Ըմբշամարտի դեսպանը. Մարզիչը

Սերգեյ Հակոբյան, Ըմբշամարտի դեսպանը, Երևան, 1973թ.

 

Մարզիչ։ Թվում է, թե այս գոյականը շատ է «հնացել» ու իր իմաստով էլ «չի համապատասխանում» իրականությանը… Իսկապես, այսօրվա մարզիչը երեկվա մարզողը չէ, այսօր ավելի շուտ գիտությունն է ակնարկվում ու գիտության մարդը: Ռուբեն Վարդանյանն ավարտել է ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտը և Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Արդյո՞ք այդ երկու բարձրագույն ուսումնական հաստատությունները գիտական փայլ չեն սփռում մարզչի վրա, չեն բացահայտում այն բազմակողմանիությունը, առանց որի մարզական նվաճումը այժմ աներևակայելի է։

Մարզիկ և մարզիչ՝ Ռուբենի մարզական կենսագրականի զուգահեռ մայրուղիներն են ասես։ Դժվար է, ճիշտ է, մարզիչ լինելը, բայց ինչպիսի հաճելի զգացումներ ես ապրում, երբ տեսնում ես, թե ինչպես քրտնաջան աշխատանքը տասնյակ ու հարյուրավոր մարդկանց երջանկություն է պարգևում, երբ երազող ու խենթ հովերով տարված բազում պատանիներ քո խրատականով են կանգնում կյանքի ճիշտ ճանապարհին։ Ւնչպե՞ս չուրախանա Ռուբենը, երբ նրա սանը, սպորտի վարպետ Սուրեն Հովհաննիսյանն այժմ աշխատում է դիսերտացիայի վրա, կամ ամեն առիթով, երբ ըմբիշ Գևորգ Հարությունյանի տանը խնջույքի սեղան է բացվում, ապա նա, անկախ այն բանից, ներկա է Ռուբենը, թե ոչ, առաջին բաժակով կենաց է բարձրացնում Ռուբենի համար։

ruben-vardanyan-11

Թեհրանի միջազգային ավանդական մրցումներում միջազգային կարգի մրցավար Ռուբեն Վարդանյանը հաղթանակը շնորհում է աշխարհի չեմպիոն Թելաբիին

— Ես այժմ հասկանում եմ, թե ինչքան եռանդ ու ժամանակ սպառեց Ռուբենն ինձ վրա, — ասում է Գևորգը։ — Իսկ եթե ասեմ, որ ես միակը չեմ եղել, ապա դժվար չի լինի պատկերացնել մարզիչ-դաստիարակի կատարածը։ Իսկապես, իր ուրույն ոճը, կամ ինչպես ասում են, իր անհատական ձեռագիրն ունի Ռուբենը։

— Միշտ և այժմ էլ իմ սաների ընտրության գործում շրջանցել եմ մասնագիտական բծախնդրությունը, — ասում է Ռուբենը։— Սպորտով բոլորը պետք է զբաղվեն, ուրեմն հարկավոր է նպատակի հիմքում դնել առողջ քաղաքացիներ պատրաստելը։ Ես շատ եմ նկատել, որ իմ խմբերում պարապող ըմբիշներից ոմանք հեռանկարներ չունեն, բայց և այնպես նրանց չեմ «կրճատել», չէ՞ որ ի վերջո ֆիզիկական դաստիարակության մեր սիստեմի նպատակը սոսկ չեմպիոններ պատրաստելը չէ։

Մարզիչ Ռուբեն Վարդանյանը, ինչ խոսք, իր ավելի քան քսանամյա գործունեության ընթացքում հարյուրավոր կարգայիններ է պատրաստել, նրա սաներից շատերը մեծ գորգերի վրա հաջողությամբ են ցուցադրել իրենց արվեստը։ Անհնարին է ընթերցողին ներկայացնել բարձր կարդայինների հաշվառման մատյանն ամբողջությամբ, բայց և այնպես ես իմ ծոցատետրում կատարել եմ մի փոքրիկ քաղվածք, որը «առանց մշակման» էլ ուզում եմ մեջբերել։ Կարծում եմ այդ «չոր թվարկումն» էլ շատ բնութագրող է։

Սիմոն Ղազարյան։ Սպորտի վարպետ, հանրապետության բազմակի չեմպիոն, Սովետական Միության գյուղական երիտասարդության կրկնակի չեմպիոն, «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերության միութենական չեմպիոն։

Հենրիկ Վարդանյան։ Սպորտի վարպետ, հանրապետության չեմպիոն, Սովետական Միության գյուղական երիտասարդության մրցանակակիր։

Վիկտոր Հովակիմյան։ Սպորտի վարպետ, հանրապետության բազմակի չեմպիոն։

Հրաչիկ Դադոյան։ Սպորտի վարպետ, ՍՍՀՄ պատանիների կրկնակի չեմպիոն, հանրապետության մեծահասակների առաջնության բազմակի չեմպիոն։

Գևորգ Հարությունյան։ Սպորտի վարպետ։ Հանրապետության բազմակի չեմպիոն, «Բուրեվեստնիկ» մարզական ընկերության միութենական կրկնակի չեմպիոն։

Ստեփան Թովմասյան, Սուրեն Հովհաննիսյան, Բենիկ Աբրահամյան, Ալբերտ Գալստյան, Գառնիկ Բաղդյան… սպորտի վարպետներ, հանրապետության չեմպիոններ։

Իր մարզչական ձիգ ճանապարհին Ռուբենը ղեկավարել է սաների մոտ ուժին հավասար բարոյակամային հատկություններ զարգացնելու սկզբունքով։ Պահանջկոտությունն ու օրինականությունները հաճախ դուր չեն եկել շատերին, բայց հետո, գործնական կյանքում նրանք զգացել-հասկացել են մարզչի «խստությունը»։ Դեռևս 1956 թվականին, ըմբշամարտի Հայաստանի առաջնության մրցումներում, որ անց էր կացվում Լենինականում, պատահեց այսպիսի դեպք: Ռուբենը, որ միաժամանակ և գործող մարզիկ էր, և մարզիչ, այդ օրը պետք է գոտեմարտեր իր…         կրտսեր եղբոր՝ Հենրիկի հետ: Մրցաշարի արդյունքներն այնպես էին դասավորվել, որ Ռուբենի համար այդ գոտեմարտում պարտվելը ոչինչ չէր նշանակում, իսկ Հենրիկի համար ճակատագրական էր։

Հենրիկը, ինչ խոսք, այնուամենայնիվ ուզեց զիջել եղբորը, բայց նախատինքի պատասխան ստացավ։ Հանդիսատեսը հիացավ եղբայրների ազնիվ և անզիջում պայքարով, ավելին, այդ օրը Ռուբենը մրցաշարի ամենակարճ գոտեմարտի ռեկորդ սահմանեց, գետնելով իր եղբորը երկու րոպեում: — Չեմ թաքցնում, ես էլ եմ մեկ-մեկ նեղացել Ռուբենի ծայր աստիճան սկզբունքայնությունից, — ասում է Հայաստանի անվանի ըմբիշ Սիմոն Ղազարյանը, որ ի դեպ Ռուբենի մորաքրոշ տղան է,— բայց հետո համոզվեցի, որ կեղծ մարզումներով ու գոտեմարտերով մեծ ճանապարհ դուրս չես գա: Մարզիչի այս «բնավորությունը» պատճենահանել են նրա բոլոր սաները և հատկապես նրանք, ովքեր անցել են մարզական աշխատանքի:

Երբ վերջերս մարզիչներ Ալբերտ Գալստյանը և Գևորգ Հարությունյանը մարզասրահներից մեկում մոտեցան Ռուբեն Վարդանյանին և շնորհավորեցին, թե՛ «թոռներդ չեմպիոն դարձան», ապա մոտիկից լսողները դա կատակ համարեցին: Բայց իրականում ճշմարտություն էր, այդ օրը մարզիչներ Ալբերտն ու Գևորգը երջանիկ էին առաջին անգամ իրենց սաներին տեսնելով մայրաքաղաքի չեմպիոնի բարձունքին: Եվ ահա շտապել էին այդ երջանկությունը կիսելու այն մարդու հետ, որի շնորհիվ էլ իրենք կրում են մարզիչի կոչումը: Ռուբեն Վարդանյանը դեռ նոր է բոլորել 42-րդ տարին, «մանկական» այդ տարիքն արդեն ինքնին ասում է, որ մարզիչի ճանապարհին դեռևս գարուն է…

Комментарии закрыты