Հայկական ըմբշամարտ

Հին Հայաստանում տարածված են եղել մենամարտերի մի շարք տեսակներ, որոնցից ամենահայտնին ըմբշամարտն է: Հայկական ըմբշամարտը եղել է ֆիզիկական պատրաստության և սովորույթների անբաժանելի մասը և կիրառվել է ժողովրդական տոների, ուխտագնացությունների, հարսանիքների և այլ միջոցառումների ժամանակ:

Կախված տարբեր շրջաններից ու բարբառներից՝ հայերը ըմբշամարտին անվանում էին գուռաշ, գոտեմարտ, բռնամարտ, կշտի, բազկամարտ, կյուրեշ, գիրկընդխառն կռիվ, ըմբշակռիվ, կոխ, մերկակռիվ և այլն:

Հայկական ըմբշամարտը բաժանվել է մի քանի տեսակների՝

Ազատ ըմբշամարտ. կիրառվել են ոտքրի բռնումներ և ոտքով հնարքներ:

Հայկական դասական ըմբշամարտ. ոտքով գործողությունները արգելվել են, իսկ բռնվածքները կիրառվել են միայն գոտկատեղից բարձր:

Հայկական խառն ըմբշամարտ. Կիրառվել են թե դասական, թե ազատ ըմբշամարտի տարրերը, ինչպես նաև ծնկած դրությունից հնարքները: Հակառակորդին գցելուց հետո մարտը շարունակվել է այնքան ժամանակ, մինչև մարզիկներից մեկի թիկունքը հպվի գետնին:

Ծնկակուշտի կամ չոքագյուլաշ. Մարզիկները մրցել են ծնկած (չոքած) դիրքում, կանգնելու իրավունք չեն ունեցել և մեռնամարտել միայն ձեռքերով:

Ըմբշամարտ զույգերով. Այս դեպքում մարզիկներից մեկը նստած է լինում մյուսի մեջքին և մենամարտը ընթանում էր «հեծյալների» միջև, ովքեր փորձում էին միմյանց վայր գցել:

Կիրառվել են նաև ոչ մարզական՝ ավելի կոպիտ մրցման տեսակներ: Դրանցից է խոյանակը կամ գոմշանակը. հակառակորդները կանգնել են միմյանցից որոշակի հեռավորության վրա և արագ մոտենալով միմյանց, բախվել են ուսով կամ գլխով: Հաղթող համարվել է հակառակորդին ավելի շատ վնաս հասցրած մարզիկը: Եթե բախումից հետո մարզիկները ոտքի վրա էին մնում, ապա մրցույթը շարունակվում էր այնքան, մինչև կողմերից մեկը հարվածներով չհալածի հակառակորդին: Ըմբշամարտի այս տեսակը մարզական նշանակություն չի ունեցել, այլ կիրառվել է կռվի ժամանակ:

ymbshamart-2

Աղթամարի վանք, հարավային ճակատ: Ըմբշամարտի տեսարան

 

Հայկական ըմբշամարտի մեջ կիրառվել են տեխնիկայի բազմատեսակ գործողություններ, որոնք ընդգրկում են ելման դրությունը (ըմբիշների կանգնվածքը), բռնվածքները, ոտքերով կատարվող վարժությունները, հնարքի կատարման փուլերը և վերջնական դրությունը:

Հայկական ըմբշամարտը սկսվել է տարբեր ելման դրություններից կամ կանգնվածքներից: Տեխնիկական որևէ գործողություն կատարելու համար ըմբիշը ընդունել է աջ կանգնվածք, ձախ կանգնվածք, ճակատային կանգնվածք և մեկ ծնկով գետնին հենված կանգնվածք: Առաջին երեք կանգնվածքները բնորոշ են բոլոր ժողովուրդներին, իսկ 4-րդ ձևը՝ յուրահատուկ է միայն հայերին: Այս մասին հիշատակություններ են պահպանված էպոսում՝ չոքակռիվ անվան տակ և միջնադարյան հայկական պատկերաքանդակներում:

Բռնվածքները հայկական ըմբշամարտում բաժանված են եղել երկու տեսակի՝ պարզ և բարդ: Պարզ բռնվածքները վերաբերվել են մարմնի միայն մեկ մասին՝ պարանոցին կամ միայն ոտքերին և այլն, իսկ բարդ բռնվածքները կատարվել են մարմնի տարբեր մասերից միակցված, օրինակ՝ ձեռքից և ոտքից, ոտքից և իրանից, ձեռքից, պարանոցից և իրանից և այլն:

Հայկական ըմբշամարտում, երբ գոտեմարտել են գոտկատեղից վեր մերկ վիճակում, բռնվածքները կատարվել են ձեռքերից, պարանոցից, գոտկատեղից, ոտքերից (կրունկներից, սրունքներից, ազդրերից), իսկ երբ գոտեմարտել են հագուստով, վերը նշված ձևերի հետ միասին բռնվածքներ են կատարվել նաև գոտուց, անդրավարտիքից, թևքերից, կրծքից, հագուստի բոլոր մասերից: Դասական ըմբշամարտում կիրառվել են նաև հակադարձ բռնվածքներ:

Ինչպես մի շարք հնագույն ժողովուրդների՝ եգիպտացիների, հույների, վրացիների և այլն, այնպես էլ հայերի մոտ ըմբշամարտի տեխնիկայի մեջ մեծ կիրառում են գտել ոտքերով գործողությունները: Դրանք համարվում էին ըմբշամարտի, հատկապես ազատ ըմբշամարտի տեխնիկայի հիմնական տարրերից մեկը, մեծ դեր են խաղացել հակառակորդին վայր գցելու և հաղթանակ շահելու գործում: Հայ ժողովուրդն իր ազգային ըմբշամարտի տեխնիկայի մեջ մշակել ու կատարելագործել է ոտքերով կատարվող գործողությունների տասնյակ տարբերակներ, որոնք սերնդե-սերունդ անցնելով հասել են մինչև մեր օրերը: Հայերենում կան այդ գործողությունները նկարագրող մի շարք տերմիններ՝ ոտնդիր, ոտքփաթուկ, ոտքկապ, սոլախլամա-ճռնիկ, ոտքգցում, ոտնախփում, քյամանդ, պարուրել, ոտք փաթաթել և այլն:

Հայկական ըմբշամարտում կիրառված ոտքով գործողությունների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ասելու, որ հայկական ըմբշամարտում տեղ են գտել ոտքի թաթով կառչումները դրսից և ներսից, ոտնդիր կողքից և հետևից, ոտքերով փաթաթումներ ներսից և դրսից, տակահատումները (подсечка) առաջնային և կողմնային, ոտքախփումները սրունքներով, կառչումներ ծնկատակով, ոտքով հակառակորդի ոտքը բարձրացնելը, ոտքի վրայով նետումները, ոտքի օգնությամբ գլխիվայր գցումները և այլն:

Ըմբշամարտում կիրառված հնարքների կատարումը կարելի է բաժանել երկու փուլի՝ նախապատրաստական և վայր գցելու գործողություններ:

Նախապատրաստական գործողությունների մեջ մտնում են հրելով, ձգելով, վեր բարձրացնելով և այլ եղանակներով հակառակորդին հավասարակշռությունից հանելը: Գցելու գործողությունների տարրերն են գցման ուղղությունները (դեպի առաջ, կող ու ետ) և գցելու ընթացքը, որը կապված է եղել գցողի վայր ընկնելու և կանգնած կամ ծնկի վրա մնալու դիրքի հետ:

Ըմբշամարտում վերջնական համարվում է այն դրությունը, որի ժամանակ ըմբիշն իր հակառակորդին գցելով ցած, ընդունել է հարմար դիրք և թույլ չի տվել, որպեսզի նա պարտված վիճակից դուրս գա: Այսպիսի դրություններն ըմբիշն ընդունել է ծնկած, պառկած (առջևից, կողքից, հետևից), նստած (առջևից, կողքից), ինչպես նաև ծունկը կրծքին հենած դիրքից:

Շարունակելի

 

Աղբյուր՝ Կ. Աթոյան, Ռազմասպորտային մենամարտերը Հայաստանում, Երևան, 1965թ.

Комментарии закрыты