Ըմբշամարտի դեսպանը. Չնախատեսված էջեր

Սերգեյ Հակոբյան, Ըմբշամարտի դեսպանը, Երևան, 1973թ.

 

Ավարտել էի այս գրքույկը, երբ միտք հղացավ՝ ինչո՞ւ ձայն չտալ մեր մեծ Միության ըմբշամարտի աստղերին, նրանց, ովքեր Ռուբենի հետ միասին այնքա՜ն գործ են արել հայրենասիրական դիրքերում, ովքեր իրենց անձնական օրինակով դաստիարակել են պատանի և երիտասարդ ըմբիշների մի ամբողջ սերունդ։ Թող, մտածեցի, մեր պատանիները կարդան և իմանան, թե ինչպես կարող է ընկերն արտահայտվել ընկերոջ մասին անգամ այն բանից հետո, երբ գոտեմարտում պարտվել է նրանից, ինչպես կարող է մանկավարժ-մարզիչը բնութագրել-գնահատել իր սանին շատ տարիներ հետո։

Սկսվեց նամակների չուն…

Շատ են այդ նամակները։ Ես խնդրել էի մեկին՝ գրել են հինգը, դիմել էի հինգին՝ հանդես են եկել տասը: Ինչպե՞ս է արձագանքվել, ինչպես են նրանք կապված միմյանց հետ: Այդ նամակների հոսքը սոսկ ընկերասիրություն չէ, դա գնահատումի ազնիվ խոսքն է, որ ցանկացել է ասել Ռուբեն Վարդանյանին ճանաչող ամեն մեկը։ Խոսքը Ռուբենին է ուղղված, բայց ոգին նվիրված է նորեկներին, նրանց, ովքեր նոր են բարձրանում գոտեմարտի ասպարեզ…

ruben-vardanyan-14

Ռուբեն Վարդանյանը մենամարտի պահին

 

Նամակներն այնքան շատ են, որ ես որոշեցի կատարել միայն մեջբերումներ։ Այդ կարճագրություններն էլ բավական են, որպեսզի մեր պատանի ընթերցողները իմանան, թե ինչպես բարձր է գնահատվում հայրենասիրությունը, թե ինչպես կարող է հայրենասեր մարդը վայելել մեծ ճանաչում։

Ուրեմն ձայնը տանք … նամակներին։

Արկադի Լենց։ ՍՍՀՄ վաստակավոր մարզիչ, սպորտի վարպետ, 12-րդ երիտասարդական խաղերի չեմպիոն, ըմբշամարտի ՍՍՀՄ առաջնությունների բազմակի մրցանակակիր, ՍՍՀՄ Մինիստրների Սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համամիութենական կոմիտեի սպորտի կիրառական ձևերի բաժնի վարիչ։

«Հաղթեց Ռուբեն Վարդանյանը»։

Այս խոսքերը հարյուրավոր անգամ են հնչել դասական ըմբշամարտի մրցումների ժամանակ։ Հարյուրավոր անգամ հանդիսատեսը ծափահարել է նրան մեծ հաճույք պատճառող գոտեմարտերի համար։

Ռուբենի հետ երկար տարիներ «ծառայել ենք» երկրի հավաքականում, և ես միշտ հիացած եմ եղել այն բանով, թե ինչպես նրա մոտ միաձույլ են հանդես գալիս տրամաբանությունն ու հանգստությունը, ոգեշնչությունն ու վճռականությունը: Բայց           ամենակարևորը նրա այնքա՜ն գեղեցիկ ու այնքա՜ն ջերմ վերաբերմունքն է ընկերների նկատմամբ: Ռուբենը Սովետական երկրի լավագույն ըմբիշներից է:

ruben-vardanyan-15

Ռուբեն Վարդանյանը մենամարտի պահին

 

Բորիս Գուրևիչ։ Սպորտի վաստակավոր վարպետ, 15-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, ՍՍՀՄ բազմակի չեմպիոն։

Երիտասարդներիս համար շատ դժվար էր այն տարիներին դեպի մեծ սպորտը ճանապարհ հարթելը, քանի որ ասպարեզի վրա աշխարհաճանաչ ըմբիշների մի ամբողջ համաստեղություն կար: Եվ եթե 24-ամյա Ռուբենը կարողացավ իրենից ետ թողնել այդ աստղերից շատերին ու նվաճել Սովետական Միության չեմպիոնի կոչումը, ապա դա նրա անհերքելի մեծությունն էր:

Ռուբենի հետ ես շատ եմ եղել թե միութենական և թե արտասահմանյան մրցումներում ու միշտ հիացած մնացել նրա հայրենասիրական և ընկերասիրական զգացմունքներից: Համոզված եմ, որ նրա սաները կընդօրինակեն իրենց մարզիչին:

Արտաշես Կարապետյան։ ՍՍՀՄ վաստակավոր վարպետ, ՍՍՀՄ վաստակավոր մարզիչ, ՍՍՀՄ բազմակի չեմպիոն, ՌՍՖՍՀ-ի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ավագ մարզիչ։

1948 — 52 թվականներին ես վարում էի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ըմբշամարտի և ծանր ատլետիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը։ Ինձ հանձնարարված էր Հայաստանի դասական ըմբշամարտի հավաքականը նախապատրաստել ՍՍՀՄ առաջնությանը։ Ահա այդ հավաքում էլ ես համոզմունք հայտնեցի, որ մարզիչ Արտաշես Նազարյանի սանը, Ռուբեն Վարդանյանը, շատ դափնիներ է բերելու Հայաստան։

Ուրախ եմ, որ իմ կանխագուշակումներում չեմ սխալվել։

Հետագայում բազմիցս մարզական ուղևորություններ ենք կատարել Ռուբենի հետ, որպես մարզիչ ականատես եմ եղել նրա նվաճումներին։ Նրա ֆիզիկական ուժն ու համարձակությունը և դրա հետ միասին համեստությունն ու պարզությունը միշտ գերել են շրջապատը։

Զարմանալի կամք, նա երբեք դողէրոցք չէր ապրում կոչումների ու աստիճանների առջև։ Դրա ամենացայտուն ապացույցը 1951 թվականին Օդեսայում նվաճած հաղթանակն էր, երբ երիտասարդ ըմբիշը մեկը մյուսի ետևից գետնեց այնպիսի աստղերին, ինչպիսիք են ՍՍՀՄ և աշխարհի բազմակի չեմպիոն Գուրգեն Շատվորյանը (Դոնի Ռոստով), ՍՍՀՄ և 12-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն Շազում Սաֆինը (Մոսկվա), ՍՍՀՄ չեմպիոն Իվան Կորշունովը (Մինսկ), ըմբշամարտի ճանաչված վարպետներ Ռ. Բուգոյանը (Դոնի Ռոստով), Ֆ. Ւոանիդին (Ալմա-Աթա)։

Վախթանգ Բալավաձե։ Աշխարհի կրկնակի չեմպիոն, ՍՍՀՄ հնգակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ։

Մենք վաղեմի եղբայրներ ենք։ Ամեն անգամ, երբ հանդիպում եմ Ռուբենին, իմ հիշողությունների մեջ վերականգնվում են նրա գոտեմարտերը։ Նա գորգի վրա և ուժեղ էր, և խելացի։ Իսկապես նրանից շատ բան ունի սովորելու մեր երիտասարդությունը։

Գեորգի Թումանյան։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ, սամբո ըմբշամարտի ՍՍՀՄ էքս-չեմպիոն, Մոսկվայի ֆիզկուլտուրայի կենտրոնական ինստիտուտի ավագ դասախոս։

Ուրախ եմ, երբ ինձ հնարավորություն է ընձեռված արտահայտվելու Ռուբեն Վարդանյանի մասին։

Լինելով իմ նախկին ուսանողը, գորգի վրա՝ հակառակորդը և կյանքում՝ ընկերը, Ռուբենը միշտ եղել է իր անհատի բարձրության վրա։ Նպատակամղում, աշխատասիրություն, բարոյակամային կայունություն, ինքնապատասխանատվություն, ծարավ դեպի գիտելիքները՝ Ռուբենի անբաժան արբանյակներն են եղել։ Ցանկանում եմ այս ամենը Հայաստանի բոլոր մարզիկներին։

Այս և մյուս նամակներից իր «ոճով» տարբերվում է մեկը. դրա հեղինակը աշխարհի վեցակի, օլիմպիական խաղերի կրկնակի և ՍՍՀՄ իննանգամյա չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ալեքսանդր Մեդվեդն է։

Երբ աշխարհահռչակ ըմբիշին ասել են, թե Ռուբենի մասին գրքույկ է գրվում, ապա նա անմիջապես խնդրել է մի թուղթ, ստորագրել և հանձնելով Երևան եկող մարզիկներից մեկին, ասել է.

— Ահա իմ ստորագրությունը, խնդրում եմ ասեք հեղինակին, թող Ռուբենի մասին իմ անունից գրի այն ամենը, ինչ ինքը կցանկանա։ Ես նախապես համաձայն եմ Ռուբենին վերաբերող բոլոր գնահատումներին, նա բարձր կոչումների իսկական տերն է…

Արժանի և միևնույն ժամանակ նախանձելի վստահություն…

Комментарии закрыты