Շիրակի կոխ: Հնարք 9: Շալակում ոտգցումով

Հնարքի գործադրումը: Հնարքն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝ ա) թեքում է իրանը առաջ և մարմնի ծանրությունը փոխադրում ոտնածայրերի վրա, բ) հարձակվելով, ավարտում է աջ ոտքով դեպի առաջ կատարվող քայլը:

Այդ դրությունները ստեղծելու համար լավագույն գործողությունները կլինեն՝ ա) կեղծ հրումներ, որոնք կստիպեն հակառակորդին որպես պատասխան գործողություն, մարմնի ծանրությունը փոխադրել երկու ոտնածայրերի վրա, բ) կեղծ նահանջ, որը առիթ կտա հակառակորդին անցնելու հարձակողական գործողությունների:

Ելման դրությունը: Կանգնվածքը՝ հարձակվողը՝ ճակատային, հակառակորդը՝ աջով: Աջ ձեռքով բռնել հակառակորդի պարանոցը, ձախով՝ տարանուն ձեռքը:

Շիրակի կոխ: Հնար 9: Շալակում ոտգցումով

Կատարումը: Աջ ոտքով կատարել մեկ քայլ առաջ և դնել հակառակորդի ձախ ոտքի մոտ ներսից, թեթև կքանստել նույն ոտքի վրա, աջ ձեռքով բռնել վարժակցի ազդրի հետևի մասից (շալվարից) ու ոտքը բարձրացնել վեր՝ աջ մինչև կոնքը, այնուհետև ձախ ոտքով կատարել մի քայլ ետ, մեջքով շրջվել դեպի հակառակորդը, միաժամանակ ծնկում ծալած աջ ոտքը կտրուկ շարժումով տանել վեր՝ առաջ և դնել հակառակորդի աջ ոտքի առաջ այնպես, որ իր ծնկատակը հպվի նրա աջ ծնկին, իսկ աջ ոտնածայրը նրա համանուն ոտնածայրի հետ մի ուղղության վրա լինի: Նույն պահին հարձակվողը կտրուկ և ուժեղ շարժումով հակառակորդին ձեռքերով ձգում է դեպի ցած՝ ձախ և իջեցնելով ձախ ծնկին, գետնում է նրան և նրա մեջքը սեղմում գորգին:

Վերջնական դրությունը: Հնարքը կատարելու դեպքում հակառակորդը կընկնի հարձակվողի ձախ ծնկի առաջ, իսկ վերջինս՝ նրա կրծքի վրա՝ կողքից:

Պաշտպանությունը՝ ա) պաշտպանվելու համար ձեռքերով պետք է հենվել հարձակվողի իրանին և ետ դնելով ձախ ոտքը՝ թույլ չտալ բռնել այն, բ) եթե հարձակվողին հաջողվել է բռնել ձախ ոտքը, ապա անհապաղ պետք է ձախ ոտնաթաթի երեսով հենվել նրա ոտքերին, գ) եթե դա էլ չի օգնում, ապա չպետք է հարձակվողին թույլ տալ դուրս բերել ոտքը դեպի աջ, մտցնելով այն նրա ոտքերի միջև և վեր բարձրացնելով հարձակվողի ձեռքը:

Հակահնարքները՝ ա) խփում դրսից՝ բռնելով հակառակորդի տարանուն ձեռքերից, բ) խփում ներսից՝ բռնելով հակառակորդի տարանուն ձեռքերից, գ) փաթաթում ներսից՝ բռնելով հակառակորդի տարանուն ձեռքերից, դ) խփում թաթով՝ բռնելով հակառակորդի տարանուն ձեռքերից:

Комментарии закрыты