Շիրակի կոխ: Հնարք 11: Խփում թաթով

Հնարքի գործադրումը: Հնարքն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝ ա) ձախ ոտքի վրա ոստնելիս օդի մեջ է գտնվում, բ) պատրաստվել է ձախ ոտքի վրա վեր ցատկել: Այդ դրությունները ստեղծելու լավագույն գործողություններն են՝ ա) նահանջ, որը կդրդի հակառակորդին առաջ շարժվել՝ վեր ցատկելով ձախ ոտքի վրա, բ) հարձակում, որը կստիպի հակառակորդին նահանջել՝ վեր ցատկելով ձախ ոտքի վրա:

Ելման դրությունը: Կանգնվածքը՝ երկուսն էլ աջով: Ձախ ձեռքով բռնել հակառակորդի պարանոցը, աջով՝ տարանուն ձեռքը:

Շիրակի կոխ: Հնար 11: Խփում թաթով

Կատարումը: Իրանը կտրուկ թեքելով առաջ, հարձակվողը ձախ ոտքով կատարում է մեկ քայլ առաջ, կքանստում է նրա վրա, ձախ ձեռքով բռնում հակառակորդի տարանուն ծնկատակից՝ շալվարից և, աջ ոտքը մոտեցնելով ձախին, վարժակցի բռնած ոտքը բարձրացնում է մինչև իր գոտին: Հետո նա ձախ ոտքով կատարում է մեկ քայլ առաջ և մարմնի ծանրությունը տեղափոխում նույն ոտքի վրա, որից հետո հարձակվողը մեջքը կտրուկ ուղղելով և իրանը դարձնելով դեպի աջ՝ ուղղված աջ ոտքը դուրս է բերում դեպի ձախ՝ առաջ ու նրա ներբանով տակից խփում հակառակորդի ձախ սրունքին (առջևից), ապա նույն պահին ուժգին և կտրուկ շարժումով նա աջ ձեռքով հակառակորդին ձգում է ցած՝ աջ, իսկ ձախ ձեռքով՝ դեպի վեր՝ առաջ, նրան գետին է գցում և մեջքը սեղմում գորգին:

Վերջնական դրությունը: Հնարքը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա՝ հարձակվողից աջ (նրա ետևում), իսկ վերջինս կընկնի նրա մոտ՝ իր աջ կողքի վրա:

Պաշտպանությունը՝ ա) ձեռքերով հենվելով հարձակվողի իրանին, կռանալ առաջ և ետ դնելով աջ ոտքը, թույլ չտալ բռնել այն, բ) եթե հարձակվողին հաջողվել է բռնել վարժակցի ոտքը, անհրաժեշտ է անհապաղ դառնալ աջ կողքով դեպի հարձակվողը, աջ ոտքը անցկացնել նրա ոտքերի միջև, աջ ոտնաթաթի երեսը անընդհատ հենել հակառակորդի ոտքերին, թույլ չտալ նրան կառչել ոտքից:

Հակահնարքները՝ ա) խփում ներսից՝ բռնելով հակառակորդի ձեռքերը, բ) խփում դրսից՝ բռնելով հակառակորդի ձեռքերը:

Комментарии закрыты