Կոխի հնարքի ուսուցման և կատարելագործման մեթոդիկան

Կոխի հնարքների ուսուցման պրոցեսը կարելի է բաժանել չորս փուլի՝

ա) պարապողին հնարքի ուսուցմանը նախապատրաստելը, բ) հնարքի մատուցումը, գ) հնարքի գործնական ուսուցումը, դ) հնարքի ամրապնդումը և կատարելագործումը։

Յուրաքանչյուր փուլում оգտագործվում են ուսուցման տարբեր միջոցներ։

Չնայած ուսուցման պրոցեսը մի ամբողջություն է կազմում և ուսուցման միջոցների և մեթոդների մեջ շաբլոն չի կարելի ընդունել, այնուամենայնիվ, վերև տրված յուրաքանչյուր փուլն ունի իր հիմնական միջոցները և մեթոդական առանձնահատկությունները։

 

Դա կարելի է պատկերացնել հետևյալ կերպ. հնարքի ուսուցումը նախապատրաստվում է դասի ներգրավիչ մասում։ Այդ նպատակով օգտագործվում են ընդհանուր զարգացնող, հնարքի կառուցվածքին մոտ և նմանվող (իմիտացիոն) վարժությունները։

 

Հնարքը մատուցվում է դասի հիմնական մասում։ Հնարքի մատուցման համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավոր մեթոդները` բացատրությունը, նկարագրությունը, դիտողական պիտույքները (սխեմաներ, նկարներ)։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել տերմինների և լեզվի հստակության վրա։ Հնարքը պետք է ցուցադրվի ճիշտ, մաքուր և պարզ, մարզիչը այս հարցում պետք է վերին աստիճանի բծախնդիր լինի։

 

Մարզիչը պետք է մտահոգված լինի, որ առաջին հերթին պարապողի գիտակցությանը հասցվի հնարքի նշանակությունը և նրա կատարման հիմնական մեխանիզմը։

 

Հնարքի գործնական ուսուցումը նույնպես կատարվում է դասի հիմնական մասում։ Հնարքը կարելի է սովորեցնել մասնատված, միասնական և կոմբինացված մեթոդներով:

 

Մասնատված մեթոդի դեպքում հնարքը բաժանվում է իր բաղկացուցիչ էլեմենտների (շարժումների), որոնք և ուսուցվում են առանձին-առանձին, որից հետո միացվում են մի ընդհանուր գործողության մեջ։

 

Միասնական մեթոդի դեպքում հնարքը ուսուցվում է ամբողջական ձևով։

 

Կոմբինացված մեթոդի դեպքում միաժամանակ երկու մեթոդներն էլ оգտագործվում են։ Կատարվում է ամբողջ հնարքը և հետո նրա առանձին մասերը, կամ միայն այն մասերը, որոնք պարապողը դժվար է ըմբռնում։

 

Սովորաբար գերադասելի է կոմբինացված կամ միասնական մեթոդները: Մեթոդի ընտրությունը կախված է տարբեր պայմաններից՝ պարապողի պատրաստականությունից,      մարզական խնդիրներից, վարժության բնույթից և բարդությունից, ըմբիշի առանձնահատկություններից և այլն։ Նմանապես, ուսուցման մեթոդների և մեթոդական հնարքների ընտրությունը մեծ չափով կախված է մարզիչի մասնագիտական պատրաստականությունից և ստեղծագործական-մանկավարժական կարողություններից։

Բարդ հնարքներ, օրինակ, գցելը (գետնելը) նպատակահարմար է ուսուցանել, այն բաժանելով երկու մասի՝ մինչև գորգից բարձրացնելը և բարձրացնելը, գցելը ու վերջնական դրություն ընդունելը։

Հնարքը, թե ամբողջությամբ և թե մաս-մաս ուսուցվում է սկզբում անշարժ, չդիմադրող, ապա տեղից-տեղ (առաջ, ետ, կողմ) շարժվող վարժակցի հետ։ Այնուհետև հնարքը կատարվում է թեթև դիմադրություն ցույց տվող, բայց անշարժ կանգնած հակառակորդի հետ և, վերջում, տեղից-տեղ շարժվող և դիմադրություն ցույց տվող վարժակցի հետ։

Հնարքը ամբողջական մեթոդով սովորեցնելիս, այդ հաջորդականությունը կունենա հետևյալ պատկերը՝

ա) հնարքի կատարումը ամբողջությամբ, վարժակցի անշարժ դրությամբ, առանց դիմադրության,

բ) հնարքի կատարումը ամբողջությամբ, տեղաշարժումով առանց դիմադրության,

գ) հնարքի կատարումը ամբողջությամբ, վարժակցի անշարժ դրությամբ, թեթև դիմադրությամբ,

գ) հնարքի կատարումը ամբողջությամբ, տեղաշարժումով, թեթև դիմադրությամբ։

Ուսուցման մասնատված մեթոդի ժամանակ (հնարքը երկու մասի բաժանելու դեպքում) ուսուցման հաջորդականությունը կլինի հետևյալը’

ա) հնարքի առաջին մասի կատարումը, տեղաշարժումով, առանց դիմադրության,

բ) հնարքի երկրորդ մասի կատարումը, տեղաշարժումով, առանց դիմադրության,

գ) հնարքի երկրորդ մասի կատարումը, առանց հակառակորդի (իմիտացիա),

դ) հնարքի ամբողջական կատարումը խրտվիլակի վրա (եթե խրտվիլակ չկա այս կետը հանվում է),

ե) հնարքի ամբողջական կատարումը վարժակցի անշարժ դրությամբ, առանց դիմադրության,

զ) հնարքի ամբողջական կատարումը վարժակցի անշարժ դրությամբ, թեթև դիմադրությամբ,

է) հնարքի ամբողջական կատարումը տեղաշարժումով թեթև դիմադրությամբ։

 

Հնարքը ամրապնդվում և կատարվում է դասի հիմնական մասում, ինչպես նաև մրցումների ընթացքում կրկնողության և մարզման միջոցով։

Կրկնումը նախատեսում է ոչ միայն հնարքի բազմակի կրկնությունը, այլև նրա զանազան տարբերակների կատարումը տարբեր և փոփոխվող պայմաններում։ Կրկնումը հիմնականում նպաստում է հնարքի ամրապնդմանը։ Կատարելագործումը հնարքի ուսուցման մեջ իրագործվում է ուսումնական, մարզական և մրցակցական մարտերի ընթացքում և մրցումներում։

Մարտի ընթացքում ստեղծվում են զանազան իրադրություններ, որոնք մեծ նշանակություն ունեն հնարքի ամրապնդման և կատարելագործման գործում։

 

Ստորև տալիս ենք ուսումնա-մարզական դասի օրինակելի կառուցվածքը և բովանդակությունը։

Դասի նախապատրաստական մասը սկսվում է խմբի շարվելուց, հերթապահի զեկուցումից և պարապողների հաշվառումից։ Այնուհետև մարզիչը բացատրում է դասի խնդիրները։ Ապա տրվում են ուշադրություն պահանջող մի քանի վարժություններ. մեկ րոպե տևողությամբ աստիճանաբար արագացվող քայլք. սրան անմիջապես հաջորդող մոտ 2 րոպե տևող վազք, կրկին աստիճանաբար դանդաղող քայլք և այլն։

Խումբը դասավորելուց հետո մարզիչը ցույց է տալիս, բացատրում և կատարել է տալիս մի քանի ընդհանուր զարգացնող վարժություններ, որոնց հաջորդում են հատուկ վարժություններ՝ «կամուրջ» դրությամբ։ Այնուհետև առանց վարժակցի և ապա վարժակցի հետ (վերջինիս ժամանակ առանց գցումների) կատարվում են մի շարք նմանեցնող վարժություններ։ Այս բոլորը վերջանում է քայլքով և պարապմունքի հիմնական մասն անցկացնելու համար՝ մի հարմար տեղ խումբը դասավորելով։

Հիմնական մասը սովորաբար սկսվում է մարզիչի կողմից նոր հնարքի ցուցադրումով, որից հետո պարապողները սկսում են այդ հնարքը յուրացնելու համար վարժություններ կատարել։

Հնարքի մեջ վարժվելիս պարապողները իրենց քաշի և հասակի համապատասխան բաժանվում են զույգերի։ Երբ հնարքը միաժամանակ կատարում են չորսից ավելի վարժվողներ, ապա զույգերը գորգի վրա դասավորվում են այնպես, որ բոլորը մեկ շրջան կազմեն և անցկացվող գցումները կատարվեն գորգի ներսից դեպի դուրս։

Զույգերով դասավորվածների ֆիզիկական զարգացման մեջ մեծ տարբերություն չպետք է լինի. չի կարելի ֆիզիկապես ուժեղին կանգնեցնել թույլի հետ, թեկուզ և նրանք ունենան հավասար քաշ (5—6 կգ ոչ ավելի տարբերությամբ) և հասակ։ Այդ կդժվարացնի գոտեմարտի տեխնիկայի ուսուցման պրոցեսը։

Երբեմն հանձնարարվում է տեխնիկապես թույլին կանգնեցնել տեխնիկապես ուժեղի հետ, որպեսզի վերջինս իր փորձը հաղորդի նրան։

Մարզիչը պետք է զգուշացնի պարապողներին, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հնարքի անցկացմանը նախորդող նախապատրաստական գործողությունների վրա. Այդ գործողությունները հնարքը արդյունավետ և ճիշտ գործադրելու համար նպատակահարմար դրություններ են ստեղծում:

Մարզիչը պետք է վճռականորեն կասեցնի վարժվողների կողմից մրցելու ձգտումները, որոնք կարող են տեղի ունենալ սովորելու ընթացքում։ Այդ վտանգավոր է վարժակիցների համար և դանդաղեցնում է ուսուցումը։

Հնարքը պետք է յուրացվի օպտիմալ, այսինքն՝ ամենից հարմար արագությամբ։ Հնարքը կատարելիս ավելորդ արագությունը սովորաբար բացասաբար է ազդում հնարքի տեխնիկայի ճիշտ ըմբռնման վրա և կարող է վնասվածքների պատճառ դառնալ։

Երբ պարապողները սկսում են կատարելագործել հնարքը շարժվող վարժակցի վրա, անհրաժեշտ է հետևել, որ նրանք չգործադրեն իրենց ուժերից վեր ֆիզիկական ճիգեր։ Առանձին ուշադրություն պետք է դարձնել, որ հնարքները կատարվեն ոչ թե հակառակորդի դիմադրությունը ուժով ճնշելու միջոցով, այլ անակնկալ գործողությամբ։ Այդ պետք է լինի մարզական աշխատանքի հիմքը։

Դասի հիմնական մասում սովորեցվում են ոչ միայն առանձին հնարքներ, այլև հնարքների կոմբինացիաներ։

Երբ վարժվողը կյուրացնի և պարապմունքների ընթացքում կպահպանի վերը նշված կանոնները, դասի վերջում կարելի է անցնել զանազան բնույթի մարզական մարտերի:

Սխալները պետք է նշել և ուղղել թե՛ մարտի ընթացքում և թե՛ նրա վերջում։

Եթե պարապողների մեծ մասը չի կարողանում կատարել հնարքը նրա որևէ տարրը սխալ կատարելու պատճառով, մարզիչը կրկին ցույց է տալիս հնարքը, հատկապես կանգ առնելով սխալ կատարվող տարրի վրա։

Եթե հնարքը չեն կարողանում կատարել առանձին պարապողներ, ապա մարզիչը ուղղում է նրանց սխալները, առանց գրավելու ամբողջ խմբի ուշադրությունը։

Մարզիչը պետք է կարողանա ճիշտ որոշել, թե ինչու չեն կարողանում կատարել հնարքը և առաջին հերթին աշխատի վերացնել գլխավոր թերությունը, կանգ չառնելով մանր սխալների վրա, որոնք պետք է ուղղվեն հետագայում։

Ամենից առաջ պետք է ուղղել այն սխալները, որոնք կարող են վնասվածք ստանալու պատճառ դառնալ։ Հետո ուղղել այն հիմնական սխալները, որոնք արգելակում են կատարել հնարքը և, վերջապես, այն սխալները, որոնք թույլ չեն տալիս տեխնիկապես ճիշտ անցկացնել հնարքը։

Սխալներն ուղղելու և վերացնելու համար մարզիչը պետք է լինի վերին աստիճանի հետևողական։ Պետք է սխալն անպայման ուղղել, չբավարարվելով միայն բանավոր դիտողություններով։

Եզրափակիչ մասը սկսվում է խոր շնչառությամբ տրվող հանգիստ քայլքով, որից հետո կատարվում են մկանները թուլացնող 2-3 վարժություններ։ Դրանից հետո մարզիչը ավարտում է պարապմունքը, դիտողություններ է անում անցած դասի վերաբերյալ, հաջորդ պարապմունքի համար առաջադրանքներ է տալիս և ցրում է խումբը։

Ոչ սկսնակների մոտ, պարապմունքի (դասի) առաջին, նախապատրաստական մասը անց է կացվում նախամարզման (разминка) ձևով. խնդիրները մնում են նույնը, սկզբում տրվում են ընդհանուր զարգացնող վարժություններ համատեղ կատարման համար, իսկ հետո նմանողական և հատուկ վարժություններ՝ անհատական կատարմամբ։

Комментарии закрыты