Կոխ. ուսուցման և մարզման հիմունքները

Ֆիզիկական դաստիարակության մեջ ուսուցումը և մարզումը միմյանց հետ սերտորեն կապված մի միասնական պրոցես է։

Ուսուցման և մարզման հիմնական խնդիրներն են՝

ա) դաստիարակել առողջ, կենսուրախ, բարոյապես և ֆիզիկապես բազմակողմանիորեն զարգացած, պատրաստ Հայրենիքի պաշտպանության և բարձր արտադրողականությամբ աշխատանքի սովետական քաղաքացիներ։

բ) պարապողներին զինել հատուկ գիտելիքներով, հմտություններով և ունակություններով, որոնց շնորհիվ սպորտի բնագավառում նրանք կարող են ձեռք բերել լավագույն արդյունքներ։

գ) կոխ-ըմբշամարտի պարապմունքների ընթացքում ձեռք բերված գիտելիքներով, կարողություններով և ունակություններով հիմք ստեղծել մյուս, հատկապես միութենական ու միջազգային ասպարեզում կիրառվող ըմբշամարտի այլ ձևերի մեջ արագ վերաորակավորման համար, սպորտային վարպետության բարձունքներին ձգտելու նպատակով։

Այդ խնդիրների համաձայն, հայկական ըմբշամարտի խմբակի ուսումնա-մարզական աշխատանքի հիմնական կողմերը հետևյալներն են՝

ա) ըմբիշի բարոյա-կամային հատկությունների մշակումը և կատարելագործումը,

բ) ըմբիշի ֆիզիկական հատկությունների (ուժ, դիմացկունություն, արագություն, ճարպկություն և այլն) մշակումը և կատարելագործումը,

գ) ըմբիշին անհրաժեշտ տեխնիկական հմտությունների տիրապետումը և կատարելագործումը,

գ) ըմբիշի տակտիկական պատրաստականության մշակումը,

ե) ըմբիշի մրցակցական պատրաստականության տիրապետումը և կատարելագործումը,

զ) ըմբիշի մեթոդական, առողջապահական, դատավորական և կազմակերպական գիտելիքների և ունակությունների մշակումը և կատարելագործումը։

Ուսուցումը իր կազմակերպմամբ, բովանդակությամբ, միջոցներով, մեթոդներով և նպատակներով պետք է կրի դաստիարակչական բնույթ, այսինքն՝ ենթարկված լինի կոմունիստական դաստիարակության խնդիրներին։

Ըմբիշը ուսուցման և մարզման ընթացքում պետք է պարզ կերպով պատկերացնի ուսուցվող նյութի բովանդակությունը և նշանակությունը։ Այդ դեպքում վարժվողի մեջ հետաքրքրություն և ակտիվություն կառաջանա դեպի ուսուցվող նյութը։

Միայն բացատրելով հնարավոր չէ սեր արթնացնել սպորտի, նկատմամբ կամ պարապողներին կատարելագործել նրա առանձին ձևերի մեջ։ Անհրաժեշտ է գործողությունը ցույց տալ ըստ հնարավորին ճշգրիտ, մաքուր և գեղեցիկ՝ այն լրացնելով զանազան սխեմաների, լուսանկարների և ուսումնական կինոնկարների ցուցադրումով։

Ուսուցման պրոցեսում նյութի մատչելիությունը հիմնականում կախված է այն բանից, թե ավանդվող նյութը որքանով է համապատասխանում պարապողների ուժերին։

Ուսուցվող նյութը կարելի է ամրապնդել հիմնականում կրկնության միջոցով։ Սակայն կրկնությունը չպետք է շաբլոն ձևով անցկացվի, պետք է այն հարուստ լինի տարբեր կոմբինացիաներով, և կատարվի տարբեր վարժակիցներով։

Մարդու շարժողական ունակությունների մշակումը և կատարելագործումը հիմնված է բարձրագույն ներվային գործունեության օրինաչափությունների վրա։ Այդ երկարատև պրոցեսը պահանջում է մարզիչի հետևողական, սիստեմատիկ և մտածված աշխատանք։

Ֆիզիկական վարժությունների ուսուցման և մարզման պրոցեսում պարապողների ներվային կենտրոններում ստեղծվում են ժամանակավոր կապեր, որոնց ամրության աստիճանը կախված է ուսուցման որակից, մարզման պայմաններից և սիստեմատիկությունից։

Ըմբիշի ֆիզիկական հատկությունները՝ ուժը, արագությունը, դիմացկունությունը, ճկունությունը, ճարպկությունը մշակվում են տարբեր միջոցներով և հիմնականում երկու ուղղությամբ՝ որպես ընդհանուր ֆիզիկական պատրաստականություն և որպես հատուկ, ըմբշամարտիկից պահանջվող ֆիզիկական պատրաստականություն։

Ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը մշակվում է «Պատրաստ աշխատանքի և պաշտպանության» համամիութենական կոմպլեքսի և այս կամ այն ֆիզիկական հատկությունը զարգացնող զանազան վարժությունների միջոցով՝ մարմնամարզական վարժություններ գործիքների վրա, վարժություններ զանազան առարկաներով (ծանր գնդակներ, մարզափայտեր, մարզագնդեր, ցատկապարաններ և այլն), ակրոբատիկ վարժություններ, զանազան տեսակների վազք, կրոսներ, ցատկումներ՝ երկարություն և բարձրություն, ծանրությունների բարձրացում և այլն։

Ըմբշամարտիկին հատուկ ֆիզիկական պատրաստականությունը մշակվում է «կամուրջը» ամրացնելու վարժություններով, զույգերով դիմադրության բնույթի վարժություններով, խրտվիլակներով վարժություններ կատարելով, հավասարակշռության, վայր ընկնելու մեջ վարժվելով, առանց վարժակցի հնարներ մշակելով, երկարատև մարտերով և այլն։

Տեխնիկական և տակտիկական պատրաստականությունը յուրաքանչյուր սպորտսմենի նվաճումների հիմնական նախապայմանն է։ Կոխով պարապող ամեն մի ըմբիշ հաստատուն կերպով պետք է տիրապետի որոշ տեխնիկական ունակությունների։ Այդ ունակությունները հնարավորություն կտան նրան մարտի ընթացքում վստահ կերպով կիրառել տեխնիկական և տակտիկական հնարները։

Յուրաքանչյուր քիչ թե շատ պատրաստված ըմբիշ մարտը վարում է հատուկ ձևով, իր սիրած հնարներով, պաշտպանություններով և հակահնարներով։

Ըմբիշի յուրացրած տեխնիկայի այդ միջոցները կազմում են նրա մարտական հմտությունների կոմպլեքսը, որին նա տիրապետել է կոխի խմբակում վարժվելու և զանազան մրցումներին մասնակցելու ընթացքում։

Երբ ըմբիշը սիստեմատիկաբար մարզում է իր ընտրած հնարները և պաշտպանությունները, վերջիններս վեր են ածվում կայուն հմտությունների, որոնցով և օգտվում է նա գորգի վրա։

Սկսնակ ըմբիշների մրցումները ցույց են տվել, որ սահմանափակ քանակով հնարների, պաշտպանությունների և հակահնարների տիրապետող երիտասարդ ըմբիշը սովորաբար հաղթող է դուրս գալիս այն սկսնակի դեմ, որը թեև շատ մարտական հնարների է ծանոթ, սակայն չի տիրապետում նրանց։

Ուստի, այն մարզիչները, որոնք սկսնակներին պատրաստում են կվալիֆիկացիոն մրցումների, պետք է ձգտեն, որ այդ ժամանակամիջոցում ըմբիշները տիրապետեն ոչ թե քանակով բազմազան, այլ մի քանի լավ յուրացված մարտական հնարների։ Այդպիսի սահմանափակ պատրաստականությունը երբեք չի նշանակում, թե ըմբիշի հետագա սպորտային գործունեությունը կլինի ոչ հարուստ և հեռանկարներ չունեցող։ Առաջին մրցումները սկսնակ ըմբիշի սպորտային գործունեության միայն սկիզբն է։ Յուրացնելով տեխնիկային լավ տիրապետելու անհրաժեշտությունը, նա հետագայում մարզիչի ղեկավարությամբ կհարստացնի իր տեխնիկական պատրաստականությունը։

Կոխի տեխնիկայի ուսուցումը, որպես կանոն, սկսվում է, հիմնական դրությունները (կանգնվածք, պարտեր, կամուրջ, կիսակամուրջ) ճիշտ ընդունելու կարողությունները մշակելուց, գորգի վրա արագ և ազատ շարժվելուն տիրապետելուց և հիմնական բռնումները (չուխայից, շալվարից, ձեռքերից, պարանոցից, իրանից) սովորելուց։

Այդ ամենը սովորելուց հետո կարելի է անցնել կոխի հիմնական տեխնիկական գործողությունների (հարձակումը նախապատրաստելու միջոցների, հնարների, պաշտպանությունների, հակահնարների, կոմբինացիաների) ուսուցմանը։

Կոխի ուսուցման հաջորդականությունը ավելի պարզ կարելի է պատկերացնել հետևյալ աղյուսակից.

Հիմնական դրությունները Հիմնական տեղաշարժերը  Հիմնական բռնումները Հիմնական տեխնիկական գործողությունները Մրցումներին նախապատրաստվելը
 Կանգնվածք  առաջ  չուխայից  հարձակումը նախապատրաստելու միջոցները  տեխնիկայի գործադրման հմտությունների կատարելագործումը
 Պարտեր  ետ  շալվարից  հնարներ  հատուկ մրցակցական պատրաստությունը
 Կամուրջ  ձախ  մարմնի զանազան մասերից  պաշտպանումներ  տակտիկական պատրաստականության մշակում. ֆիզիկական հատկությունների կատարելագործում. հատուկ մրցակցական պատրաստականություն
 Կիսակամուրջ  աջ  կոմբինացված  կոմբինացիաներ  ընտելացում մրցումների պայմաններին

Ըմբիշի տեխնիկական և տակտիկական պատրաստականությունը իրագործվում է անխզելի միասնականությամբ:

Տակտիկան ուսուցվում և կատարելագործվում է առանձին հնարների, կոմբինացիաների անցկացման, ինչպես նաև վարժական մարտի ընթացքում։

Սկսելով նոր հնարի ուսուցումը, մարզիչը պետք է բացատրի սովորողներին, թե դա որ դեպքում է նպատակահարմար անցկացնել. Այսինքն՝ պետք է պարզաբանի հնարի գործադրման տակտիկական հնարավորությունները, այն դրությունները, որոնց առկայության դեպքում կարելի է գործադրել այդ հնարը, ինչպես նաև այն միջոցները, որոնցով կարելի է ստեղծել կամ հարկադրել հակառակորդին ընդունել պահանջվող դրությունը։

Տեխնիկական ավելի լայն գիտելիքներով ըմբիշներ պատրաստելու համար մարզիչը պետք է բազմազան դարձնի մարզման պայմանները։ Վարժական մարտերի համար պետք է ընտրվեն տարբեր վարժակիցներ՝ տարբեր երանգով մարտը վարողներ, ֆիզիկապես ավելի ուժեղ կամ ավելի թույլ, ավելի արագաշարժ կամ դանդաղկոտ, ավելի ծանր կամ թեթև քաշ ունեցողներ և այլն։

Մարզական կամ մրցակցական մարտերում ըմբիշները կրկնում են և դրանով իսկ ամրապնդում տակտիկական հնարները, կատարելագործելով իրենց տակտիկական վարպետությունը։ Որքան բազմազան լինի ըմբիշի տեխնիկան, և հարուստ լինի նրա տակտիկական հնարավորությունները, մարտը այնքան հետաքրքիր կլինի։

Комментарии закрыты