Ըմբշամարտի դեսպանը. Հայրենիքի պատիվը քո պատիվն է

Սերգեյ Հակոբյան, Ըմբշամարտի դեսպանը, Երևան, 1973թ.

 

1954 թվական։ Լիբանան, Եգիպտոս։

Մինչ Եգիպտոս ժամանելը մեր ըմբիշները երկու գոտեմարտ պետք է անցկացնեին Բեյրութում։ Սովետական Միության Հավաքականի ժամանելուց դեռևս մեկ շաբաթ առաջ մարզասերները դրամարկղներում չէին թողել և ոչ մի տոմս։ Այդ օրերին իրենց երջանիկ էին համարում նրանք, ովքեր գրպաններում ունեին Սովետական Միության և Լիբանանի ըմբիշների հավաքականների հանդիպման այցետոմսերը։

— Դժվար չէր նկատելը, որ բեյրութահայերը ևս մրցության մեծ սիրահարներ էին, — ասում է Ռուբենը։ —Մեծ ծաղկեփնջերը գրկած, նրանք զբաղեցրել էին առաջին շարքերը և սկսել դեռ չսկսված մենամարտի մեկնաբանումները:

Դրանում զարմանալու պատճառ չկար, չէ՞ որ սովետականի հավաքականում հայրենակարոտ մարդիկ պետք է տեսնեին Ռուբեն Վարդանյանի, Հարություն Տերյանի, Գուրդեն Շատվորյանի գոտեմարտերը։

ruben-vardanyan-9

Արտասահմանյան գործուղման այդ մենամարտը Ռուբենի համար յուրօրինակ քննություն էր, հոգեֆիզիկական ինքնաճանաչման ստուգատես։ Նա այդ օրը պետք է մենամարտեր թուրք ըմբիշի հետ, որը բավականին լուրջ հակառակորդ էր։

Եթե ըմբիշները շուտ են հասկանում միմյանց, գորգի վրա կարճ հետախուզումից հետո արդեն իմանում են մեկը մյուսի առավելությունները, ապա դժվար է այդպես շուտ ճանաչել հանդիսատեսին ու մրցավարներին։ Նրանք իրենց վերաբերմունքով կարող են բեկբեկել մրցման ընթացքը։ Իսկ երբ հանդիսասրահ մտնողների տոմսերից բացի ստուգվում են նաև… գրպաններն ու փաթեթները, ապա այդ զգուշությունը ևս հոգեբանական «մանրուք չէ»։

Ռուբենի դեբյուտը հաջող էր։ Նա շատ շուտ է մաքրում հաշիվը հակառակորդի հետ, գեղեցիկ հնարքով գետնում է նրան։ Բայց մրցավարը «չգիտես» ինչու չի ուզում նկատել այն, որին համաձայն է անգամ պարտվողը։ Փոթորկվող դահլիճի առաջին շարքերում խանդավառություն է՝ «պահիր այդպես, սեղմիր», հուզված է դահլիճի խորքը՝ «փախիր տակից»:

Երբ մրցավարը չի սուլում, ուրեմն մարտը պետք է շարունակել։

Ռուբենը, ինչ խոսք, մեծ առավելությամբ շահեց այդ գոտեմարտը, բայց և այնպես այդ օրը նա շատ բան սովորեց միջազգային գորգի վրա…

…Ալեքսանդրիայի մարզասերները արդեն գիտեին մեր հավաքականի բոլոր անդամներին, գիտեին անգամ, թե ով ում հետ է գոտեմարտելու։ Մեր տղաներին առավել լավ էին ճանաչում Եգիպտոսի ըմբիշները, չէ՞ որ նրանցից շատերն արդեն մեր երկրում հանդիպումներ էին ունեցել։ Ենթադրությունների ու կարծիքների գագաթնակետը, սակայն, Հասան — Շատվորյան կայանալիք գոտեմարտն էր։ Այդ ալեկոծվող զգացումներն անհիմն չէին, չէ՞ որ Եգիպտոսի զինված ուժերի ներկայացուցիչը, Սայիդ Հասանը, օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիրն էր, իսկ Գուրգեն Շատվորյանը՝ աշխարհի չեմպիոն։ Կիսամիջին քաշի այդ ըմբիշների դեռ չկայացած գոտեմարտում մարզասերները հաղթանակը արդեն շնորհել էին Հասանին, քանի որ արտակարգ ուժի տեր ըմբիշը երբեք չէր եղել այնպիսի պատրաստ վիճակում, ինչպես այս անգամ։

Բայց… պատահեց անսպասելին։ Մրցությունների նախօրյակին Շատվորյանը հիվանդացավ։ Ավելին, այդ քաշում մեր հավաքականը չուներ փոխարինող։ Օրինական ելքը նման դեպքերում մեկն էր՝ թիմի բոլոր մարզիկները պետք է իրենց քաշային կարգերը իջեցնեին մեկ աստիճանով, մի բան, որը լիովին կխախտեր թիմի աշխատունակությունն ու հոգեբանական պատրաստվածությունը։

Շոգեբաղնիսում անցկացված «ժողովում» թիմի անդամները միաբերան խնդրեցին Ռուբենին հանդես գալ մեկ աստիճան բարձր քաշային կարգով, հանուն թիմային հաղթանակի։ Մարզիչները ևս համաձայն էին այդ մտքին, սակայն առաջարկել չէին կարող, քանի որ դա կնշանակեր արհեստականորեն և նախապես անհատական պարտություն գրանցել ըմբիշին, և դա այն դեպքում, երբ Ռուբենին հարկ կլինի գոտեմարտել աշխարհի ուժեղագույն ըմբիշներից մեկի հետ։

Վիճակն անելանելի էր, խոսքը՝ Ռուբենինը։

Մեր տղաները շատ լավ գիտեին, որ այդ պահին Ռուբենը սրտում հույզերի և զգացումների մեծ ալեկոծում է կատարվում, որ… իրենց խնդրանքը մի քիչ էլ դաժան է։ Ռուբենը չի մերժում ընկերների խնդրանքը, ավելին, համոզում է ավագ մարզիչ Վիկտոր Սոկոլովին, որ ամեն ինչ լավ կլինի։ Տեղական թերթերն անմիջապես հայտարարեցին, որ Սայիդ Հասանի հակառակորդը լինելու է երևանցի Ռուբեն Վարդանյանը։

— Քաղաքապետարանի մարզասրահը ասես գործող փեթակ լիներ։ Ավելի քան տասը հազար մարզասեր շնչում էր գորգի վրա աշխատող ըմբիշների հետ ու միաբերան վանկարկում՝ «Սա-յիդ, Սա-յիդ»։ Գոտեմարտի առաջին վեց րոպեն, սակայն, ավարտվեց Ռուբենի շահած վեց միավորի առավելությամբ։ Պարտվե՞լ սեփական տանը, այս միտքն էր հավանաբար մոլուցքով լցրել արաբ ըմբիշի սիրտը, ու, հավանաբար, դրա համար էլ նա մարտի երկրորդ կեսը սկսեց բուռն գրոհներով։ Փորձված ըմբիշին Ռուբենը պատասխանում էր գոտեմարտելու փայլուն արվեստով։ Հասանի նյարդե՞րը դավաճանեցին , թե՞ օթյակներում նստած կառավարական ու ռազմական ղեկավարների ներկայությունը, կամ էլի գուցե մի այլ պատճառ, դժվար է ասելը։ Բայց ինչ էլ լինի, նա կատարեց անթույլատրելին՝ ուժեղ ապտակեց Ռուբենին, հանցանք, որի համար ըմբիշը հեռացվում է գորգից և որակազրկվում։ Գորգի մրցավարը անմիջապես դադարեցնում է մարտը և ապշած նայում կողային մրցավարներին։ Վերջիններս գլխի շարժումով հաստատում են Հասանի անպատվաբեր արարքը։ Մինչ գորգի մրցավարը կհայտարարեր գոտեմարտի ավարտը և իհարկե, Ռուբենի հաղթանակը, Ռուբենը մոտենում է Հասանին, սեղմում նրա ձեռքն այնպես, որ ասես թե ոչինչ չի պատահել և առաջարկում է մարտը շարունակել։ Քարացած դահլիճը պոռթկում է, իսկ մարտավարներն ազատ շունչ են քաշում, չէ՞ որ հայ ըմբիշը նրանց դուրս բերեց անելանելի վիճակից ու հետագա գլխացավանքներից։ Զգայուն հանդիսատեսը փոխում է իր վերաբերմունքը, այժմ ամբողջ դահլիճը միաբերան վանկարկում է «Վար-դան-յան, Վար-դան-յան):

Երբ մարտն ավարտվեց, ոստիկանությունը հազիվ կարողացավ պահել գորգը գրոհող հանդիսատեսին, շատերն էին ուզում սեղմել Ռուբենի ձեռքը թե հաղթանակի և թե մեծահոգության համար։ Պարտված Հասանը իր ցավքաշներից այդ օրը նախատինքի շատ խոսքեր լսեց։

Դանտա տեքստիլագործների քաղաքում Ռուբենը տարավ երրորդ հաղթանակը։ Մասնագետներն ու մարզասերները այս անգամ էլ ավելի շատ խոսեցին սովետական ըմբշի բարոյական մեծության մասին։

Պատահեց այսպես։ Գոտեմարտին մնացել էին հաշված րոպեներ, բայց Ռուբենի հակառակորդը, Մուստաֆա Աբդ էլ Մեն, չէր երևում, ավելին, չէր անցել կշռվելու արարողությունը։ Իսկ երբ «հայտնաբերվեց» վերջին պահին ու կանգնեց կշեռքի վրա, պարզվեց, որ նա շատ ծանր է և հաջորդ քաշային կարգի ըմբշի հետ միայն իրավունք ունի գոտեմարտելու։

Այո, կարգն այդպես է։ Երբ 1953 թվականին Նեապոլում անցկացված աշխարհի առաջնության մրցումներում թուրքական թիմի կիսամիջին քաշի ըմբիշին կշռելիս պարզվեց, որ նա 62 կիլոգրամից ավել է, ապա միակ ելքը քաշը գցելն էր։ Մարզիչը նրան, հագցնելով խալաթ, ստիպում է վազվզել։ Բայց հաջորդ կշռումի ժամանակ տեսնելով, որ քաշը դարձյալ ավել է և ժամանակն էլ քիչ, ապա մարզիչը հանում է մկրատը և… խուզում ըմբիշի մազերը։ Դա էլ չի փրկում, քաշի փոքրացման և հաջորդ «միջոցառումներն» ավելորդ էին, քանի որ մարզիկների կշռման արարողությունն ավարտված էր։ Թուրքական ըմբիշները ստիպված հանդես են գալիս ոչ լրիվ թիմով։

Թվում էր, թե Ռուբենի բախտը բերեց։ Բայց նա չի մերժում մարզիչի ու մարզիկի գոտեմարտելու խնդրանքները, ավելին, հայտնում է «վերադասին», որ ինքը չի առարկում հակառակորդի ծանր քաշի համար։

…Կառավարական ընդունելության ժամանակ ճաշասեղանի շուրջը Ռուբենին հանգիստ չէին տալիս նրա հակառակորդները։ Հյուրասիրություն, հյուրասիրություն… Իսկ Սայիդ Հասանը, որ ոչ մի կերպ չէր կարողանում ներել ինքն իրեն, մոտենում և իր արարքի մասին պատմում է Աբդել Նասերին…

… Չգիտեմ, կարդացի՞ն Եգիպտոսի ըմբիշները իրենց «հակառակորդի» բողոքի ձայնը թե ոչ, այնուհանդերձ Ռուբեն Վարդանյանը 1956 թվականին «Հայաստանի ֆիզկուլտուրնիկի» նոյեմբերի 7-ի համարում «Ձեռքներդ հեռու Եգիպտոսից» իր զայրույթի խոսքում ասել է. «1954 թվականի դեկտեմբերին Սովետական Միության դասական ըմբշամարտի հավաքական թիմի հետ ես եղա Եգիպտոսում։ Մենք ընկերական հանդիպումներ ունեցանք Կահիրեի, Ալեքսանդրիայի և այլ քաղաքների ըմբիշների հետ։ Ամենուրեք մենք տեսանք եգիպտական խաղաղասեր ժողովրդի ստեղծագործ աշխատանքը։ Մեծ զայրույթով ես լսեցի Եգիպտոսի խաղաղ քաղաքները և գյուղերը ռմբակոծելու մասին։

«Դադարեցնել պատերազմական գործողությունները Եգիպտոսում», «Ձեռքներդ հեռու Եգիպտոսից» — աշխարհի միլիոնավոր խաղաղասեր մարդկանց կոչին եմ միացնում ես իմ ձայնը»։

Комментарии закрыты