Ըմբշամարտի դեսպանը. Ռուբեն, ես մեղավոր չեմ

Սերգեյ Հակոբյան, Ըմբշամարտի դեսպանը, Երևան, 1973թ.

 

Մերձմոսկովյան Վիշնյակի ավանում երկամսյա հավաքն արդեն ավարտվում էր, երկու օր էր մնացել մեկնելու համաշխարհային 12-րդ ուսանողական բուդապեշտյան ֆեստիվալին, երբ հավաքի ազատ ոճի մարզիչ Արտաշես Կարապետյանը Ռուբենին տեղյակ պահեց, որ մարզիչների որոշմամբ դասական ոճի հավաքականում թեթև քաշի ըմբիշներից «առաջին տախտակի վրա խաղալու է» Գրիգորի Գամառնիկը։

Ինչո՞ւ։

Այս հարցին պատասխանելու ժամանակ չկար։ Բայց Ռուբենը վրդովվելու պատճառ ուներ։ Ւնքը այդ քաշի Սովետական Միության չեմպիոնն էր, և հանկարծ, իր քաշային «հորիզոնականում» հանդես է գալու քաշը փոխա ծ մի այլ ըմբիշ: Ճիշտ է, Գամառնիկը ևս Միության չեմպիոն էր, բայց՝ կիսամիջին քաշում։ Դե Վլադիմիր Ռոսինը, որ երկրի երրորդ մրցանակակիրն էր, և էլի ուրիշ ըմբիշներ, աչք չէին դրել «առաջին տախտակին»։

Ռուբենը Մոսկվա գնալու իրավունք է խնդրում։ Երկու ժամ հետո նա ՍՍՀՄ Մինիստրների Սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համամիութենական կոմիտեի նախագահ Նիկոլայ Ռոմանովի աշխատասենյակում էր։

ruben-vardanyan-6

Ձախից աջ՝ Տիգրան Պետրոսյան, «Սովետսկի սպորտի» ներկայացուցիչը, Ռուբեն Վարդանյան

— Ես բողոքելու համար չեմ եկել և ոչ էլ մեծամտացել եմ, — ասում է Ռուբենը,—բայց մեր երկրի մարզական պատիվը պահելու համար, կարծում եմ, պետք է գնա ամենաուժեղը…

Լսում է նախագահը «շարքային զինվորին» ու, հավանաբար, զգալով մարզիչների նմանօրինակ որոշման ստվերոտ տրամաբանությունը, ասում է, որ երեկոյան ինքն անձամբ կլինի Վիշնյակի ավանում և կնշանակի ստուգողական գոտեմարտ։

… Վարդանյան — Գամառնիկ գոտեմարտում պարտվեցին այն… մարզիչները, որոնք, չգիտես ինչու, ընտրական սխալ էին թույլ տվել։ Ութ միավորի առավելությամբ Ռուբենը հաղթում է Գամառնիկին, իսկ Ռոսինն ընդհանրապես հրաժարվում է Ռուբենի հետ գոտեմարտելուց, ասելով, որ նա կարող է պայքարել Գամառնիկի հետ միայն երկրորդ տեղի համար։

… Չեպելյան գորգի վրա (12-րդ միջազգային ուսանողական խաղերը անցկացվեցին Հունգարիայի մայրաքաղաքում՝ Բուդապեշտում։ Ըմբշամարտի մրցումները տեղի ունեցան Չեպել քաղաքում) Ռուբենը լավ աշխատեց։ Նա մեկը մյուսի ետևից տարավ ռումինացի Հանցուին և ավստրիացի Ելասին։

Ռուբենը, որ արդեն մեծ ճանաչում ստացած ըմբիշ էր, փորձից գիտեր, որ «անսովոր» է լինելու իր երրորդ գոտեմարտը։ Հունգարացի Տարրը իր տանը պետք է ձգտի ամեն կերպ արդարացնել տեղացի ցավքաշների վստահությունը, հանդիսատեսի կրքերն այսպես թե այնպես մրցավարներին մեծ լարում են պատճառելու։ Այդ գոտեմարտի ամբողջ տեսանելին և անտեսանելին նկատի էր ունեցել Ռուբենը և դրա համար էլ նախապատրաստվել էր կատարյալ մարտականորեն։

Մարտավարելու գերազանց պատրաստականությունը ցուցադրելու համար շատ ժամանակ չպահանջվեց, Ռուբենը գոտեմարտի հենց առաջին րոպեներում գեղեցիկ հնարքով գետնեց Տարրին։ Բոլոր չորս դատավորներն էլ գրանցեցին Տարրի պարտությունը։

Դահլիճը գրոհած հանդիսատեսները շատ ծանր ընդունեցին իրենց հայրենակցի կայծակնային պարտությունը, ստեղծվեց մի այնպիսի իրադրություն, որ այլևս հնարավոր չէր մրցությունը շարունակել։

Միջամտության հարկ զգացվեց։ Սիրողական ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի պրեզիդենտ Ռոժի Կուլոն, որ միջոցառման գլխավոր մրցավարն էր, իր մոտ է հրավիրում մրցավարների քառյակին։ Այստեղ… կողմնային երկու դատավորները, որ ի դեպ տեղացիներ էին, հրաժարվում են իրենց «կարծիքից»։ Ի վերջո որոշվում է գոտեմարտը շարունակել։

Ռուբենն անմիջապես միավոր է շահում և այդ առավելությունը պահում մինչև մարտավերջը։ Մարտն ավարտված է, բայց մրցավարների ու… հանդիսատեսի վեճը շարունակվում է։ Նորից նյարդային «քաշքշուկ», գորգի մրցավարը և կողմնային մրցավարներից մեկը հաղթանակը տալիս են Ռուբենին, իսկ երկու տեղացիները՝ Տարրին։ Հանգիսատեսը իրեն լավ չի պահում։ Ի վերջո լսվում է կրքերը մարող հայտարարությունը՝ Վարդանյան — Տարր գոտեմարտի վերջնարդյունքը կհայտարարվի հաջորդ օրը։

Իրոք, վերջնարդյունքը հայտարարվեց մեկ օր հետո։ Բայց ի՞նչ, հաղթանակը տրված էր Տարրին։

Վերջին, չորրորդ գոտեմարտը տեղի պետք է ունենար լեհացի Կուչինսկու հետ։ Այդ հանդիպման ելքը այնքա՜ն կարևոր էր մեր թիմի համար։ Հաղթանակի դեպքում Ռուբենը դուրս էր դալիս անհատական երկրորդ տեղը, իսկ Սովետական Միության հավաքականը՝ առաջին։ Պարտության դեպքում Ռուբենը կմնար չորրորդ հորիզոնականում, իսկ Սովետական հավաքականը կմղվեր երկրորդ տեղ։

Դժվար է նկարագրելր, թե Ռուբենը ինչպես պայքարեց Կուչինսկու հետ։ Այնքանն էլ բավական է ասելը, որ ութ տարի հետո, 1962 թվականին, երբ միջազգային մրցման համար Լեհաստանի հավաքականը ժամանեց Երևան, ապա Կուչինսկին դեռևս ավտոբուսում իմանալով, որ ինքը գոտեմարտելու է Ռուբենի հետ, անմիջապես հրաժարական հայտարարեց։ Կուչինսկին նպատակահարմար է գտնում գոտեմարտել մեկ աստիճանով բարձր քաշային կարգ ունեցող մարզիկի հետ, անկախ այն բանից, թե ով կլինի այդ հայ ըմբիշը։

Չեպելյան իր վերջին մենամարտում Ռուբենը հաղթանակ բերեց մեր երկրի հավաքականին։

Երբ պարգևների հանձնման արարողության ժամանակ Ռուբենը բարձրացավ հաղթողների երկրորդ աստիճանին, ապա մեկ աստիճանով բարձր կանգնած Տարրը, սեղմելով Ռուբենի ձեռքը, ասաց.

— Ռուբեն, առաջին տեղը քոնն է, այլ ոչ թե իմը, ինչ անեմ, ես մեղավոր չեմ…

Комментарии закрыты