Ըմբշամարտը դպրոցում. Սպորտային ըմբշամարտի ձևերը

Աղվան Եղիազարյան, Ըմբշամարտը դպրոցում, Երևան, 1977թ.

7-րդ դասարան

Այն կարևորագույն ցուցանիշները, որոնցով տարբերում են ըմբշամարտության ձևերը հանդիսանում են՝ հաղթանակի հասնելու էությունը, տեխնիկական հնարքների կառուցվածքը։ Տարբեր են նաև ըմբիշների մարզահագուստը, գոտեմարտի տևողությունը (վերջինը ըմբշամարտի տեխնիկայի վրա չի ազդում, սակայն փոխում է նրա տեմպը, լարվածությունը և այլն):

Համաձայն վերը նշված ցուցանիշների առաջ են եկել ըմբշամարտի տարբեր ձևերը, որոնցից մի քանիսը աստիճանաբար անհետացել են և այսօր չեն կիրառվում, իսկ մի քանիսը լայն տարածում են գտել և կիրառվում են ժամանակակից սպորտում:

Մեծ զարգացում և միջազգային ճանաչում են գտել ըմբշամարտի այնպիսի ձևեր՝ ինչպիսիք են դասական ոճը, ազատ ոճը, ձյուդոն և սամբոն։

Ըմբշամարտի վերը նշված 4 ձևերը դասակարգվում են առանձին խմբերի։ Դասակարգման հիմքում ընկած է յուրաքանչյուր ձևին բնորոշ ցուցանիշը, հակառակորդի դեմ հնարքներ կիրառելու կանոնները։

Այսպես, ըմբշամարտի դասական ոճում թույլ է տրվում հնարքներ կատարել ինչպես չորեքթաթ, այնպես էլ կանգնած դրությունում, սակայն անթույլատրելի է գործողության կատարումը ոտքերով և գոտկատեղից ներքև բռնվածքներով։ Ազատ ոճում գործողությունները կատարվում են և չորեքաթաթ, և կանգնած դրությունում, ինչպես ոտքերի օգնությամբ, այնպես էլ գոտկատեղից ներքև բռնումներով։

Սամբոյում չորեքթաթ և կանգնած դրությունում գործողությունները կատարվում են ոտքերի օգնությամբ, գոտկատեղից ներքև բռնվածքով, որոնց ավելանում են նաև ցավեցնող հնարքները (հոդերին հակառակ ծալման շարժումներ)։

Ձյուդոյում առկա է ոտքերի օգնությամբ կատարվող գործողությունները գոտկատեղից ներքև բռնումներով, ցավեցնող հնարքները, միաժամանակ թույլատրելի են խեղդող հնարքները։

Բացի նշված 4 ձևերից գոյություն ունեն նաև ըմբշամարտի ազգային ձևեր։ Այսպես, Ղազախական (կուրես), Վրացական (ճիդաօբա), Հայկական (կոխ), Թաթարական (կուրյաշ), Պակիստանական (կուշտի), Իրանական (կոշտի) և այլն։ Սրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ կանոնները, որոնցով կազմակերպվում են մրցումները։

Комментарии закрыты