Ըմբշամարտը դպրոցում. Պատմական ակնարկ

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

Ըմբշամարտը սպորտի ամենահնագույն ձևերից մեկն է: Սկզբում այն եղել է գոյության պահպանման կարևորագույն միջոց։ Մենամարտի այս ձևը հետագայում կատարելագործվելով դարձավ տեխնիկական գործողությունների մի ամբողջ համալիր և կարևոր տեղ գրավեց ժողովուրդների ռազմա-ֆիզիկական դաստիարակության մեջ:

Այդ մասին են վկայում հին գրականության մեջ տեղ գտած նյութերը, ինչպես նաև հնագույն շրջանի արվեստի հուշարձանները: Ըմբշամարտի զարգացման մասին հարուստ աղբյուրներ են սփռված հունա-հռոմեական պատմիչների գործերում: Ըմբշամարտը իրեն սկզբնական զարգացումը գտել է հին Եգիպտոսում, Հունաստանում, Ճապոնիայում, հին անդրկովկասյան ժողովուրդների մոտ, սակայն առավել ևս Հունաստանում, որտեղ գոյություն են ունեցել հատուկ դպրոցներ (պալեստրաներ) որում ֆիզիկական այլ վարժությունների հետ միաժամանակ պատանիները զբաղվել են նաև ըմբշամարտով:

Ըմբշամարտը ինչպես մյուս հնագույն ժողովրդների մոտ այնպես էլ հին Հունաստանում կազմել է աճող սերնդի ռազմա-ֆիզիկական համակարգի մի մասը:

Հիշարժան է այն փաստը, որ հունական մի շարք նշանավոր փիլիսոփաներ, զորավարներ, պետական գործիչներ բազմիցս մասնակցել են ըմբշամարտի խոշոր մրցումների, այդ թվում նաև օլիմպիական խաղերի:

Ժողովուրդների կուլտուրայի մի շարք ձևերի պատմական զարգացման հետ միատեղ, հետագայում մեծ զարգացում է ապրում նաև ֆիզիկական վարժությունների տարատեսակները, որոնց թվում և ըմբշամարտը:

Ժամանակակից ըմբշամարտի դասական ոճը Եվրոպաում կազմավորվեց 18-րդ դարի վերջում և 19-րդ դարի սկզբում։ Այն սաղմնավորվեց Ֆրանսիայում, որտեղ ըմբշամարտը լայն տարածում ստացավ։

Հետագայում ֆրանսիական ըմբշամարտը ստացավ միջազգային ճանաչում։ Ուշագրավ է այն, որ այսօր գրեթե պահպանվել են այն կանոնները, որոնք գոյություն են ունեցել դեռևս հնում։

Հետագայում ըմբշամարտը թափանցեց նաև Ռուսաստան և 1897 թվականին Պետերբուրգում անցկացվեց առաջին համառուսաստանյան առաջնությունը։

Ըստ պատմական տվյալների դեռևս հին ժամանակներից հայերն էլ զբաղվել են սպորտի մի շարք ձևերով, որոնց թվում և ըմբշամարտով։ Այդ մասին են խոսում պատմիչներ Խորենացու, Փավստոս Բուզանդի, Եղիշեի և ուրիշների կողմից թողած արժեքավոր նյութերը: Այսպես, Վարազդատ թագավորը (374 — 377թթ.) մասնակցել է 291-րդ օլիմպիական խաղերին և հաղթող ճանաչվել։ Այսօր միջազգային մրցումներում իրենց պատվավոր տեղն ունեն մեր երկրի ըմբիշները, որոնք հաղթել են ինչպես Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, այնպես էլ օլիմպիական խաղերում։ Քիչ չեն հայ ըմբիշների ձեռք բերած բարձր սպորտային նվաճումները (Արամ Յալթիրյան, Արտյուշա Նազարյան, Սարգիս Վարդանյան, Արտյոմ Տերյան, Նորայր Մուշեղյան, Ռուբիկ Վարդանյան, Ժորա Զաքարյան և ուրիշները)։ Դրանք այն դպրոցականներն էին, որոնք հետագայում համ աշխարհային ճանաչում ունեցան։

Комментарии закрыты