Ըմբշամարտի դեսպանը. Ձգտում՝ գումարած համեստություն

Սերգեյ Հակոբյան, Ըմբշամարտի դեսպանը, Երևան, 1973թ.

 

«Վոլգա» մեքենան, խախտելով քաղաքային երթևեկության կանոնները, մեծ արագությամբ սլանում էր փողոցներով: Քանի-քանի անցորդներ հայացքով «ճանապարհ գցելով» մեքենային, զայրույթի խոսքեր շպրտեցին վարորդի հասցեին։ Իսկ եթե իմանային… Նրբանցքներից մեկում «Վոլգան» հոլադարձումով կանգնում է ընթացող բեռնատարի առջևում, փակելով նրա ճանապարհը։

Տեսնելով մարդատարի սեփական պատկանելությունը ցույց տվող համարը, բեռնատարի վարորդը համարձակորեն և հայհոյանքներով դուրս է գալիս խցիկից… «Հանգիստ» շարժ ու ձևով մեքենալից դուրս է գալիս մարդատարի վարորդը։

ruben-vardanyan-13

Ռուբեն Վարդանյանի ամենասիրած հնարքներից մեկը, որը նրան բերել է շատ հաղթանակներ

— Ես կարծում էի, թե գնում ես միլիցիայի բաժանմունք հանձնվելու, բայց բանից պարզվում է, որ վատ վարորդ լինելուց բացի դու նաև վատ մարդ ես, — այս խոսքերով է դիմավորում իր «կոլեգային» «Վոլգայի» վարորդը։

— Տեսեք, մի բան էլ ես եմ պարտք մնում, — ձեռքերը տարածում է բեռնատարի տնօրենը՝ հայացքով հետախուզելով հավաքված մարդկանց։

— Երեխա ես գցում մեքենալի տակ և անամոթաբար փախչում,—շարունակում է «Վոլգալի» տերը և գրպանից հանում, ցույց է տալիս փոքրիկ մի տոմս։ Հետո, ասես ժամանակ չկորցնելու համար, ինքն է ներկայանում՝ Ռուբեն Վարդանյան, Երևան քաղաքի դատախազի հասարակական կարգով օգնական։

Մինչ հանցագործ-փախստականը կկակազեր, դատախազի օգնականը նրան ցույց է տալիս շիտակ ճանապարհը՝ մեքենադ վարիր միլիցիայի բաժանմունք…

Զարմանայի, այո, այո, զարմանալի մարդ է Ռուբեն Վարդանյանը։ Ինքնամոռաց աշխատանքի որքա՜ն եռանդ կա նրա երակներում։ «Աշխատանք» մարզական ընկերության մայրաքաղաքի խորհրդի նախագահն է, պաշտոն, որի անվանումն արդեն ինքնին ցույց է տալիս անելիքների ծավալը, մարզիչ է, մրցավար։ Այս բոլորից հետո՝ հասարակական հանձնարարություններ։

— Չեմ չափազանցնում, ես հաճախ մոռանում եմ, թե որն է վարձու և որը՝ հասարակական աշխատանքը, — ասում է Ռուբենը:

Նրա խոսքերում այնքա՜ն շիտակություն կա և այնքա՜ն պարզություն, որ չհավատալ չես կարող։ Առանց որևէ երկմտանքի համոզվում ես, որ ինքնամոռաց աշխատանքով է նա այդ վստահությանն արժանացել։ Ւսկ քչերը երևի գիտեն, որ նա անհամար անգամ է իրեն ռիսկի ենթարկել քաղաքացիների հանգստի ու անվտանգության համար, անհամար անգամ է իր պիրկ բազուկներով ոլորել դանակ խաղացնող չար ձեռքերը, հետամուտ եղել հանցագործների ետևից՝ կարգի հրավիրել քաղաքի պատիվն արատավորող պարծենկոտներին:

Մարդուն սիրել է պետք, հարգել և դաստիարակել։

Ռուբենի մարդասիրության մասին օրինակներ որքան ուզեք, և ահա դրանցից մեկը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոլդուեր քաղաքում արդեն ավարտվել էր դասական և ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը և մեր թիմը ժամանել էր Նյու-Յորք։

Երեկոյան ժամն էր, Ռուբենը զբոսնում էր հյուրանոցի շուրջը, երբ տեսավ, թե ինչպես մի ծերունի սայթաքեց մայթեզրին և վայր ընկավ։ Հարվածն այնպես ուժեղ էր, որ ծերունին չէր կարողանում բարձրանալ։

Ռուբենն այն է, ուզում էր մոտենալ ծերունուն, բայց շրջապատի անտարբերությունը մի ակնթարթ գամեց նրան։

Զարմանալի է, մարդ է ընկել, այն էլ ծերունի, օգնության կարիք ունի, բայց անցորդներից և ոչ ոք չի ուզում նկատել մարդուն:

Օրե՞նք է, թե՞ էլի ինչ…

Ռուբենը չի համբերում, արագորեն մոտենում է ծերունուն, բարձրացնում է և օգնում նրան նստելու մի քանի քայլի վրա գտնվող նստարանին։

Ծերունու օտար լեզուն Ռուբենը չի հասկանում, բայց դժվար չէր կռահելը, որ նա շնորհակալական խոսք էր ասում։ Միայն մեկ՝ «սովիետ» բառով Ռուբենը հասկացրեց, որ ինքը տեղացի չէ։

Ծերունին շեշտված երկարացումով արտասանեց «սովիետ» բառը։ Անցորդներից շատերը կանգնել ու նայում էին…

Հայրենասիրություն։ Թերևս այս մեկ բառով կարելի լինի ամփուիել Ռուբեն Վարդանյանի աշխատանքային ամեն օրը, ամեն տարին։ Երբ սիրում ես քո գյուղը, քո քաղաքը, քո հանրապետությունը, նշանակում է դու մայր հայրենիքի ազնիվ զավակն ես։ Ճշմարտություն է, որ հայրենիքի պաշտպանական դիրքերում հերոսանում է նա, ով հերոսական գործ է կատարում խաղաղ օրերի աշխատանքային ճակատում։

Թե մի կաթիլ արյունով կարելի է պարզել մարդու օրգանիզմի առողջական վիճակը ու մի բաժակ ջրով՝ ծովի ջրերի որակը, ապա այդպիսի «մանրուքով» էլ կարելի է իմանալ մարդու հոգու անաղարտությունը, նրա մտածելակերպը, նրա էությունն ամբողջապես։ Ահա մի փոքրիկ էպիզոդ։

Հարցեր…

Որքա՜ն բազմապիսին են լինում։

Հարց կա, որ արևի շողք ունի, հարց կա օձի թույն է։

Հարց տվողներն էլ այդպիսին են լինում, մեկը արևի շողքն ունի, մյուսը՝ օձի լեզու։

Ահա այդպիսի մի մարդ այսպիսի մի հարց տվեց Ռուբեն Վարդանյանին 1970 թվականին Թեհրանում, երբ նա սովետական ըմբիշների հավաքականի կազմում գնացել էր մասնակցելու միջազգային ավանդական մրցումներին.

— Պարոն Վարդանյան, դուք միլիոնատե՞ր եք…

Կնճռոտ հարցին Ռուբենը պատասխանում է.

— Ես չգիտեմ, թե դուք ումն եք համարում միլիոնատեր, բայց ես, իրոք, այդպիսին եմ։ Ինքներդ դատեցեք, ունեմ երջանիկ ընտանիք, ծնողներ, եղբայրներ, ընկերներ և մեծ հարգանք: Ապրում եմ Երևանում։ Ունեմ հարմար բնակարան, սեփական ավտոմեքենա: Ավարտել եմ ուսումնական երկու բարձրագույն հաստատություն։ Հիմա ինքներդ դատեցեք, միլիոնատեր եմ, թե ոչ։

Հոյակապ կենսագրական, բազմաթիվ կոչումներ։ Սպորտի վարպետ է, Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, իսկ այս ամենին զարդարողը, որ բոլոր կոչումներից բարձր է, համեստությունն է։

Անսպառ փորձ ու գիտելիքներ ունի, բայց լսում ու սովորում է իր րնկերներից։

— Կազմակերպական հարցերում ես հիմա էլ եմ սովորում իմ ավագ ու կրտսեր ընկերներից, — ասում է Ռուբենը։ — Յուրա Բաբայանի հետ մարզընկերներ ենք եղել, բայց նրանից հիմա էլ սովորում եմ մարզական ընկերության աշխատանքները վարելու արվեստը, ստվերի նման «հետապնդում եմ» Հայաստանի ճանաչված մարզիչ Աշոտ Քարամյանին նրա աշխատանքային փորձին ծանոթանալու համար, տեսական որքա՜ն հարցեր եմ պարզաբանում հանրապետության ըմբշամարտի ճանաչված մասնագետ Կառլեն Աթոյանի հետ։

Արդյո՞ք սովորելու այսպիսի ձգտումն ու այսպիսի համեստությունը չեն եղել այդ փայլուն կենսագրականի տանող անիվները, այն անիվները, որոնք այժմ էլ առաջնորդում են դեպի նորը։

1951 թվականին Հայաստանի մարզական շարժման ղեկավար Հայրո Հայրապետյանը սպորտի վարպետի կրծքանշանը հանդիսավորությամբ հանձնելով Ռուբենին, համբուրեց և ասաց.

— Ետպատերազմյան առաջին սպորտի վարպետը դարձար մեր հանրապետությունում, դա խորհրդանշող է։ Ուրեմն այդ կրծքանշանը մշտապես պետք է կրես քո կրծքին:

Հավատում ես, որ այսուհետ էլ Ռուբենի յուրաքանչյուր նվաճումը դեպի մարզաշխարհ է կանչելու ու ոգեշնչելու հարյուր հարյուրավոր հայ պատանիների ու երիտասարդների։

Комментарии закрыты