Ըմբշամարտի դեսպանը. Կամք, խրատ, ապագա

Սերգեյ Հակոբյան, Ըմբշամարտի դեսպանը, Երևան, 1973թ.

 

Մեր երկրի շատ ու շատ մարզաձևերից անցկացվող առաջնությունները հաճախ բարձր են դիտվում միջազգային մրցություններից։ Ուժերի առկայությունն, իսկապես, այնպիսին ու այնքան է, որ իրենք, մարզիկներն են ասում, թե երկրի չեմպիոն դառնալն ավելի դժվար է, քան միջազգայինում հաղթելը։ Ահա ինչու, երբ 1951 թվականին Ռուբենը առաջին անգամ Հայաստանի հավաքականում մեկնեց Օդեսա, նրա մարզիչը՝ Արտաշես Նազարյանը, ասաց.

— Պետք է լինել համարձակ, բայց միևնույն ժամանակ հիշիր, որ քո բոլոր հակառակորդները միութենական և միջազգային ճանաչում ստացած վարպետներ են։

Այդ թվականներին սպորտի վարպետի կոչմանն արժանանալու կարգ-պահանջը շատ դժվար էր։ Հարկավոր էր նվաճել երկրի չեմպիոնի կոչումը կամ դառնալ երկրորդ մրցանակակիրը, կամ երեք տարվա ընթացքում անընդմեջ լինել Միության երրորդը, և, կամ էլ, մեկ տարվա ընթացքում հաղթել Միության տասնյակի մեջ մտնող երեք սպորտի վարպետի։ Եվ դա այն դեպքում, երբ այդ թվականներին սպորտի վարպետները շատ քիչ էին։

Մարզասերը, և ինչու միայն մարզասերը, նույնիսկ երկրի ճանաչված մարզիկները լավ չէին ճանաչում Ռուբենին։ Դա հանցանք չէր, չէ՞ որ առաջին կարգի ըմբիշներ ոչ միայն Հայաստանը, այլև մյուս հանրապետություններն էլ շատ ունեին։ Ահա այս մեծ մրցասպարեզում էր, որ առաջին կարգայինները պետք է ճանաչել տային իրենք իրենց։ Իսկ դրա համար հարկավոր էր երկաթե կամք, գոտեմարտելու մեծ արվեստ, հարազատ տան մարզական պատիվը բարձր պահելու նվիրական զգացում։

ruben-vardanyan-3

Երևան, 1959թ., Ռուբեն Վարդանյանը ճանաչվում է լավագույն ըմբիշ

 

Հայաստանի չեմպիոնը դարձավ Օդեսայի հերոսը, նա իրար ետևից պարտության մատնեց վարպետների մի ամբողջ ջոկատ։ Նրա անկոտրում կամքը այնպես փշաքաղեցրեց հակառակորդներին, որ գորգի վրա գոտեմարտելուց բացի նրանք «դիվանագիտական» հարաբերություններ սկսեցին Ռուբենի հետ: Գոտեմարտի առաջնության չորրորդ շրջանում Ռուբեն Վարդանյանը պետք է հանդիպեր աշխարհաճանաչ Գուրգեն Շատվորյանի հետ։

Մարտի նախօրեին Շատվորյանի և Վարդանյանի «դիվանագիտական» «ասուլիսը» ծիլ չտվեց… Ռուբենն անգամ ամաչում էր լսել «նախապայման» բառը։

— Կգոտեմարտենք, երբ հաղթի, ես առաջինը կշնորհավորեմ նրան, — պատասխանեց Ռուբենը նաև իր մոտ ուղարկած «դեսպանին»։

Տիտղոսներ չուներ Ռուբենը, դրա համար էլ մրցավարը բավարարվեց մարզասերներին հայտարարելով, որ աշխարհի չեմպիոն, սպորտի վարպետ, Սովետական Միության հավաքականի անդամ Գուրգեն Շատվորյանի մրցակիցը երևանցի առաջին կարգային ըմբիշ Ռուբեն Վարդանյանն է։ Միայն այդքանը։

Իսկապես, Միության ամենաուժեղ ըմբիշներից էր Շատվորյանը, բայց Ռուբեն Վարդանյանի հաղթարշավը հոգեբանորեն ընկճել էր նրան, փորձված մարզիկը ներքուստ կասկածում էր իր այս հանդիպման ելքով, նրան, հավանաբար, հետապնդում էր այն միտքը, որ «անսազական է» աշխարհի չեմպիոնին առաջին կարգայինին տարվելը… Դե, ինչ կա որ, մարդկային է այդ զգացումը և դրանում ոչ մի գորշություն չկա։

Ռուբենն էլ մտածելու պատճառ ուներ, չէ՞ որ այդ հաղթանակով նա մուտք էր գործում երկրի հավաքականը և նվաճում սպորտի վարպետի ցանկալի կոչումը։ Հաղթեց կամքը։ Գորգի մրցավարի սուլոցը հաղթական ավարտ էր նշանակում։ Ռուբենը բարձրացրեց թիակներին պառկած Շատվորյանին և ներողամիտ ժպիտով սեղմեց նրա ձեռքը…

— Ապրես, Ռուբեն, — ասաց Շատվորյանը, և գիրկընդխառն թողեցին գորգը։

Ռուբենն արդեն ՍՍՀՄ հավաքականի անդամ էր, ՍՍՀՄ սպորտի վարպետ։

… Լինել առաջինը, նշանակում է կողմնորոշվելու իրավունք տալ շատերին, նշանակում է քո թելադրած ոճը որպես զենք օգտագործելու են քո դեմ, ուրեմն…

Ուրեմն Ռուբենը պետք է հաղթեր նաև «Ւսկրա» կամավոր մարզական ընկեցության կենտրոնական խորհրդի միութենական առաջնությունում։ Ճիշտ է, մասնակիցների կազմով այդ մրցումը զիջում էր նախորդին, բայց և այնպես միութենական առաջնություն էր, որտեղ գնահատական պետք է ստանային թե անհատները և թե հանրապետական հավաքականները։

Եվ ահա Լվովում մեկնարկ վերցրեց 1951 թվականի խոշորագույն միջոցառումներից մեկը ևս։

Հայաստանի թիմը թույլերից չէր, բայց թույլ չէին և նրա հակառակորդ թիմերը։ Հավաքականի մարզիչ, Միության անվանի ըմբիշ Արտաշես Կարապետյանը, ինչպես դա ամենուրեք և միշտ է արվում, իր հաշվարկն էր կատարել։ Այդ հաշվարկի, ինչպես ասում են, մեխը Ռուբեն Վարդանյանն էր։ Մարզիչը կայանալիք բոլոր գոտեմարտերում Ռուբենին տվել էր հաղթանակ ու հետո, դրան ավելացնելով թիմի մյուս անդամների պայմանական հաղթանակներն ու պարտությունները, հանգել էր այն եզրակացության, որ Հայաստանի թիմը պետք է որ դուրս գա մրցանակային տեղ։

Դա հարցի տեսական կողմն էր, ուժերի գործնական լուծումը գորգի վրա էր տեղի ունենալու, մարտաբեմում պետք է երևային թե մարզիկների և թե մարզիչների կարողությունները:

Ռուբենը, իսկապես, մի քանի գլխով բարձր էր իր հակառակորդներից, դա զգում էին և գոտեմարտող ըմբիշները, և մրցավարները, դրա համար էլ այդ քաշային կարգի ըմբիշները պայքարում էին երկրորդ տեղի համար։

Անհավատալի էր, բայց Ռուբենը թույլ տվեց ճակատագրական սխալ։ Երրորդ գոտեմարտում, զգալով իր բացարձակ առավելությունները, Ռուբենը սկսեց կատակներ անել հակառակորդի հետ։ Այդ ինչպես էր նա մոռացել կյանքի այն ճշմարիտ ապացույցը, որ հակառակորդին արհամարհելը կես պարտություն է, որ թույլ հակառակորդը ավելի վտանգավոր է իր նպատակադրումներում։ Եվ, ահա, օգտվելով իր ուժեղ մրցակցի մեծամտությունից, այո, այո, ուրիշ կերպ չես բնութագրի այդ սխալը, Ռուբենի հակառակորդը օգտագործում է հարմար պահը։ Մինչ Ռուբենը կկատարեր հակահնարք, լսեց կրծքավանդակում կոտրվող ոսկորի չթոցը և, իհարկե, խելակորույս ցավը խաղացրեց իր գերանդին…

Վայրկյանի տասնորդական տևողությունն էլ շատ էր որոշում ընդունելու համար։ Հակառակորդը գրոհում է, իսկ քո կոտրված կողը վտանգի տագնապ է աղաղակում…։ Ժամանակի այդ շատ փոքրիկ հատվածում իրադրությունը քեզ թելադրել է բարդ խնդիր՝ պարտվում ես գոտեմարտը և առաջնությունն՝ ընդհանրապես, թիմը ետ է մղված, սխալի գինը այնքա՜ն թանկ է, որ… Այո, այո, բարդ խնդիր է առաջադրել իրողությունը, վայրկյանի ամենափոքրիկ մասնիկը։ Օրինական ելքը մեկն է՝ հանձնվել պատճառի մասին տեղյակ պահելով մրցավարներին։

Ռուբենն ընտրում է «խնդրի» լուծման բարդ տարբերակը: Դե, ֆիզկուլտուրայի ինստիտուտում սովորելը իզուր չի եղել, անատոմիան և ֆիզիոլոգիան, որ նրա սիրած առարկաներն են եղել, հենց այդ պահին հասնում են օգնության:       Համապատասխան շարժումով նա կոտրված կողի ծայրերին «նախնական» տեսք է տալիս, զգում, որ հակառակորդի հետ հավասար պայքար կարող է մղել միայն կանգնած վիճակում։

Գոտեմարտը շարունակվում է։ Միայն ինքը, Ռուբենը, իմացավ, թե որքան դժվար էր այդ մենամարտում նվաճած հաղթանակը…

Բայց ի՞նչ հաղթանակ։ Ռուբենը այլևս չէր շարունակելու գոտեմարտը։ Որպեսզի Հայաստանի թիմը դուրս գար միութենական երկրորդ մրցանակային տեղը, հարկավոր էր, որպեսզի նա ևս երեք գոտեմարտի հերոս դառնար, այո, նրա անհատական երրորդ տեղն էլ քավ էր դրա համար։

… Թե թիմի տղաները և թե մարզիչը զարմացել էին Ռուբենի «քաղաքավարության» վրա, իսկ գոտեմարտը վարող մրցավարները, որ ծանոթ էին հայ ըմբիշի հարձակողական ոճին, ստիպված, դիտողություններ էին անում «կեղծ» և «ծույլ» մարտ վարելու Համար։ Ինչո՞ւ է փոխել իր ոճը, ինչո՞ւ է գերադասում գոտեմարտել կանգնած վիճակում՝ այս զարմանքն էր շշնջում շրթից-շուրթ։

Վեցերորդ անընդմեջ հաղթանակից հետո միայն, երբ ապահովված էր թիմի հաղթանակը, Ռուբենր հայտնեց, որ կողոսկրը կոտրված է։

… Ռուբենը նստեց հանդիսատեսի աթոռին։ Չեմպիոնի կոչման համար արդեն ազատ շունչ քաշելու իրավունք ստացան ՍՍՀՄ չեմպիոն, սպորտի վարպետ և երկրի հավաքականի անդամ թբիլիսցի Վասո Իլուրիձեն և ՍՍՀՄ առաջնությունների բազմակի մրցանակակիր, սպորտի վարպետ Ֆոմա Իոանիդին (Ալմա-Աթա)։ Բախտը ժպտաց Վասոյին։ Բայց և այնպես, թե Վասոն և թե Ֆոման Ռուբենին ասացին, որ անցանկալի պատահարը միայն իրենց պարգևեց ոսկին և արծաթը։

Ռուբենը գնահատում էր իր սխալը, նա ափսոսում էր, որ այդ առաջնության մրցումներում ինքը զրկվեց երկրի ուժեղագույն ըմբիշների՝ Վասոյի և Ֆոմայի հետ ուժեր չափելու հնարավորությունից, բայց ներքին մի զգացում հանգստացնում էր նրան, խրատական կարդում առավել մեծ մրցաշարից առաջ։

Վասոն և Ֆոման, ինչ խոսք, ուրախ էին իրենց ճակատագրի համար, բայց նրանք էլ ունեին իրենց ներքին ապրումները։ Չէ՞ որ մեկ ամսից էլ քիչ ժամանակ էր մնացել մինչև Արհմիությունների Համամիութենական սպարտակիադայի օրը, միջոցառում, որը պարզապես նույնն է, ինչ Սովետական Միության առաջնությունը կամ Սովետական Միության ժողովուրդների սպարտակիադան։

Արդյո՞ք Ռուբենը այս կարճ ժամանակում կապաքինվի՝ այս միտքը ավելի շատ զբաղեցնում էր հավակնորդ ըմբիշներին, քան որևէ մեկին։

Ռուբենը «Իսկրա» ընկերության Համամիութենական հավաքի ուսումնամարզական պարապմունքներին մասնակցում էր որպես հանդիսատես: Այո՛, հանդիսատես, բառի իսկական իմաստով։ Բայց հավաքի մասնակիցները և մարզչական ու կազմակերպական ղեկավարները զգում և հասկանում էին Ռուբենին, նրանք բոլորն էլ համոզված էին, որ վերջին ընտրական մրցումներում, ուր պետք է որոշվի, թե ով է պաշտպանելու «Իսկրայի» պատիվը մեծ գոտեմարտում, Ռուբենը դուրս է գալու գորգասպարեզ։ Չի կարող պատահել, որ մեծ կամքի տեր ըմբիշը, ըմբշամարտը խելահեղորեն սիրող մարդը հանդիսատեսի տոմսով դահլիճ մտնի։

Այդպես էլ պատահեց։ 20 թե 25 օր հետո սկսվեց մարզական ընկերության հավաքականի ընտրական գոտեմարտը։

Որքա՜ն էր խրատվել Ռուբենը իր թույլ տված սխալից։ Նա, արդեն լրիվ առողջ, գորգի վրա էր։ Թե Վասո Իլուրիձեն և թե Ֆոմա Ւոանիդին այդպես էլ «չկարողացան» հասկանալ, թե ինչպես «նոկաուտի» ենթարկվեցին ։ Բայց մի բան պարզ գիտեին, որ մի քանի օրից հետո երկրի մեծ գորգի վրա իրենց վատ են զգալու նաև Ռուբենի մյուս հակառակորդները:

Ուժ, գիտելիք, մարտավարելու արվեստ և գումարած… խրատը։ Ահա սրանք էին Ռուբենի զենքերը արհմիութենական կամավոր մարզական ընկերությունների համամիութենական առաջնության գոտեմարտում։

Արդյու՞նքը։

Արդյունքը՝ չեմպիոնի ոսկե մեդալը։

Комментарии закрыты