Ըմբշամարտի դեսպանը. Դասընկերը մեկնարկ է տալիս

Սերգեյ Հակոբյան, Ըմբշամարտի դեսպանը, Երևան, 1973թ.

 

Սովորական օրերից մեկն էր, երբ Ռուբենը փողոցում հանդիպեց դասընկերոջը՝ Ռազմիկին։ Նրանք երկուսով էլ սովորում էին Երևանի Թելմանի անվան միջնակարգ դպրոցի իններորդ դասարանում։ Ռազմիկը փոքրիկ ճամպրուկը ձեռքին մարզադպրոց էր շտապում, նրան ընկերներն արդեն «ըմբշամարտի վարպետ» էին համարում։

— Եկ ինձ հետ, Համ էլ կտեսնես իմ գոտեմարտը։ Այսօր ստուգարք է, — ասաց Ռազմիկը։

Ռուբենը չառարկեց…

Մինչ Ռուբենը դահլիճի անկյունում նստած դիտում էր նախապատրաստվող ըմբիշներին, Ռազմիկը մոտեցավ իր մարզիչին, Արտաշես Նազարյանին, և բնութագրեց հյուրընկալած իր ընկերոջը։

ruben-vardanyan-1

Ռուբեն Վարդանյան

 

Ռուբենի զարմանքը մեծ եղավ, երբ մարզիչը մոտեցավ իրեն և կես-կատակ, կես-լուրջ ասաց.

— Առանց համազգեստի դահլիճ չի կարելի մտնել, — հետո դիմելով տղաներին, — ապա մի հագցրեք էս ջահելին, տեսնեմ ինչպես է գոտեմարտում։

Ռուբենը հասկացավ, որ դա Ռազմիկի սարքած գործն է, բայց հրաժարվելն արդեն ուշ էր և մի քիչ էլ անհարմար։

Մի քանի վայրկյան տևեց ախոյանին գետնելը։ Կայծակնային գոտեմարտը մարզիչին դուր եկավ։ Նա առաջարկեց գոտեմարտել մի ուրիշ ըմբիշի հետ։ Այս անգամ էլ կայծակ փայլատակեց։ Փորձված մարզիչը զգաց, որ այս նիհար ու փոքրիկ տղան մեծ ապագա կարող է ունենալ, եթե մշտապես մարզվի։

Մարզիչը գովեստի խոսք ասաց, բայց և միաժամանակ հարցրեց, թե չէ՞ր ուզենա մեկ անգամ էլ գոտեմարտել:

Ռուբենը համաձայնեց, բայց ի՞նչ իմանար, որ մարզիչն այս անգամ «ճակատագրական» փորձ էր ուզում կատարել առաջարկելով այնպիսի մի հակառակորդի, որի քաշը շատ մեծ էր։ Դե, Ռուբենը քաշային կարգերի մասին այնքան էլ լավ պատկերացում չուներ, դպրոցում թե բակում տղաները միշտ գոտեմարտում էին առանց այդ սկզբունքի։

Ռուբենը նորից անպարտելի մնաց։

— Երեք հաղթանակ, լավ է, — ժպիտով ասաց մարզիչը, հետո ձեռքը խաղացնելով Ռուբենի խոպոպներում, հարցրեց՝ ուզո՞ւմ է այցելել մարզադպրոց։

Հարցը հանկարծակի էր, Ռուբենը չէր կողմնորոշվում։

— Երբ լռում ես, ուրեմն համաձայն ես։ Առաջին պայմանը՝ մարզումներին չուշանալ…

Դա 1945 թվականին էր։

Комментарии закрыты