Ըմբշամարտի դեսպանը. Շատերից երկուսը

Սերգեյ Հակոբյան, Ըմբշամարտի դեսպանը, Երևան, 1973թ.

 

542 գոտեմարտ, որից պարտություն՝ 38։ Դրան գումարած միջազգային 23 հանդիպում, այդ թվում մեկ ոչ-ոքի և մեկ պարտություն։ Միութենական և միջազգային մրցավարություն:

Միայն պատկերացնել է պետք, թե ինչպիսի սիրտ է բաբախում այս թվերի ետևում, որքան-որքան մարդիկ են ծափահարել հայ դյուցազնին մեր մեծ Միության քաղաքներում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Դանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռումինիայում, Հունգարիայում, Թուրքիայում, Լիբանանում, Իրանում, Եգիպտոսում, Կանադայում, Իտալիայում, Ամերիկայի Միացյալ նահանգներում, Ճապոնիայում…

Բոլորի և ամեն ինչի մասին չես գրի, դրա համար հարկ կլինի շատ ու շատ էջեր լցնել։ Բայց երբ ծաղկաքաղը կատարված էր, այնուամենայնիվ Ռուբենին հարցրեցի, թե իր անցկացրած 565 գոտեմարտերից ո՞րն է այնուամենայնիվ սրտամոտը, նվիրականը, անմոռանալին։

— Անպայման մե՞կը,—ինքն իր հերթին հարցրեց Ռուբենը, և ասես գիտենալով, որ այդպիսի հարց է լինելու, առանց այլևայլության շարունակեց պատմելը։

ruben-vardanyan-10

Երևանի Լենինի անվան հրապարակը շատ հաճախ է հյուրընկալում մարզաշխարհի ընտրյալներին: Ըմբիշների մեծ շարասյունը գլխավորում է Ռուբեն Վարդանյանը

 

—1954 թվականին, Բեյրութ գնալուս առիթով, Երևանի օդանավակայան էին եկել ծնողներս ու հարազատներս։ Հասկանալի է, մթնոլորտը ջերմ էր, ժպիտն ու ծիծաղն անպակաս։ Երբ եկավ հրաժեշտի պահը, հայրս ասես թե փոքր ինչ մռայլվեց, անգամ մի փոքրիկ «չարություն» նկատեցի նրա դեմքին։ Բռնեց ձեռքս և կայծակող աչքերը հառելով վրաս, ասաց. «Պատիվդ գետնով չտաս»։ Երբ անցել էի թռիչքի դաշտը, ետևիցս ձայնեց. «Ռուբեն, լավ նայիր այս սարերին» ու ձեռքով օդում կիսաշրջան գծեց…

Հորս խոսքերը զանգեր խփեցին իմ հոգում, ականջ էի դնում այդ զանգերի ելևէջներին ու ինձ թվում էր, թե ինչ-որ մի կենարար ուժ էր լցվում իմ երակներում։ Իսկապես, իմ առաջին ախոյանը ի՞նչ իմանար, որ գոտեմարտի ամբողջ ընթացքում ես լսում էի հորս խոսքերը…

Ես Ռուբենին ակնարկեցի, որ հավանաբար էլի կա նման մի գոտեմարտ։ Նա շարունակեց.

— 1955 թվականին էր։ Լենինգրադում մեր երկրի հավաքականը պետք է մրցակցեր Շվեդիայի հավաքականի հետ։ Բավ է այնքանն ասելը, որ մեր հակառակորդները մինչ այդ քսան տարի անընդմեջ թագավորում էին աշխարհում, շվեդական ըմբիշները անպարտելիների համաշխարհային ճանաչում ունեին։

Եվ ահա իմ գոտեմարտի նախօրեին ես զանգահարում եմ Երևան, իմ ապագա կնոջը, հարցնում, թե ինչպիսի նվեր կցանկանար, որ բերեի Լենինգրագից։ Թվարկում եմ անգամ նվերների տեսակները, ջանալով շռայլ գտնվել… Լսում է ինձ Աիդան մինչև վերջ ու ասում՝ միայն հաղթանակ։

Այդ պահին ինձ թվաց, թե հոգուս մեջ նորից զանգեր խփեցին հորս խոսքերը… Ես մի քիչ էլ ամաչեցի, թե ինչպես չեմ ճանաչել Աիդային… Հետո… հետո սկսեցի «քննադատել» ինքս ինձ, որ եթե Աիդան չգիտի, որ իմ հակառակորդը լինելու է երիտասարդների աշխարհի չեմպիոն Կառլսոնը, ես հո գիտեի, այդ ինչպե՞ս եղավ, որ նրա խնդրանքին այդպես շուտ համաձայնեցի։

Հաջորդ օրը մեր երկուսի համար էլ ուրախ օր եղավ։

Комментарии закрыты