Ըմբշամարտի դեսպանը. Միջազգային հորիզոնականում

Սերգեյ Հակոբյան, Ըմբշամարտի դեսպանը, Երևան, 1973թ.

 

Դժվար է ասելը, թե Ռուբենը երբվանից է սկսել մրցավարական արվեստով զբաղվելը։ Ասում եմ դժվար է, որովհետև մրցավարի և մրցավարության մասին նա այսպես է արտահայտվում։

— Յուրաքանչյուր մարզիկ իր սիրած մարզաձևով զբաղվելու հետ միասին պետք է տիրապետի նաև դատավարական կանոններին։ Նա ինքը պետք է իմանա, թե մրցման ժամանակ ինչն է կարելի և ինչը՝ ոչ։ Մրցավարը, — այնուհետև շարունակում է Ռուբենը, — դաստիարակ է, նա գործ ունի ոչ միայն մրցող մարզիկների հետ, այլ իր վարքով ու գիտելիքներով հանդիսատեսին ուսուցանում է մրցության կանոնակարգը, հանդիսատեսին փոխանցում մրցության գեղագիտական հաճույքը։ Մրցավարն էլ մարզիկի պես պետք է յուրաքանչյուր մրցասպարեզում բարձր պահի իր երկրի և ժողովրդի պատիվը։

Երկրի և ժողովրդի պատիվը…

ruben-vardanyan-12

Մինսկ: Միջազգային մրցաշարի ավագ դատավորը Ռուբեն Վարդանյանն է

Ըմբիշ, մարզիչ, մրցավար։ Ռուբենը շատ ու շատ անգամ է ըստ արժանվույն գնահատվել բոլոր այդ պաշտոններում, բայց այս անգամ գերազանցեց ինքն իրեն։

ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգի Բոլդուեր քաղաքում պետք է սկսվեին պատանի ըմբիշների 1969 թվականի առաջնության մրցումները։ Սովետական Միության հավաքականի հետ օվկիանոսի այն ափն էր ժամանել նաև Ռուբեն Վարդանյանը: Միայն թե այս անգամ հավակնորդ մրցավարի հայտագրով։ Ճիշտ է, Ծաղկաձորում, որն իր բնակլիմայական պայմաններով շատ նման է Բոլդուերին, մեր հավաքականի մարզիչներից մեկը Ռուբենն էր եղել և անգամ ղեկավարել հենց Ծաղկաձորում անցկացված ՍՍՀՄ պատանի ըմբիշների առաջնության դատավորական հանձնաժողովը, բայց այս անգամ նա ևս պետք է քննություն տար միջազգային մրցավարի տիտղոսին արժանանալու համար։ Այո, երեքօրյա տեսական քննությունը նախ նրան պետք է իրավունք տար գորգ բարձրանալու, հետո միայն գործնական մրցավարությամբ արժանանար գնահատումի:

Սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հանձնաժողովը «անելանելի» վիճակում մնաց, Ռուբենի տեսական և գործնական գիտելիքները իրավունք էին տալիս միջազգային առաջին կարգի մրցավարի կոչումը կրելու, բայց երբևէ այնպես չի եղել, որ առանց երրորդ և երկրորդ աստիճանների «դպրոցն ավարտելու» միանգամից շնորհվի այդ կոչման ամենաբարձր աստիճանը։ Ավելին, աշխարհի առաջնության եզրափակիչում, ուր պետք է տեղի ունենար 12 գոտեմարտ, ԱՄՆ-ի, Կանադայի և Ճապոնիայի ներկայացուցիչները խնդրեցին խախտել մրցավարական կարգը, և թուլյլ, տալ, որպեսզի հայաստանցի մրցավարը եզրափակիչում մեկի փոխարեն դատի երեք գոտեմարտ։

Այդպես էլ եղավ, եզրափակիչում, ուր ամեն մի մրցավարի համար պատիվ է թեկուզ մեկ գոտեմարտ վարելը, Ռուբենին վստահվեց երեքը։ Եվ այստեղ էլ, սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հանձնաժողովը թույլ տվեց իր երկրորդ «շեղումը», Ռուբեն Վարդանյանին, շնորհելով միանգամից միջազգային կարգի երկրորդ աստիճանի մրցավարի կոչումը։ Այո, աշխարհի բոլոր ծայրերից, եկած 49 հավակնորդներից միայն 11-ին բախտ վիճակվեց միջազգայինի կոչմանն արժանանալու, իսկ այդ 11-ից էլ միայն Ռուբենը միանգամից ընդունվեց «երկրորդ դասարան»:

Ազնիվ գործը սահմաններ չի ճանաչում, նա ըստ արժանվույն է գնահատվում ամենուրեք։ Բոլդուերյան գորգից հետո, երբ Ռուբենը միջազգային մրցումներ վարեց Թեհրանում, այստեղ ևս իր գիտելիքներով ու սկզբունքայնությամբ «նորույթ» մտցրեց՝ հանդիսատեսը ըմբիշներին ծափահարելու փոխարեն մեծարեց մրցավարին, իսկ տեղի թերթերն ու ամսագրերը այդ օրերին Ռուբեն Վարդանյանի լուսանկարները գունավոր տպագրությամբ մատուցեցին ընթերցողներին: Այս միջազգային մրցությունից Ռուբենը Երևան բերեց լավագույն մրցավարի հատուկ մեդալը:

Աշխարհի 1971 թվականի պատանի ըմբիշների առաջնության մրցումներում, որ անցկացվեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում, Ռուբենը արժանացավ միջազգային առաջին կարգի մրցավարի ամենաբարձր կոչմանը։ Երկրի և ժողովրդի պատիվը բարձր պահելու զգացումից չէ՞ր, որ հենց Տոկիոյի օդանավակայանում գործուղումից վերադարձող մեր անվանի գիտնականներից մեկը՝ իբրև երկրպագու, իր նվիրած բացիկի վրա գրեց. «Մեր ժողովրդի պարծանք, իմ շատ սիրելի Ռուբեն Վարդանյանին։ Նիկողոս Ենիկոլոպյան։ Տոկիո։ 8.5.1971 թ.»։

Комментарии закрыты