Շիրակի կոխ: Հնարք 10: Կառչում ներսից

Հնարքի գործադրումը: Հնարքն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝ ա) հարձակվելով, ավարտում է ձախ ոտքով դեպի առաջ սկսած քայլը. բ) կքանստելով կամ առանց կքանստելու հակառակորդին ձգում է դեպի իրեն: Այդ դրությունները ստեղծելու լավագույն գործողություններն են՝ ա) կեղծ նահանջ, որը հակառակորդին հարձակման կմղի, բ) ձեռքերով հակառակորդին կտրուկ ձգում դեպի իրեն, որը նրան կհարկադրի դիմել պատասխան գործողությունների, այն է՝ մարմինը ետ թեքել, կքանստել և հարձակվողին ձգել դեպի իրեն:

Ելման դրությունը: Կանգնվածքը՝ հարձակվողը՝ աջով, հակառակորդը՝ ճակատային: Աջ ձեռքով բռնել հակառակորդի պարանոցը, ձախով՝ տարանուն ձեռքը:

Շիրակի կոխ: Հնար 10: Կառչում ներսից

Կատարումը: Իրանը կտրուկ թեքելով առաջ, հարձակվողը ձախ ոտքով անում է մեկ քայլ առաջ, ոտքը դնում է հակառակորդի ոտքերի միջև, ոտնածայրը մի փոքր ձախ դարձնելով կքանստում է նրա վրա, գլուխն անց է կացվում հակառակորդի աջ թևատակը ու ձախ ձեռքով դրսից բռնում նրա աջ ազդրի և ետևի կողմից՝ շալվարից: Միաժամանակ հարձակվողը իր աջ ոտքը անց է կացնում հակառակորդի ոտքերի միջև ու սրունքով ներսից կառչում նրա ձախ ոտքից: Այնուհետև ձախ ձեռքով հակառակորդի բռնած ոտքը դեպի ձախ՝ վերև բարձրացնելով, իսկ աջ ոտքով՝ նրա կառչած ոտքը դեպի վեր՝ աջ և հրելով նրան դեպի ետ՝ ցած, վայր է գցում և մեջքը սեղմում գորգին:

Վերջնական դրությունը: Հնարքը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա հարձակվողի առջև, իսկ վերջինս նրա վրա՝ ոտքերի կողմից:

Պաշտպանությունը՝ ա) ձեռքերով հենվելով հարձակվողի իրանին, կռանալ առաջ և, ետ ետ դնելով աջ ոտքը, թույլ չտալ բռնել այն, բ) եթե հակառակորդին հաջողվել է բռնել ոտքը, անհրաժեշտ է անհապաղ աջ կողքով կտրուկ դառնալ դեպի հարձակվողը և աջ ոտքը վարժակցի ոտքերի միջև անցկացնելով թույլ չտալ նրան կառչելու նրանից: Այդ ժամանակ անհրաժեշտ է աջ ոտքի երեսով հենվել հարձակվողի ոտքերին:

Հակահնարքները՝ ա) խփում դրսից՝ բռնելով հակառակորդի ձեռքերը, բ) խփում ներսից՝ բռնելով հակառակորդի ձեռքերը, գ) փաթաթում ներսից՝ բռնելով հակառակորդի ձեռքերն ու իրանը:

Комментарии закрыты