբշամարտի ծրագրային նյութում տեղ գտած տեխնիկական և տակտիկական գործողությունների հետագա յուրացմանը և ամրապնդմանը։ Երբեմն նման գոտեմարտերը նպաստում են ըմբիշին անհրաժեշտ շարժողական հատկությունների մշակմանը հենց ըմբշամարտական գործողությունների միջոցով։

Ուսումնամարզական գոտեմարտերը արդյունավետ կլուծեն դասի խնդիրները, եթե ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչը կոնկրետացնում է այն և մանկավարժորեն նպատակաուղղված է ներգործում աշակերտների գործունեության վրա։ Այսպես, նույն գոտեմարտին երկու աշակերտներ կարող են ստանալ տարբեր առաջադրանք։ Մեկին առաջադրվում է կատարելու «գցում մեջքի վրայից» հնարքը, իսկ մյուսին, այդ հնարքի պաշտպանությունը և այլն։

Ուսումնամարզական գոտեմարտերը աշակերտին հնարավորություն են տալիս բազմակողմանի հղկելու և կատարելագործելու ինչպես հնարքների կատարումը, այնպես էլ նրանց պաշտպանությունները և հակահնարքնեըը։ Սրանցից յուրաքանչյուրի կատարումը պայմանավորված է մանկավարժի կողմից կոնկրետ տրված առաջադրանքից։ Օրինակ, եթե աշակերտի առջև կոնկրետ խնդիր չի դրված կատարելագործել ուսումնական նյութով անցած հնարքների պաշտպանությունը, ապա նա ամբողջ գոտեմարտի ընթացքում պետք է ձգտի կատարել հնարք կամ էլ հակահնարք։ Այդ դեպքում պետք է բացատրել, որ աշակերտը պետք է գոտեմարտի ընթացքում ստեղծի այնպիսի իրավիճակներ, որտեղ հնարավորություն ունենա կատարելու հնարք կամ հակահնարք։

Եթե ուսումնամարզական գոտեմարտում աշակերտներից մեկը կատարում է հնարք կամ հակահնարք, իսկ մյուսն ընկնում է թիակերի վրա, անհրաժեշտ է նույն պահին վերջինիս խորհուրդ տալ ընդունել կամուրջ դրություն կամ շրջվել կողքի, իսկ հնարք կատարողին առաջարկել ընդունել վերջնական դրությունը։ Սա հեշտացնում է արագ ըմբռնել մեկի համար պաշտպանությունը, իսկ մյուսի համար հնարքի ճիշտ ավարտելը։

Ուսումնա-մարզական գոտեմարտերը անհրաժեշտության դեպքում կարելի է ընդհատել, ուղղել սխալները, սակայն խորուրդ չի տրվում այն չարաշահել, քանի որ հաճախակի ընդհատումները բացասականորեն են անդրադառնում դասի խտության վրա։

7—10-րդ դասարաններում ուսումնամարզական գոտեմարտերն ունեն տարբեր կառուցվածք ինչպես իրենց տևողությամբ, այնպես էլ հանգստի ինտերվալներով։ Սա պրակտիկայում թելադրում է, որ ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչը պետք է ճիշտ կարգավորի ծանրաբեռնվածությունը, տեխնիկական գործողությունների կատարման տեմպը՝ միաժամանակ ապահովելով աշակերտների օրգանիզմի վերականգնման պրոցեսները։

Комментарии закрыты