Կոխի ուսումնա-դաստիարակչական պրոցեսի կազմակերպումն ու մեթոդիկան

Ֆիզիկական դաստիարակության մեջ ուսուցման կազմակերպման հիմնական ձևը համարվում է դասը (պարապմունքը)։ Պարապմունքները իրենց հերթին, նայած նրանց խնդիրներին և բովանդակությանը, ստորաբաժանվում են՝

ա) ուսումնական պարապմունքներ,
բ) ուսումնամարզական պարապմունքներ,
գ) մարզական պարապմունքներ,
դ) ստուգողական պարապմունքներ։

Ուսումնական տիպի պարապմունքների ընթացքում հիմնականում լուծվում են, ըմբշամարտի տեխնիկայի նախնական ուսուցման խնդիրները։ Նման պարապմունքները անց են կացվում ուսուցման սկզբնական շրջանում։

Ուսումնամարզական պարապմունքների ընթացքում զուգահեռաբար հիմնականում լուծվում են տեխնիկայի ու տակտիկայի ուսուցման, կատարելագործման, ամրապնդման ու մարզման խնդիրները։ Այս բնույթի պարապմունքները ուսուցման հիմնական մասն են կազմում։

Մարզական պարապմունքների նպատակն է կատարելագործել ընդհանուր ֆիզիկական, տեխնիկական, տակտիկական և բարոյակամային պատրաստականությունը, այդ ամենը զուգակցելով սպորտսմենին մրցումների պահանջներին նախապատրաստելու աշխատանքի հետ։

Ստուգողական պարապմունքների ժամանակ անց են կացվում ստուգողական, ընտրողական, փորձնական մրցումներ և հանդիպումներ, որոնց ընթացքում ստուգվում են որոշակի ժամանակամիջոցում տրված ուսուցման, ֆիզիկական պատրաստականության արդյունքները, առանձին ըմբիշների առաջադիմությունը և նրանց ֆիզիկական պատրաստականության բնագավառում եղած թերությունները։

Ֆիզիկական դաստիարակությունը և մասնավորապես կոխի պարապմունքը կառուցվում է այնպես, որ՝

ա) ըմբիշները կազմակերպվեն ու նախապատրաստվեն կատարելու պարապմունքի խնդիրները,
բ) կատարվեն պարապմունքի հիմնական խնդիրները.
գ) կազմակերպված ավարտվի պարապմունքը:

Տվյալ խնդիրներին համեմատ պարապմունքը պետք է բաղկացած լինի հետևյալ մասերից,

ա ) նախապատրատստական,
բ) հիմնական,
գ) եզրափակիչ։

Պետք է ասել, որ այս ստորաբաժանումը հարաբերական է, որովհետև պարապմունքը ինքնին մի ամբողջական մանկավարժական միջոցառում է, որը հարմարության համար բաժանվում է առանձին մասերի։ Դասի նախապատրաստական մասի խնդիրներն են՝ կենտրոնացնել պարապողների ուշադրությունը, չափավոր սահմաններում ամրապնդել օրգանիզմի հիմնական սիստեմները (արյան շրջանառությունը, շնչառությունը, ներվա-մկանային սիստեմը), չափավոր մշակել ֆիզիկապես ներդաշնակ զարգացած մարդուն անհրաժեշտ որակները (ուժը, ճկունությունը, արագությունը, տոկունությունը և այլն), նախապատրաստել օրգանիզմը դասի հիմնական մասի խնդիրները, վարժությունները և գործողությունները լավ լուծելու և յուրացնելու համար, մշակել պարապողների մեջ կարգապահության և կոլեկտիվ գործողություններ կատարելու ունակություններ։

Նախապատրաստական մասի հիմնական միջոցներն են շարային և կարգային վարժությունները, ուշադրությունը մշակող վարժությունները, քայլքի և վազքի տարբեր տեսակները, ընդհանուր զարգացնող վարժությունները, ըմբշամարտի առանձին գործողություններ նմանեցնող վարժությունները, խաղերը:

Պարապմունքի հիմնական մասում լուծում են ըմբիշին անհրաժեշտ ֆիզիկական հատկությունների, ունակությունների, գործողությունների և գիտելիքների մշակման ու կատարելագործման խնդիրները։

Հիմնական մասի խնդիրների լուծման միշոցներն են՝ կոխ-գոտեմարտի տեխնիկական և տակտիկական գործողությունները և ըմբիշի ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը մշակելու և բարձրացնելու նպատակով օգտագործվող սպորտի այլ տեսակների վարժությունները և գործողությունները:

Դասի եզրափակիչ մասի խնդիրներն են՝ հանգստացնել օրգանիզմը և հանրագումարի բերել պարապմունքի արդյունքները։

Այդ մասի հիմնական միջոցներն են՝ շարային վարժությունների տարրերը, դանդաղ քայլքը, հանգիստ խաղը, թուլացնող վարժությունները, պարապմունքի քննարկումը, հաջորդ պարապմունքների համար առաջադրանքները, հայտարարությունները։

Դասի տևողությունը րոպեներով

Դասի մասերը

Ուսումնական պարապմունք

Ուսումնամարզական պարապմունք

Մարզական պարապմունք

Ստուգողական պարապմունք

Նախապատրաստական 40 30 25 30*
Հիմնական 70 80 90 90
Եզրափակիչ 10 10 5 10
Ընդամենը 120 120 120 120
* Ստուգողական դասի ժամանակ նախամարզումը կատարվում է ինքնուրույն, կախված պարապմունքներից և ըմբիշի առանձնահատկություններից։

Պարապմունքի ժամանակի բաշխումը շաբլոն և քարաcած չէ, աjն կարող է 10-15 րոպեի սահմաններում փոփոխվել, նայած դասի բնույթին, նրա նպատակներին և պարապմունքի կոնկրետ պայմաններին։

Комментарии закрыты