Ըմբշամարտի դեսպանը. Նեապոլյան հայտագիր

Սերգեյ Հակոբյան, Ըմբշամարտի դեսպանը, Երևան, 1973թ.

 

1953 թվականը Սովետական Միության ըմբշամարտի պատմության մեջ նշանակալից տարեթիվ է այն պատճառով, որ մեր երկրի դասական հավաքականն առաջին անգամ մասնակցեց աշխարհի առաջնության մրցումներին: Ահա թե ինչու Իտալիա մեկնելուց առաջ մեր ըմբիշները, ինչպես ասում են, նստեցին հավաքի։ Մերձմոսկովյան Վորոնովո հանգստատանը մարզվելուց հետո հավաքականը իր մարզումները շարունակեց Սոչիում։

Աշխարհի առաջնություն։ Սոսկ ֆիզիկական ուժերի ցուցադրում չէ, ահա թե ինչու այդ հավաքականում ընդգրկվելը արդեն ինքնըստինքյան մեծ բնութագիր էր ամեն մի ըմբիշի համար, մարզական գործունեության ամենաբարձր գնահատականը։ Բայց ովքեր են լինելու այդ երջանիկները՝ պարզ չէր։ Պարզ չէր, քանի որ ամեն մի տեղի համար գոտեմարտում էին մի քանի հոգի։ Հատկապես նեղվածք էին զգում թեթև քաշայինները, երբևէ չէր եղել մի այնպիսի միջոցառում, որի նախապատրաստական փուլում նույն քաշային կարգի հավակնորդի համար 7-8 մարզիկ պայքարեին։

ruben-vardanyan-5

Ռուբեն Վարդանյանը իր անդրանիկ մարզիչ, ՍՍՀՄ վաստակավոր մարզիչ Արտաշես Նազարյանի հետ

 

Ռուբենը, ճիշտ է, Սովետական Միության մրցանակակիրն էր, բայց չէ՞ որ նեապոլյան ուղեգրի հանդեպ անտարբեր չէին նրա քաշային կարգն ունեցող մյուս ըմբիշները՝ 1952 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն Շազամ Սաֆինը, Սովետական Միության տասնմեկանգամյա չեմպիոն Լեոնիդ Եգորովը, Սովետական Միության երրորդ մրցանակակիր Վլադիմիր Ռոդինը և ուրիշներ։

Ռուբենի սպասելիքներր մեծ էին, նա վեցամսյա հավաքում անցկացված բոլոր ստուգողական գոտեմարտերում գեթ մեկ անգամ չէր տարվել, այնպես լրջությամբ էր նախապատրաստվել եզրափակիչին։ Բայց ի՞նչ իմանաս, անակնկալներ հաճախ են լինում, ավելին, մարզիչներն ու հավաքի ղեկավարները այնպես «դաժան էին» իրենց կարծիքներում ու այնպե՜ս «կամակոր»։ Այս խստությունը Ռուբենը ցավագին չէր ընկալում, ավելին, տրամադրում էր իրեն ախոյանի մի քանի գլխով բարձր լինելուն, որպեսզի ոչ մի պատճառ այլևս չխճճվի նրա ճամփին:

Կասկածի զգացողությունը զարմանալիորեն զուգադիպեց իրական փաստին։ Հավաքին մնացել էին հաշված օրեր, երբ թեթև քաշի ըմբիշների ընտանիքը մուտք գործեց Արամ Յալթրյանը։ Տղաներն այդպես էլ չիմացան նրա ուշացած հանդես գալը, բայց մի բան պարզ դարձավ, որ N 1 թեկնածուն Արամն է լինելու, այն ըմբիշը, որը 14 անգամ նվաճել է Սովետական Միության չեմպիոնի կոչումը, որ եթե մինչ այդ մեր երկիրը մասնակցած լիներ աշխարհի առաջնության մրցումներին, ապա Արամը 14 անգամն էլ կնվաճեր աշխարհի չեմպիոնի կոչումը։ Իսկապես, եզակի երևույթ էր սպորտի վաստակավոր վարպետը, պարտություն բառը ոչ մի անգամ չարտասանած Արամ Յալթրյանը։

Միակ «մխիթարանքը», որ աղոտ հույս էր ներշնչում, այն էր, որ Սովետական Միությունը առաջնությանը պետք է մասնակցեր երկու թիմով։

Այցի հենց առաջին օրվանից Արամը գորգի վրա սկսեց մտերմանալ Ռուբենի հետ։

— Ինչպե՜ս էր հետախուզում ինձ, — ասում է Ռուբենը,— անընդհատ «խնդիրներ» էր առաջարկում, թե ինչպես ես կգործեի այս կամ այն դրության ժամանակ, ինչպիսի հնարքներով դուրս կգայի այս կամ այն խիստ դժվարին վիճակից։ Ստվերի նման հետապնդում էր ինձ։

Ահա և վերջին ստուգողականը՝ պետական քննությունը։ Մարզիչների և ղեկավարների մի ամբողջ «բանակ» էր շրջափակել գորգը, որպեսզի վերջնականապես տար այն ըմբշի անունը, որը տաս օր հետո մեկնելու էր Նեապոլ Սովետական Միության մարզական պատիվը պահելու համար։

— Արամի և իմ գոտեմարտը պետք է որոշեր, թե մեր երկուսից ով էր ուղեգրի տեր դառնալու, — ասում է Ռուբենը։

…Երկու հայորդիների մենամարտը մասնագետներին հիացմունք էր պատճառում։ Հաղթելու համար Արամին ոչինչ չէր պակասում։ Նա ուներ և մեծ ուժ, և գոտեմարտելու բարձր տեխնիկա, հնարքների գանձարան ու անսպառ փորձ, ըմբշամարտի արվեստին տիրապետում էր այնպես, որ նրան համարում էին «պրոֆեսոր»։ Դժվար է նժարի բերելը, բայց և այնպես Ռուբենի կամքն ու համարձակությունը, գորգի վրա կողմնորոշվելն ու հակառակորդին պահ առաջ հասկանալը նրա զորեղ զենքերն էին։ Արամն էլ գիտեր, որ իր հետ գոտեմարտում է շատ երիտասարդ, բայց և այնպես կաղնու նման ամուր մրցակից։

Այդպիսի բուռն գոտեմարտ հավանաբար չէին վարել ոչ Արամը և ոչ էլ Ռուբենը։

Շատ ճարպիկ հնարք էր մտածել Արամը, և ներկաները արդեն պատրաստ էին նրա հակառակորդին տեսնել թիակների վրա։ Բա յց Ռուբենն ապացուցեց, որ ինքը կռահել է նրա թակարդր, որ իր զինանոցում ունի դրա «դեղամիջոցը»։ Ռուբենը վարպետորեն երեսնիվայր է բերում մրցակցին և մինչ իր երկաթե բազուկներում աքցանած հակառակորդին «կմատուցեր» նոր մտահղացումը, Արամը… ցավով ձայնեց։

Մարտը դադարեցվեց: Մարզիչները անմիջապես ասպարեզ մտան, իսկ Արամը ձեռքով պահելով վնասված թևը, ասաց, որ ի վիճակի չէ մարտը շարունակելու։ Վերջին խոսքը բժիշկն ասաց՝ Արամը երկար ժամանակ գոտեմարտելու իրավունք չունի։

…Նեապոլում մեր տղաները արդեն անհամբերությամբ էին սպասում մրցության սկզբին, երբ կապիտալիստական աշխարհը բողոքի հայտ ներկայացրեց։ Զգալով, որ Սովետական Միության երկու հավաքականներն էլ ի վիճակի են նվաճելու մրցանակային տեղերը, նրանք առարկեցին մեր երկու թիմով մասնակցելուն։

Դե ինչ արած, այդքանն էլ բավական էր։

— Ճիշտ է, մեզանից շատերը չգոտեմարտեցին «Գիմնազիում պալեստրաի» գորգի վրա, — ասում է Ռուբենը,— բայց բողոքի ճիչ բարձրացնողները մոռացել էին այն ճշմարտությունը, որ գոտեմարտից հրաժարվող կողմին միշտ էլ պարտություն է գրանցվում…

Միջազգային այդ մեծ գոտեմարտում մեր ըմբիշները հաղթանակ տարան 20 երկրների հավաքականների նկատմամբ, իսկ թիմի ութ մասնակիցներից Բորիս Գուրևիչը, Արտեմ Տերյանը, Գուրգեն Շատվորյանը և Գիվի Կարտոզիան օծվեցին չեմպիոններ։

Комментарии закрыты