Կոխի մրցումների կազմակերպումը

Խորհրդային Հայաստանում սահմանվել է կոխ-գոտեմարտի մրցումների անցկացման հատուկ սիստեմ, որն ընդգրկում է ֆիզկուլտուրային շարժման կազմակերպական կառուցվածքի բոլոր աստիճանները, սկսած ներքին կոլեկտիվից մինչև հանրապետության եզրափակիչ առաջնությունը։

Մրցումները լինելով ֆիզիկական դաստիարակության պրոցեսի օրգանական մասը, միևնույն ժամանակ ցուցադրում են այդ բնագավառում ձեռք բերված նվաճումները, օգնում են լագավույն ըմբիշներին ի հայտ բերելու և օժանդակում են մրցումներին մասնակցողների սպորտային վարպետության աճին։

Գոտեմարտի մրցումները պահանջում են օրգանիզմի բոլոր ուժերի առավելագույն լարում։ Նրանք պատվաստում ու զարգացնում են այնպիսի արժեքավոր հատկություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, դժվարությունները հաղթահարելու վճռականությունն ու համառությունը, արիությունը, տոկունությունը, նպաստում են կամքի ու բնավորության դաստիարակմանը։

Կոխի յուրաքանչյուր մրցումներին պետք է նախորդի մեծ նախապատրաստական աշխատանք։ Համեմատաբար խոշոր մրցումներ նախապատրաստելու համար շատ դեպքերում ստեղծվում են հատուկ կազմակերպական հանձնաժողովներ։

Կոխի յուրաքանչյուր մրցում կազմակերպելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ աշխատանքները՝

կազմել, հաստատել և տեղերն ուղարկել մրցումների կանոնադրությունը,
կազմել և հաստատել մրցումների վերաբերյալ հրամանը (կամ հրահանգը) և ծախսերի նախահաշիվը,
կազմել և հաստատել մրցումների մանդատային հանձնաժողովը և դատավորական կոլեգիան,
ապահովել մրցումների բժշկական սպասարկումը
մամուլի, ռադիոյի, աֆիշների, հրավիրատոմսերի միջոցով լայնորեն հայտարարել մրցումների մասին,
ընտրել և նախապատրաստել մրցումների վայրը, որոշել գոտեմարտի մասնակիցների և դատավորների տեղերը, նվագողների տեղը, բժշկական կետը և հանդիսատեսների տեղերը։

Անհրաժեշտ է որոշել շքերթի տեղը, նախապատրաստել դրոշակի բարձրացման հարմարանքները և առանձնացնել մի շարք անհրաժեշտ օժանդակ սրահներ՝

ա) մասնակիցների հանդերձարան,
բ) բժշկի և մրցողներին կշռելու սենյակ,
գ) դատավորական կոլեգիայի սենյակ,
դ) հանդիսատեսների հանդերձարան,
ե) զուգարան, ըմբիշների լողարան (տաք ջրով)
զ) բուֆետ։

Երբ եղանակը նպաստավոր է, կոխի մրցումները հանձնարարվում է կազմակերպել դրսում (այգում, հանդեսների վայրերում և այլն)։ Ձմռանը մրցումները կարելի է անցկացնել ակումբի շենքում, բեմի վրա։

Բոլոր դեպքերում գորգը պետք է համապատասխանի մրցումների կանոնների պահանջներին։ Ցանկալի է ունենալ պահեստի ծածկոց, հիմնականը պատռվելու դեպքում փոխելու համար։

Մրցումների տեղում բացի հիմնական պիտույքներից պետք է ունենալ

ա ) չուխաներ երկուսից-չորս զույգ,
բ) ազդանշանային ցուցանակների երեք կոմպլեկտ (յուրաքանչյուր կոմպլեկտում երեք հատ կարմիր, կապույտ և սպիտակ գույնի),
գ) չորս գունավոր ոտնակապեր (երկուսը՝ կարմիր, երկուսը՝ կապույտ),
դ) թևակապեր՝ դատավորական կոլեգիայի անդամների համար,
ե) բժշկական կշեռք՝ մասնակցողներին կշռելու համար,
զ) վայրկենաչափեր՝ երկուսից-չորս հատ,
է) սեղաններ և աթոռներ՝ դատավորական կոլեգիայի համար,
ը) գրասենյակային պիտույքներ՝ բլանկներ, դատավորական տոմսագրեր, մատիտներ և այլև,

Այն սրահը, որտեղ անց են կացվում կոխի մրցումները, պետք է հանդիսավոր զարդարել, կախել սպորտային պլակատներ, լոզունգներ և այլն։

Մրցման բոլոր մասնակիցները և դատավորները ներկայանում են մանդատային հանձնաժողովին, որը ստուգելով ներկայացված փաստաթղթերի օրինականությունը, տալիս է մրցումներին մասնակցելու պաշտոնական թույլտվություն։ Մանդատային հանձնաժողովը մասնակիցներին և դատավորներին հանձնում է համապատասխան տոմսեր, մրցումների ծրագիրը, օրացույցը և կարգը։

Մրցումները հաջող անցկացնելու նպատակով հանձնարարվում է դատավորների համար կազմակերպել հատուկ սեմինար՝ մրցումների կանոնները մշակելու և այդ կանոնները միատեսակ հասկանալու նպատակով։

Այնուհետև գլխավոր դատավորը հավաքում է մրցումներն անցկացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին, մրցումների բոլոր մասնակիցներին, դատավորներին, սպասարկող անձնակազմին ու բացատրում է մրցումների կարգը, ճշտում է կանոնադրության ու ծրագրի առանձին հարցերը և այլն։

Գլխավոր դատավորը պարտավոր է մրցումներն սպասարկող բժշկի և մրցումներն անցկացնող կազմակերպության ներկայացուցչի հետ միասին ստուգել և ընդունել ըմբշամարտի սրահը և գորդը, հաշվի առնել, թե որ չափով է ապահովված մրցակիցների անվտանգությունը։ Ընդունումը ձևակերպվում է հատուկ արձանագրությամբ։

Գլխավոր դատավորը ստուգում է նաև մրցողներին կշռելու կշեռքը և նշանակում երեք-չորս մարդուց բաղկացած հատուկ հանձնաժողով (մեկ կամ երկու դատավոր, քարտուղար և բժիշկ) կշռումները կատարելու համար։

Պետք է կշռել ըստ պահանջվող կանոնների՝ թիմերի ներկայացուցիչների և այլ շահագրգռված պաշտոնական անձանց ներկայությամբ։

Կշռումը ավարտելուց հետո մրցումների քարտուղարը կշռումների արդյունքները համեմատում է կազմակերպությունների հայտերի հետ և վիճակահանության համար համարներ է պատրաստում։

Վիճակահանությունը կատարվում է համաձայն մրցումների կանոնադրության, ներկայացուցիչների ներկայությամբ։ Վիճակահանությունից հետո չորս օրինակից կազմվում է առաջին հանդիպումների հերթականության արձանագրությունը գլխավոր դատավորին, դատավոր-ինֆորմատորին, մասնակցողներին կից դատավորին տալու և ըմբիշների հանդերձարանում փակցնելու համար։

Մրցումները պետք է բացվեն հանդիսավոր շքերթով, գլխավոր դատավորի ելույթով, մրցումները կազմակերպողների ողջույնի խոսքով և մրցումների բացման դրոշակի բարձրացումով: Շքերթը վերջացնելուց հետո գորգի վրա ասպարեզ է կանչվում մրցորդների առաջին զույգը։ Դատավոր-ինֆորմատորը ներկայացնում է գորգի վրա գտնվող ըմբիշներին և մարտը դատող դատավորին, որից հետո մարտը սկսվում է։ Յուրաքանչյուր մրցման հաջողությունը մեծ չափով կախված է դատավորական կոլեգիայի հստակ և լավ աշխատանքից։

Եթե մրցումը տևում է երկու և ավելի օր, ապա գլխավոր դատավորը պարտավոր է յուրաքանչյուր օրվա վերջում թիմերի ներկայացուցիչների ներկայությամբ հրավիրել դատավորական կոլեգիայի խորհրդակցություն։ Խորհրդակցությունում հաստատվում են օրվա արդյունքները, վերլուծում են շարունակվող մրցումների դրական կամ բացասական կողմերը, հաղորդվում են ստացված բողոքների վերաբերյայ ընդունված որոշումները և այլն։

Այնուհետև գլխավոր դատավորը արձակում է թիմերի ներկայացուցիչներին և խորհրդակցությունը շարունակում միայն դատավորների ներկայությամբ, քննարկելով դատավորության մեջ եղած բացասական երևույթները։ Դատավորական կոլեգիայի նման ժողովները (առանց ներկայացուցիչների) մեծ դեր են խաղում դատավորների որակը բարձրացնելու գործում։

Վերջին օրը, մրցումներից հետո, գլխավոր դատավորը ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրում է դատավորական կոլեգիայի եզրափակիչ նիստ, որտեղ հայտնվում և հաստատվում են մրցումների ընդհանուր արդյունքները։

Այնուհետև կազմակերպվում է մրցումների հանդիսավոր փակումը, մոտավորապես այնպես, ինչպես բացման հանդեսը։ Փակման ժամանակ գլխավոր դատավորը հայտնում է մրցումների արդյունքը, իսկ մրցումներն անցկացնող կազմակերպության ներկայացուցիչը հաղթողներին հանձնում է պատվոգրեր և մրցանակներ։ Այդ բոլորից հետո հաղթողները իջեցնում են մրցումների դրոշակը, գլխավոր դատավորը հաղորդում է մրցումների ավարտի մասին, իսկ գլխավոր դատավորի տեղակալը շքերթով դուրս է բերում մասնակիցների շարասյունը։

Բացի մրցումների անցկացումից, դատավորական կոլեգիայի պարտականությունների մեջ է մտնում նաև անհատական ու թիմային առաջնության տեղերի որոշումը, ինչպես նաև մրցումների արդյունքների ընդհանրացումը։ Անհատական և թիմային առաջնության որոշման հարցով զբաղվում է մրցումների գլխավոր քարտուղարը։

Մրցումների ընթացքում գլխավոր քարտուղարը պարտավոր է այնպես կազմակերպել իր աշխատանքը, որ մրցումներն ավարտվելուց անմիջապես հետո հնարավոր լինի հայտարարել անհատական և թիմային առաջնության արդյունքները։ Մրցումների գլխավոր դատավորը լրացնում է հաղթանակ շահած մասնակցողների վերաբերյալ հատուկ տեղեկանքներ, որտեղ նշվում է հաղթողի ազգանունը, անունը, հոր անունը, նրա սպորտային կարգը և հաղթանակի աստիճանը (մաքուր կամ միավորներով)։ Այդ տեղեկանքների հիման վրա մասնակցողը կարող է կոխ ձևից սպորտային կարգ ստանալ։ Գլխավոր քարտուղարը իր պատրաստած բոլոր փաստաթղթերը հանձնում է գլխավոր դատավորին, որը երեք օրվա ընթացքում պարտավոր է կազմել անցկացրած մրցումների հաշվետվությունը։

Գլխավոր դատավորի հաշվետվության մեջ պետք է շոշափված լինեն հետևյալ հարցերը՝

ա) մրցումների անվանումը,
բ) անցկացման վայրը և ժամանակը,
գ) մասնակցողների քանակը ըստ քաշային կարգերի,
դ) անցկացրված մարտերի ընդհանուր քանակը, ստորաբաժանելով այն մաքուր շահումների, 1:3 միավորների և 2:3 միավորների հարաբերությամբ շահումների, հակառակորդի չներկայանալու հետևանքով շահումների, հակառակորդի կողմից մարտը շարունակելուց հրաժարվելու հետևանքով շահումների և հակառակորդի վնասվածք ստանալու հետևանքով մարտից դուրս գալու պատճառով շահումների,
ե) մրցումներում հաղթողների թվարկումը ըստ քաշային կարգերի (առաջին երեք տեղը),
զ) թիմային հաղթանակ շահողների թվարկումը,
է) մրցումների կազմակերպական և աշխատանքի գնահատումը,
ը) դատավորական կոլեգիայի կազմը և յուրաքանչյուր դատավորի աշխատանքի գնահատումը,
թ) անցկացրած մրցումների ընդհանուր վերլուծությունն ու գնահատումը՝ ինչպես նաև զանազան առաջարկություններ։

Հաշվետվությանը կցվում են՝

ա) մրցումների կանոնադրությունը,
բ) մասնակցող կազմակերպությունների հայտերը,
գ) մասնակցողների տոմսի նմուշը և մրցումների ծրագիրը,
դ) մրցումների սրահի և գորգի ընդունման արձանագրությունը,
ե) մանդատային հանձնաժողովի բոլոր փաստաթղթերը,
զ) կշռումների արձանագրությունները,
է) մրցումների արձանագրությունները
ը) դատավորական տոմսագրերը,
թ) բողոքները,
ժ) դատավորական կոլեգիայի բոլոր նիստերի արձանագրությունները,
ժա) աֆիշները, հայտարարությունները, թերթերի հոդվածները, զանազան ելույթների (ռադիո, ողջույնի) և այլ նյութերի տեքստերը,
ժբ) մրցումների բժշկի հաշվետվությունը։

Բժշկի հաշվետվությունը պետք է ընդգրկի.

ա) բժշկական սպասարկման կատարման վերաբերող տեղեկություններ,
բ) մասնակիցների ֆիզիկական պատրաստության և մարզվածության գնահատումը,
գ) այն մասնակիցների ցուցակը, որոնք առանց բժշկի թույլտվության ժամանել են մրցմանը մասնակցելու,
դ) մրցումների ընթացքում մասնակցողների կողմից ստացած վնասվածքների մասին (անհատորեն թվելով բոլոր դեպքերը),
ե) վնասվածքների պատճառով մրցումներից դուրս եկած ըմբիշների անվանական ցուցակը,
զ) մրցումների գնահատումը բժշկա-սանիտարական տեսակետից՝ մրցումների ռեժիմը, ծանրաբեռնվածությունը, սնունդը, մրցումների վայրի սանիտարական դրությունը և այլն:

Комментарии закрыты