Լոռվա կոխ: Հնարք 6. Փաթաթում ներսից

Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու համար ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝

ա) թեքվելով առաջ, մարմնի ծանրությունը փոխադրել է աջ ոտքի վրա

բ) թեքվելով առաջ՝ մարմնի ծանրությունը փոխադրել է ձախ ոտքի վրա:

Այդ դրություններն ստեղծելու ամենից նպատակահարմար գործողություններն են՝

ա) ստիպել հակառակորդին կանգնել աջ ոտնածայրին

բ) նույնը՝ ձախ ոտնածայրին:

Կոխ: Հնար 6. Փաթաթում ներսից

Կոխ: Հնար 6. Փաթաթում ներսից

 

Ելման դրությունը: Կանգնվածքը՝ երկուսն էլ աջով: Ձախ ձեռքով բռնել հակառակորդի տարանուն թևքից, իսկ աջով՝ մեջքից (գոտուց):

Կատարումը: Ոստնելով ձախ ոտքով առաջ, ոտնաթաթը 900 դեպի ձախ բացել և թեթև կքանստելով նրա վրա, աջ կողքով շրջվել դեպի հակառակորդը: Միաժամանակ աջ ոտքը անցկացնելով նրա ոտքերի միջից, առանց գետնին դնելու ոտքը փաթաթել հակառակորդի ձախ սրունքին այնպես, որ աջ ոտքի թաթը լավ կառչի նրա ձախ սրունքի կողմնային և առաջնային մասերից՝ որքան հնարավոր է ներքևից: Այնուհետև, հարձակվողը ձախ ոտքի վրա ոստնում է դեպի ըմբիշը որքան հնարավոր է մոտ, իր աջ ոտքով նրա փաթաթած ոտքը դուրս է բերում իր առաջ՝ ձախ և, ընկնելով ետ, կտրուկ արտակորում է մեջքը, միաժամանակ իրանը աջ դարձնելով այնպես, որ հակառակորդի հետ միասին վայր ընկնի և գլորվի նրա վրա:

Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա հարձակվողից աջ ու ետ՝ իսկ վերջինս՝ նրա վրա՝ աջ կողքով:

Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար անհրաժեշտ է՝ թեքվելով առաջ ձախ ոտքը ետ տանել և թույլ չտալ փաթաթվել նրան, սակայն եթե հարձակվողը կարողացել է փաթաթվել ոտքով, ապա անհրաժեշտ է ոտնաթաթով կառչել հարձակվողի նույնանուն ոտքից:

Հակահնարը. ա) ետգցում՝ բռնելով տարանուն թևքից և մեջքից (գոտուց), բ) կառչում ոտնաթաթով ներսից, բռնելով տարանուն թևքից և մեջքից (գոտուց):

Комментарии закрыты